Սաղմոս 149 - Գովեցեք Տիրոջը հավատացյալների հավաքում – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 149 - Գովեցեք Տիրոջը հավատացյալների հավաքում

Հինկտակարանյան ժողովրդի հոգևոր առաջնորդները զենքերն իրենց ձեռքում վերակառուցեցին Երուսաղեմի պարիսպները (Նեեմ 4, 11), հուժկու դիմադրություն ցույց տվեցին Անտիոքոս Չորրորդ Եպիփանի սանձազերծած հալածանքին (տե՛ս Մակաբայեցիների Առաջին և Երկրորդ գրքերը): Նրանք գիտակից էին, որ պաշտպանում էին Աստծո իրավունքները, պաշտամունքի իրավունքը. սա՛ է նրանց փառքը: Մարգարեները նույնպես Իսրայելն անվանում էին Աստծո սուսերը և Նրա նետն ու աղեղը, որոնք ուղղված են պիղծ ու ամբարիշտ ուժերի հառաջխաղացման դեմ (Զքր 9, 13-16): Իսրայելի հոգևոր ժառանգությունը Հիսուս Քրիստոսով անցել է Իր Եկեղեցուն: Սաղմոսում հիշատակվող պատերազմական պատկերները դարձել են մարգարեական խորհրդապատկերները ա՛յլ հաղթանակների. այն հաղթանակների, որոնք Աստծո ընտրյալ ծառաները տոնում են և տոնելու են չարի ուժերի դեմ: Նման մեծ մարտնչումներ էր տեսնում Հովհաննես Առաքյալն իրեն տրված Հայտնությունում (Հյտ 12, 7-8):
 

 
Կցորդ.  
Դուք նստելու եք տասներկու գահերի վրա,
Իսրայելի տասներկու ցեղերին դատելու համար (Մտթ 19, 28):
կամ.  
Սրբերը դատելու են աշխարհը.
ձեր կողմից է, որ դատվելու է աշխարհը (հմմտ. 1Կր 6, 2):
կամ.  
Երկնչեք Աստծուց և փառք տվեք Նրան,
որովհետև հասել է Իր դատաստանի ժամը (Հյտ 14, 7):
կամ.   Խոսքը, որ արտասանեցի, դատելու է ձեզ վերջին օրը (հմմտ. Հվհ 12, 48):

 


 
1Ալելուիա:
 
Մի նոր երգ երգեցեք Տիրոջը,
գովեցեք Նրան հավատացյալների հավաքում.
2Իսրայելը թող ուրախանա իր Արարիչով,
Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով:
 
3Թող գովեն Նրա Անունը պարերով,
սաղմոսներ երգեն թմբուկներով ու քնարներով.
4որովհետև Տերը սիրում է Իր ժողովրդին,
փրկությամբ պսակում է խոնարհներին:
 
5Թող ցնծան հավատացյալները փառքի մեջ,
իրենց անկողիններից թող ելնեն ուրախությամբ.
6նրանց բերանին՝ Աստծո գովքը,
նրանց ձեռքերում՝ երկսայրի սուրը:
 
7Արդարություն են անելու հեթանոսների մեջ,
պատիժ են հասցնելու կռապաշտներին.
8շղթաներով կապելու են նրանց թագավորներին,
երկաթյա կապանքներով՝ նրանց մեծերին.
9կատարելու են արդեն գրված վճիռը,
սա՛ է բոլոր հավատացյալների փառքը:
 
Ալելուիա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։