Սաղմոս 144 [143] - Խոնարհեցրու երկինքը և իջիր – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 144 [143] - Խոնարհեցրու երկինքը և իջիր

Այս սաղմոսում միմյանց են միացված բավականին տարբեր ձայներանգ ունեցող երկու տաղեր: Առաջինը պատշաճում է թագավորական արարողակարգին և լայնորեն օգտվում է 18րդ սաղմոսից, որը թագավորական հաղթանակների օրհներգն է: Երկրորդ մասում սաղմոսերգուն բարօրություն է մաղթում իր ժողովրդին: Սաղմոսի վերջնական խմբագրման դարաշրջանում միապետությունն այլևս չկար, ուստի թագավորական տաղերն իմաստի թեթև փոփոխմամբ գործածվում էին որպես մեսիական սպասման օրհներգ: Հին պատկերները ծառայում են միայն գունագեղելու համար հույսը մի մարդկության, որն ի վերջո լիացվել է Աստծո բերկրանքով:
 

 
Կցորդ.   Սա՛ է հաղթանակը, որ պարտության մատնեց աշխարհին. մեր հավատքը (1Հվհ 5, 4):
կամ.  
Մեր մղած պատերազմի զենքերը մարմնական չեն,
այլ՝ ամրություններ կործանելու իրենց զորությունն ունեն Աստծուց (2Կր 10, 4):
կամ.   Մեր պայքարը մարմնի և արյան դեմ չէ, այլ՝ չար ոգիների դեմ (հմմտ. Եփս 6, 12):
կամ.  
Զգեստավորվեցեք Աստծո զրահներով,
սատանայի նենգություններին դիմանալու համար (հմմտ. Եփս 6, 11):
կամ.  
Աստված նրանց աչքերից չորացնելու է ամեն արտասուք.
այլևս չի լինելու մահ, ո՛չ ողբ, ո՛չ վիշտ (հմմտ. Հյտ 21, 4):
կամ.  
Բարի պատերազմը մղեցի.
այժմ ինձ սպասում է արդարության պսակը (հմմտ. 2Տմ 4, 7-8):

 


 
1Դավթի:
 
Օրհնյալ է Տերը, վեմն իմ,
Նա իմ ձեռքերը վարժեցնում է պատերազմի,
իմ մատները՝ զենքի արվեստին:
 
2Նա է իմ սերը, իմ պաշտպանությունը,
իմ հենարանն ու իմ ազատարարը,
իմ վահանն ու իմ ապաստարանը.
Նա է, որ իմ ժողովրդին ենթարկում է ինձ:
 
3Ի՞նչ է մարդը, որ Դու ճանաչես նրան, Տեր,
մարդկային էակը, որ Դու նրան հոգաս.
4մարդն ա՛յլ ինչ չէ, եթե ոչ միայն՝ մի շունչ,
նրա օրերը նման են ստվերին, որ թեքվում է:
 
5Խոնարհեցրու երկինքը և իջիր, Տեր,
հպվիր լեռներին և իսկույն հրով կբռնկվեն.
6փայլակներդ արձակիր և ցիրուցան արա հակառակորդին,
նիզակներդ նետիր և ներշնչիր երկյուղ:
 
7Ի վերուստ դեպի ինձ պարզիր Քո ձեռքը,
խլիր ինձ ջրերի հորձանքից,
փրկիր ինձ կռապաշտների ձեռքից.
8նրանց բերանը դատարկ բաներ է խոսում,
կեղծիքի աջ է նրանց աջը:
 
***
 
9Ո՜վ Աստված, մի նոր երգ եմ Քո համար երգում,
Քո համար նվագում եմ տասնալարյան տավղով.
10Դու փրկությունը պարգևում ես Մեսիա Թագավորներին
և փրկում ես Քո ծառա Դավթին:
 
Ազատիր ինձ սրից, որ սպանում է,
11փրկիր ինձ կռապաշտների ձեռքից.
նրանց բերանը դատարկ բաներ է խոսում,
կեղծիքի աջ է նրանց աջը:
 
12Մեր որդիները թող նման լինեն ծառերին,
խնամված ու մշակված՝ իրենց երիտասարդությունից սկսած.
մեր դուստրերը թող նման լինեն սյուներին,
քանդակված՝ զարդարելու համար տաճարը:
 
13Եվ թող լիուլի լինեն մեր շտեմարանները,
ամեն տեսակի պտուղներով գերառատ.
հազարավոր և բյուրավոր թող լինեն մեր երամակները,
թող բազմանան մեր հովիտներում:
 
14Հզորները կենթարկվեն մեզ,
այլևս երբեք չեն լինի ներխուժում ու աքսոր,
այլևս երբեք՝ ողբ հրապարակներում.
15երանի՜ այն ժողովրդին, որն այսպես լիացած է,
երանի՜ այն ժողովրդին, որը որպես Աստված՝ Տիրոջն ունի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։