Սաղմոս 146 [145] - Տերն հավիտյան հավատարիմ է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 146 [145] - Տերն հավիտյան հավատարիմ է

Գովաբանության (Հալելի) վերջին սաղմոսները
 
Սաղմոսարանի բոլոր աղոթքներից ու գովաբանություններից հետո, ահա հասնում ենք նրա ավարտին, շքեղ պերճանքով զարդարված փակմանը: Արարչագործության բոլոր գործիքները, մարդկանց բոլոր ձայները մտնում են մաս կազմելու այս անծայրածիր երգչախմբին, եղանակելու համար համանվագ մեղեդին, որը սահմանված է անվախճան տևելու: Սա նախաճաշակն է ու նախերգանքը հավիտենական փառաբանությունների:
 

 
Այս սաղմոսը երկնքի և երկրի Արարիչ, հավատարիմ, արդար և ողորմած Աստծուն ուղղված օրհներգ է: Սաղմոսերգուն մտադիր է փառաբանել Աստծուն, բայց միաժամանակ կամենում է ուրիշների ևս հաղորդել աստվածայինի վերաբերյալ ունեցած իր անձնական փորձառությունը: Սրա համար է ընդգծում ողորմած Աստծո մոտիկությունը, որն օգնության է հասնում աղքատներին, ճնշվածներին և բոլոր նրանց, ովքեր Իր օգնության կարիքն ունեն: Սաղմոսերգուն երգում է այն, ինչը Մարգարեները խոստանում են (Ես 29, 18...; 49, 9; 61, 1) և որի կատարումն է հռչակում Հիսուսը (Ղկս 4, 16-21):
«Կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները բժշկվում են, խուլերը՝ լսում, մեռյալները հարություն են առնում, և աղքատներին քարոզվում է բարի լուրը» (Մտթ 11, 5). ահա՛ Աստծո թագավորությունը, որ գալիս է, սկիզբ տալով նոր ժամանակների. արդարության ժամանակներին:
Երբ Հիսուսը բացում է կույրի աչքերը (Մրկ 10, 46-52), բազմացնում է հացերը քաղցած բազմության համար (Մրկ 6, 35-44), պաշտպանում է ճնշվածներին (Ղկս 7, 36-50), ազատում է չարի ստրկությունից (Մրկ 5, 1-20), դիմակազերծում է չարասիրտների խարդախություններն ու կեղծավորությունները (Մտթ 21, 33-45; 22, 15-22; 23, 13-36), բայց հատկապես՝ երբ ներում է մեղքերը (Մրկ 2, 5), Հիսուսը մարդկանց սովորեցնում է, թե ո՛վ է Աստված և թե ինչում է կայանում Նրա անսպառելի ողորմությունը:
Այս սաղմոսի խոսքերը մեր աղոթքներում գործածելով, Աստծուց կխնդրենք մենք նույնպես այդպես վարվելու շնորհը:
 

 
Կցորդ.  
Եթե մենք անհավատարիմ ենք դառնում,
Հիսուս Քրիստոսը մնում է հավատարիմ (հմմտ. 2Տմ 2, 13):
կամ.  
Հիսուսն Իր խոսքով դուրս էր հանում ոգիներին
և բժշկում էր բոլոր հիվանդներին (հմմտ. Մտթ 8, 16):
կամ.  
Կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում,
բորոտները մաքրվում են, և խուլերը՝ լսում (Մտթ 11, 5):
կամ.  
Բարի լուրը ավետարանվում է աղքատներին,
և երանի՜ նրան, ով իմ պատճառով չի գայթակղվում (հմմտ. Մտթ 11, 5-6):
կամ.  
Եթե ես դևերին հանում եմ Աստծո մատով,
ուրեմն ձեր վրա հասել է Աստծո արքայությունը (Ղկս 11, 20):
կամ.   Այսօր կատարվեց այս Գրությունը, որը լսեցիք ձեր ականջներով (հմմտ. Ղկս 4, 21):
կամ.  
Աստված սուրբ Հոգիով օծեց Հիսուսին,
որն ընթացավ՝ բարիք գործելով և բժշկելով (հմմտ. Գրծ 10, 38):

 


 
1Ալելուիա:
 
Հոգի իմ, գովիր Տիրոջը,
2ուզում եմ գովել Տիրոջը կյանքիս ընթացքում,
գոյությանս ընթացքում՝ օրհնություններ երգել իմ Աստծուն:
 
3Մի՛ հուսացեք հզորներին,
մարդուն, որ չի կարող տալ փրկություն.
4նրա շունչը հեռանում է, նա վերադառնում է երկրին,
այդ օրը վերջանում են նրա ծրագրերը:
 
5Երանի՜ նրան, ով որպես օգնական ունի Հակոբի Աստծուն,
ով հուսացել է Տիրոջը՝ իր Աստծուն.
6Նա է ստեղծել երկինքն ու երկիրը,
ծովը և ամեն բան, որ գոյություն ունի նրանցում:
 
Նա հավատարիմ է մնում հավիտյան
7և արդարություն է անում ճնշվածներին.
Նա հաց է պարգևում քաղցածներին,
Տերն ազատում է բանտարկյալներին:
 
8Տերը բացում է կույրերի աչքերը,
Տերն ուղղում է կքվածների մեջքը.
Տերը սիրում է հավատացյալներին,
9Տերը պաշտպանում է պանդուխտներին:
 
Թիկունք է կանգնում որբին և այրիին,
բայց կորստյան է մատնում ամբարիշտների ճանապարհը.
10Տերը թագավորում է հավիտյան,
քո Աստվածը, Սիոն, հավիտյանս հավիտենից:
 
Ալելուիա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։