Սաղմոս 150 - Ամեն շունչ թող գովի Տիրոջը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 150 - Ամեն շունչ թող գովի Տիրոջը

Տասներեք անգամ հնչում է ալելուիան. «Գովաբանեցեք Աստծուն, գովաբանեցեք ... »: Սաղմոսարանն ավարտվում է ամենահարուստ ու ամենազորեղ շեշտադրումներով: Երկրի վրա Աստծո գովաբանությունը պետք է հարատև լինի, հոգեպես միանալով երկնային փառաբանությանը: Ամբողջը կատարվում է Աստծո փառքի անսահմանության մեջ (Հյտ 15, 3-4; 19, 4-8): «Երկնքում, երկրի վրա և ծովում եղած բոլոր արարածները, ինչպես նաև դրանցում եղած ամեն ինչ, լսեցի, որ ասում էին. “Նրան, ով բազմում է գահին, և Գառանը գովք, պատիվ, փառք և զորություն, հավիտյանս հավիտենից: Ամեն”» (Հյտ 5, 13-14):
 

 
Կցորդ.  
Ամեն բան Նրանից է, Նրա շնորհիվ է և Նրա մեջ է:
Նրան փա՜ռք հավիտյանս: Ամեն (Հռմ 11, 36):
կամ.  
Աստծուն, որը միայն իմաստուն է,
Հիսուս Քրիստոսի միջոցով, փա՜ռք հավիտյանս (հմմտ. Հռմ 16, 27):
կամ.  
Աստծուն փա՜ռք եկեղեցում և ի Հիսուս Քրիստոս,
բոլոր սերունդների տևողության, հավիտյանս հավիտենից (հմմտ. Եփս 3, 21):
կամ.  
Բովանդակ սրտով երգեցեք Տիրոջը,
տևապես երախտագիտություն մատուցելով ամեն ինչի համար (հմմտ. Եփս 5, 19-20):
կամ.  
Աճեցեք Տեր Հիսուսի շնորհի և ճանաչողության մեջ:
Նրան փա՜ռք այժմ և հավիտենականության օրը (հմմտ. 2Պտ 3, 18):
կամ.  
Դու արժանի ես, Տեր և Աստված մեր,
ընդունելու փառք, պատիվ և զորություն (հմմտ. Հյտ 4, 11):
կամ.  
Նրան, ով բազմում է գահին, և Գառանը գովք,
պատիվ, փառք և զորություն (Հյտ 5, 13):
կամ.  
Գովեցեք մեր Աստծուն, դուք՝ Նրա բոլոր ծառաներ,
դուք, որ երկնչում եք Նրանից, փոքրեր և մեծեր (Հյտ 19, 5):

 


 
1Ալելուիա:
 
Գովեցեք Աստծուն Իր Սրբավայրում,
գովեցեք Նրան Իր զորության հաստատության մեջ.
2գովեցեք Նրան Իր հրաշքների համար,
գովեցեք Նրան Իր անսահման մեծության համար:
 
3Գովեցեք Նրան եղջյուրի հնչմամբ,
գովեցեք Նրան տավիղով և քնարով.
4գովեցեք Նրան թմբուկներով ու պարերով,
գովեցեք Նրան սրինգներով ու լարային գործիքներով:
 
5Գովեցեք Նրան քաղցրաձայն ծնծղաներով,
գովեցեք Նրան բարձրաձայն ծնծղաներով.
6ամեն շունչ թող գովի Տիրոջը:
 
Ալելուիա:
 
 
Վերջ Սաղմոսների Գրքի
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։