Սաղմոս 18.1 - Դեպի ինձ երկարում է Իր ձեռքը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 18.1 - Դեպի ինձ երկարում է Իր ձեռքը

Կցորդ.  
Մենք հոգնում և պայքարում ենք,
որովհետև մեր հույսը կենդանի Աստծո վրա է (1Տմ 4, 10):
կամ.  
Շատերը կգան արևելքից ու արևմուտքից
և ընթրիքի կնստեն երկնքի արքայությունում (հմմտ. Մտթ 8, 11):
 

 
2Ես սիրում եմ Քեզ, Տեր, զորություն իմ,
3Տեր, վեմ իմ, պաշտպանություն իմ, ազատարար իմ,
Աստված իմ, ժայռ, որի վրա եմ ապավինում,
վահան իմ, փրկության իմ ուժ, հենարան իմ.
4բացականչեցի. «Օրհնյալ է Տերը»,
բոլոր թշնամիներիցս փրկվեցի:
 
5Մահվան ցանցերը պաշարում էին ինձ,
քշում տանում էին ինձ կատաղի հորձանքները.
6դժոխքի շղթաները պատում էին ինձ,
մահվան ցանցերի որսն էի դարձել:
 
7Տրտմությանս մեջ կանչեցի. «Տե՜ր»,
աղաղակեցի իմ Աստծուն.
Իր օթևանից լսեց իմ ձայնը,
Իր ականջներին հասավ իմ աղաղակը:
 
***
 
8Երկիրը խռովվում է ու դողում,
սասանվում են լեռների հիմքերը,
ցնցվում են, որովհետև Նա զայրացել է.
9բարկության ծուխ է դուրս գալիս,
Նրա բերանից՝ սպառող կրակ,
Նրա չորսկողմը՝ հրաշեկ ածուխ:
 
10Խոնարհում է երկինքը և իջնում,
Նրա ոտքերի ներքո՝ խավար ամպեր.
11հեծնում է քերովբեին ու սլանում,
սավառնում է քամու թևերի վրա:
 
12Խավարն Իր համար քող է դարձնում,
մթին ջրերն ու խիտ ամպերը՝ վրան.
13Նրա փայլատակման առաջ ամպերը ցրվում են
կարկուտով և կրակի կայծերով:
14Բարձրյալը որոտում է և առաքում Իր ձայնը.
կարկուտ և կրակի կայծեր:
 
15Տերը նետեր է արձակում և ցրում է նրանց,
սարսափահար են կայծակների շաչյունից.
16բացվում է ծովերի հատակը,
երևում են աշխարհի հիմքերը
Քո սպառնացող ձայնի դիմաց, Տեր,
զայրույթիդ քամու փչման դիմաց:
 
17Վերևից դեպի ինձ երկարում է Իր ձեռքը և բռնում ինձ,
բարձրացնում է ինձ ջրերի հորձանքից.
18ազատում է ինձ իմ հզոր թշնամուց,
ինձնից ավելի ուժեղ հակառակորդներից:
 
19Սպասում էին կործանմանս օրը,
բայց Տերը իմ օգնականն էր.
20դուրս բերեց ինձ ազատ տարածքներ,
ազատեց, որովհետև սիրում է ինձ:
 
***
 
21Տերն ինձ վարձատրում է ըստ իմ արդարության,
հատուցում է ինձ ձեռքերիս անմեղության համաձայն.
22պահպանեցի Տիրոջ ճանապարհները,
չարագործ ես չեղա, իմ Աստծուց հեռու:
 
23Նրա որոշումները բոլորն էլ իմ առջևն են,
ինձնից չեմ վանում Նրա հրամանները.
24անբիծ եմ ես Նրա համար,
արթուն հսկում եմ, մեղքից հեռու.
25Տերն ինձ վարձատրում է ըստ իմ արդարության,
դեպի Ինքն ուղղված ձեռքերիս անմեղության համաձայն:
 
26Դու հավատարիմ ես նրա հետ, ով հավատարիմ է,
անստգտանելի մարդու հետ՝ անստգտանելի.
27անկեղծ ես նրա հետ, ով անկեղծ է,
չարասերի հետ Դու խորամանկ ես.
28Դու փրկում ես խոնարհ ժողովրդին,
բայց խոնարհեցնում ես մեծամիտների աչքերը:
 
29Տեր, Դու լույս ես իմ ճրագին,
իմ Աստվածը լուսավորում է իմ խավարը.
30Քո հետ՝ նետվում եմ բազմությունների դեմ,
իմ Աստծո հետ՝ հաղթահարում եմ պարիսպները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։