Սաղմոս 17 [16] - Հագենալու եմ Դեմքիդ տեսությամբ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 17 [16] - Հագենալու եմ Դեմքիդ տեսությամբ

Ահա կրկին պատկերը ինքնագոհ, հղփացած ու անգութ մարդկանց: Եվ ահա կրկին տարաբախտը, որն ենթարկվում է նրանց հանիրավի մեղադրանքներին և Աստծուց խնդրում է, որ բացահայտ դարձնի իր անմեղությունը և պատժի իր չարամիտ թշնամիներին: Սաղմոսերգուի խոսքերից թվում է, որ նա իր հակառակորդների ձեռքում հոժարությամբ կթողնի երկրային բարիքները, միայն թե հասնի վայելելու Աստծո ներկայությունը. նրա խոսքերում թրթռում է հարության վառ հույսը:
 

 

Կցորդ.  
Այսպիսի քահանայապետի կարիքն ունեինք.
սուրբ, անմեղ, անբիծ (Եբր 7, 26):
կամ.  
Իր ծառաները տեսնելու են Իր դեմքը,
Իր անունը գրված է լինելու նրանց ճակատին (հմմտ. Հյտ 22, 4):

 


 

1Աղոթք: Դավթի:
 
Տեր, ունկն դիր արդարությանը,
լսիր աղաղակս, ուշադիր եղիր աղոթքիս,
շրթունքներս խաբեություն չեն խոսում.
2թող երեսիցդ բխի դատաստանս,
աչքերդ տեսնեն ուղղությունը:
 
3Խուզարկիր սիրտս, գիշերով այցելիր այն,
կրակով փորձիր, բայց չես գտնի ոչինչ.
մարդկային եղանակով գործելու թելադրանքները
4չեն հասել և ոչ իսկ իմ բերանին:
 
Քո շուրթերի խոսքերի համաձայն,
ես խուսափեցի բռնություն բանեցնողի ընթացքից.
5քայլերս Քո հետքերի վրա պահիր,
որպեսզի ոտքս չսասանվի:
 
6Դեպի Քեզ եմ աղաղակում, Աստված, պատասխանիր ինձ,
ականջ դիր, լսիր իմ խոսքերը.
7սերդ մի հրաշք դարձրու,
Դու, որ իրենց զավթիչներից փրկում ես նրանց,
ովքեր ապավինում են Քո աջին:
 
8Պահպանիր ինձ աչքի բիբի նման,
թևերիդ հովանու ներքո թաքցրու ինձ.
9չարագործների դիմաց, որ հարձակվում են վրաս,
անհագ թշնամիների, որ պաշարում են ինձ:
 
10Խցանվեցին իրենց ինքնագոհության մեջ,
նրանց բերանը խոսում է գոռոզությամբ.
11ահա նրանք, հետքերիս վրա, դարանակալում են,
աչքերը սևեռում են՝ կործանելու համար ինձ.
12լափելուն անհամբեր առյուծի նման,
կորյունի, որ դարանակալ սպասում է:
 
13Ոտքի ել, Տեր, մենամարտի բռնվիր, գետին նետիր նրան,
սուրդ թող ազատի ինձ չարագործից.
14ձեռքդ թող բացառի նրանց մարդկությունից,
մարդկությունից ու աշխարհից, Տեր:
 
Նրանց բաժինն ամբողջովին այս կյանքում լինի,
ցասումովդ հագեցրու նրանց որովայնը.
այսպես հագենան նաև իրենց որդիները,
դեռ ավելանա իրենց զավակների համար.
15ես, մինչդեռ, արդարությանդ շնորհիվ կտեսնեմ դեմքդ,
վերազարթոնքին՝ կհագենամ դեմքիդ տեսությամբ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։