Սաղմոս 16 [15] - Մարմինս հանգստանում է հույսով – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 16 [15] - Մարմինս հանգստանում է հույսով

Այս սաղմոսը վստահության երգ է և հավատքի իրական դավանություն: Մարդկանց դիմաց, որոնք տրվել են կուռքերի պաշտամունքին, սաղմոսերգուն ապավինում է ճշմարիտ Աստծուն:
Այս «աղքատի»» խոսքերում, որն հաստատում է մահվան ապականությունից ազատվելու վստահությունը, Պետրոս և Պողոս Առաքյալները տեսնում են Հիսուսի հարության մարգարեական ավետումը (Գրծ 2, 24-28; 13, 25): Նա եղավ հնազանդ «Ծառան» և այդ իսկ պատճառով վերամբարձվեց Հոր աջ կողմը (Փլպ 2, 8-9): Եկեղեցու ավանդությունն այս սաղմոսն առաջարկում է որպես Ավագ Շաբաթ օրվա երեկոյան աղոթք: Մենք այն կարող ենք մերը դարձնել յուրաքանչյուր անգամ, երբ կամենում ենք արտահայտել Աստծո հետ մտերմության բերկրանքը, կամ երբ կամենում ենք վերահաստատել Աստծո հանդեպ մեր հավատարմությունն ընդմեջ աշխարհի և կյանքի փոթորիկների:
 
– «Միքթամ». անորոշ իմաստ ունեցող եզր: Ոմանք թարգմանում են «տաղ», «քերթվածք», ոմանք էլ առաջարկում են «մեղմաձայն» իմաստը:
 
 
Կցորդ.  
Աստված հարություն տվեց Հիսուսին,
արձակելով Նրան մահվան կապանքներից (հմմտ. Գրծ 2, 24):
կամ.  
Ով հավատում է ինձ, հավիտենական կյանքն ունի,
և ես վերջին օրը հարություն կտամ նրան (Հվհ 6, 40):
կամ.  
Ի՞նչ կապ կա Աստծո տաճարի և կուռքերի միջև:
Մենք ենք կենդանի Աստծո տաճարը (2Կր 6, 16):
կամ.  
Աստված Հիսուսի հարությամբ
վերածնեց մեզ կենդանի հույսին և անապական ժառանգությանը (հմմտ. 1Պտ 1, 3-4):

 


 

1Միքթամ: Դավթի:
 
Հսկիր իմ վրա, ո՜վ Աստված,
Քեզ ունեմ ինձ ապավեն.
2ասում եմ Տիրոջը. «Դու ես իմ Տերը,
Քեզնից բացի, ուրիշ բարիք չունեմ»:
 
3Սրբերի մեջ, որ փայլում են երկրի վրա,
ես գտնում եմ իմ սրտի բերկրանքը.
4թող ուզածի չափ բազմանան կեղծ կուռքերը,
նրանց ետևից թող վազեն ուրիշները.
ես արյան զոհ չեմ մատուցի նրանց,
շրթունքներովս չեմ կանչի նրանց անունները:
 
5Տեր, բաժին իմ, գավաթ իմ,
Քո ձեռքերում է իմ ճակատագիրը.
6ճակատագիրը, որ սպասում է ինձ, զմայլելի է,
բաժինը, որ ստանում եմ, հիանալի:
 
7Օրհնում եմ Տիրոջը, որ խրատում է ինձ,
գիշերով նույնպես կրթում է սիրտս.
8աչքերիս առջև միշտ ներկա եմ պահում Տիրոջը,
Նրան աջիս ունենալով, անհնարին է, որ սասանվեմ:
 
9Բերկրում է սիրտս և ներաշխարհս ցնծում,
մարմինս նույնպես հանգստանում է հույսով.
10կյանքս դժոխքում չես լքի,
ապականություն տեսնել չես տա Քո մտերիմին:
 
11Ցույց տվեցիր ինձ կյանքի արահետը.
հագենալու եմ դեմքիդ գեղեցկությամբ,
աջիդ քաղցրությամբ, որ փրկում է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։