Սաղմոս 20 [19] - Տերը փրկում է Իր Մեսիային – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 20 [19] - Տերը փրկում է Իր Մեսիային

Թագադրման օրը, ինչպես նաև պատերազմների բռնկման պահին (2Մն 20, 6), Իսրայելն աղոթում էր իր թագավորի համար. մի՞թե նա Տիրոջ օծյալը չէ և Աստծո ժողովրդի գլուխը Հակոբի ժամանակվանից ի վեր: Այս սաղմոսի եղանակումը սկսում էր երգչախումբը (2-6), որին պատասխանում էր մեներգիչը (7), ապա բոլորը միասին հաստատում էին, որ Իսրայելն իր հույսը չի դրել զենքերի ուժի վրա, ինչպես վարվում են հարևան հեթանոսները, այլ միմիայն Աստծո, որն է միակ Փրկիչը:
Դժվար չէ տեսնել այս սաղմոսի խոսքերի մարգարեական կապը Եկեղեցու հետ, որը Նոր Իսրայելն է և այս մաղթանքի խոսքերն ուղղում է Աստծո կողմից իրեն առաքված Փրկչին, Հիսուս Քրիստոսին:
 

 
Կցորդ.  
Եվ երկնքից մի ձայն եկավ.
«Նրան փառավորեցի, և կրկին փառավորելու եմ Նրան» (Հվհ 12, 28):
կամ.  
Երկնքի տակ ուրիշ անուն չկա, Հիսուսից բացի,
որի շնորհիվ մարդիկ կարող են փրկվել (Գրծ 4, 12):
կամ.   Ով կկանչի Տիրոջ Անունը, Տիրոջ կողմից էլ կփրկվի (հմմտ. Գրծ 2, 21):
կամ.  
Մեր փառքը Հիսուս Քրիստոսի մեջ է.
մենք չենք վստահում մարմնին (հմմտ. Փլպ 3, 3):
կամ.  
Ձեր հավատքը թող հիմնված չլինի մարդկային իմաստության,
այլ՝ Աստծո զորության վրա (հմմտ. 1Կր 2, 5):
կամ.   Աստված Տեր և Քրիստոս կարգեց այն Հիսուսին, որին դուք խաչեցիք (Գրծ 2, 36):
կամ.  
Օրհնությո՜ւն Դավթի Որդուն:
Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ Անունով (Մտթ 21, 9):
 
1Երգչախմբի ղեկավարի համար: Սաղմոս: Դավթի:
 
2Տրտմության օրը թող լսի քեզ Տերը,
թող քեզ պաշտպանի Հակոբի Աստծո Անունը.
3թող քեզ օգնություն ուղարկի Իր Սրբավայրից,
Սիոնից քեզ թիկունք կանգնի:
 
4Թող Նա հիշի քո բոլոր ընծաները,
մատուցածդ զոհը Նրան հաճելի լինի.
5թող շնորհի քեզ սրտիդ համաձայն,
իրենց ավարտին հասցնի քո բոլոր ծրագրերը:
 
6Մենք ցնծալու ենք քո հաղթանակի համար,
մեծարելով մեր Աստծո Անունը.
թող Տերն ամբողջովին իրագործի
քո բոլոր խնդրանքները:
 
7Այժմ ես գիտեմ, որ Տերը
փրկությունը տալու է Իր Մեսիային.
պատասխանելու է նրան Իր Սրբության երկնքից,
Իր աջի զորությամբ, որ փրկում է:
 
8Ոմանք իրենց հույսը դնում են ռազմակառքերի, ուրիշներ՝ ձիերի վրա,
մենք կանչում ենք Տիրոջ՝ մեր Աստծո Անունը.
9նրանք կքվում են և ընկնում,
մենք ոտքի ենք մնում և հաստատուն ենք:
 
10Տե՜ր, փրկի՛ր: Մեզ կպատասխանի Մեսիա Թագավորը,
այն օրը, երբ մենք կդիմենք Իրեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։