Սաղմոս 18.2 - Խոնարհվելով՝ Դու ինձ բարձրացնում ես – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 18.2 - Խոնարհվելով՝ Դու ինձ բարձրացնում ես

Կցորդ.  
Աստված Դավթի՝ Իր ծառայի տանը
փրկության մի ուժ հարուցեց մեր համար (հմմտ. Ղկս 1, 69):
կամ.  
Ստացել ենք առաքելական պարգևը,
բոլոր հեթանոսներին հավատքի հնազանդության կանչելու համար (հմմտ. Հռմ 1, 5):
կամ.  
Զգեստավորվեցեք Աստծո զրահներով,
որպեսզի կարողանաք դիմադրել սատանայի խաբեություններին (հմմտ. Եփս 6, 11):

 


 
31Անբիծ է Աստծո ճանապարհը,
փորձված է Տիրոջ խոստումը.
Նա վահանն է նրա, ով ապավինում է Իրեն:
 
32Ո՞վ է Աստված, Տիրոջից բացի,
ո՞վ է ամրության խարիսխ, մեր Աստծուց բացի.
33Աստված է, որ գոտեպնդում է ինձ ուժով,
անբիծ է դարձնում իմ ճանապարհը:
34Եղջերուի ճարպկությամբ է ինձ ընթանալ տալիս,
բարձունքների վրա հաստատում է ինձ ապահով.
35ձեռքերս պատերազմի է վարժեցնում,
բազուկներս՝ պղնձե աղեղ լարելու:
 
***
 
36Դու տալիս ես ինձ փրկության Քո վահանը,
Քո աջով՝ հենարան ես ինձ.
խոնարհվելով՝ Դու ինձ բարձրացնում ես:
 
37Հարթում ես ճանապարհը քայլերիս ներքո,
կրունկներս վստահ են շարժվում.
38հետապնդում եմ թշնամիներիս և հասնում եմ նրանց,
ետ չեմ վերադառնում՝ առանց նրանց ոչնչացնելու.
39հարվածում եմ նրանց, այլևս չեն կարող ոտքի կանգնել
և ընկնում են ոտքերիս ներքո:
 
40Դու զգեստավորում ես ինձ զորությամբ՝ պայքարի համար,
իմ առջև կորացնում ես հարձակվողներին.
41թշնամիներիս ծոծրակն ես ինձ տեսնել տալիս,
ես ոչնչացնում եմ իմ հակառակորդներին:
 
42Նրանք կանչում են, բայց փրկիչ չկա,
Տերը նրանց պատասխան չի տալիս.
43նրանց փոշու նման ցրում եմ հողմին,
փողոցների ցեխի նման կոխկրտում եմ նրանց:
 
44Դու ազատում ես ինձ իմ ապստամբ ժողովրդից,
կարգում ես գլուխ հեթանոսների.
մի ժողովուրդ, որին չէի ճանաչում, ծառայում է ինձ:
 
45Ձայնս լսելիս՝ իսկույն հնազանդվում են,
այս օտարերկրացիները ենթարկվում են ինձ.
46երկյուղով լի օտարերկրացիներ,
ահա՛ նրանք, դուրս են գալիս իրենց թաքստոցներից:
 
***
 
47Կեցցե՛ Տերը, օրհնյալ է իմ վեմը,
թող հաղթանակի փրկությանս Աստվածը.
48Աստված, որ առնում է իմ վրեժը,
ժողովուրդներին ենթարկում է իմ իշխանությանը:
 
49Դու փրկում ես ինձ կատաղի թշնամիներից,
ինձ հաղթանակ ես շնորհում ընդդեմ հակառակորդներիս,
բռնություն սիրող մարդուց ազատում ես ինձ:
50Սրա համար գոհություն եմ մատուցում Քեզ հեթանոսների մեջ:
 
Օրհնություններ եմ երգում Քո Անվանը, Տեր,
51որովհետև ավելացնում ես փրկությունը Քո Թագավորին.
Մեսիային պարգևում ես Քո սերը,
Դավթին և նրա սերնդին ընդմիշտ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։