Սաղմոս 19.2 - Օրենքն իմաստուն է դարձնում պարզամիտներին – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 19.2 - Օրենքն իմաստուն է դարձնում պարզամիտներին

Կցորդ.   Ես գիտեմ, որ Հոր պատվիրանը հավիտենական կյանք է (հմմտ. Հվհ 12, 50):
կամ.   Օրենքը Հոգու, որ կյանք է տալիս, ազատեց քեզ մեղքի օրենքից (հմմտ. Հռմ 8, 2):
կամ.   Այս բաները թաքցրեցիր իմաստուններից և հայտնեցիր մանուկներին (հմմտ. Մտթ 11, 25):
 

 
8Տիրոջ օրենքն անբիծ է,
դարձի է բերում հոգիները.
Տիրոջ ուսուցումները ճշմարիտ են,
իմաստուն են դարձնում պարզամիտներին:
 
9Տիրոջ պատվիրաններն ուղիղ են,
ուրախացնում են սիրտը.
Տիրոջ կամքը լուսավոր է,
մաքրություն է տալիս հայացքին:
 
10Տիրոջ երկյուղը սուրբ է,
տևում է ընդմիշտ.
Տիրոջ վճիռները ճշմարտություն են,
արդար լիովին:
 
11Փափաքելի են առավել, քան ոսկին,
քան բազում մաքուր ոսկին.
մեղրից էլ ավելի քաղցր են,
մեղրի ծորացող խորսխից ավելի:
 
12Ծառադ նրանցով լուսավորված է,
վարձատրված՝ նրանց գործադրումով.
13բայց ո՞վ կարող է հստակ տեսնել ակամա հանցանքները.
ծածուկ մեղքերիցս, որոնք չեմ տեսնում, արձակիր ինձ:
 
14Ծառայիդ փրկիր հպարտության մեղքից,
թող չիշխի ինձնում.
հայնժամ անմեղ կլինեմ,
մեծ մեղքից՝ մաքուր:
 
15Թող Քեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը,
Քո առաջ՝ սրտիս մտածումները.
Տե՜ր, իմ վեմ և իմ փրկիչ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։