Սաղմոս 21 [20] - Տիրոջն է վստահում Մեսիա Թագավորը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 21 [20] - Տիրոջն է վստահում Մեսիա Թագավորը

Այս սաղմոսը բարեմաղթական տաղերգ էր թագավորի գահակալության տարեդարձի կապակցությամբ: Այդ օրը թագավորը ներկայացվում էր որպես մեկը, որ մասնակցում է Աստծո առանձնաշնորհություններին. հեղինակություն, հավիտենական թագավորություն և վսեմափառություն, որովհետև Տերն օրհնել է նրան և նրան է վստահել Իր ժողովրդին թշնամիներից փրկելու հանձնարարությունը: Իսրայելի պատմությունը մեկից ավելի անգամներ ցույց է տվել, որ անցյալում սխալ է հասկացվել այդ կատարյալ միապետի խորհրդապատկերը: Եկեղեցին, մինչդեռ, այս սաղմոսի խոսքերում միշտ տեսել է մարգարեական նկարագրումը Հիսուս Քրիստոսի, որն Աստծո ժողովրդի Փրկիչն է ու Թագավորը. Նրանում է ավանդված աստվածային օրհնությունն ամբողջ աշխարհի համար:
 

 
Կցորդ.   Քրիստոս Ինքն է ամեն ինչի վրա հավիտյանս օրհնյալ Աստված (հմմտ. Հռմ 9, 5):
կամ.   Աստված օրհնեց մեզ երկնքում հոգևոր բոլոր օրհնություններով ի Քրիստոս (հմմտ. Եփս 1, 3):
կամ.   Աստված մեզ տվեց հավիտենական կյանքը և այդ կյանքն Իր Որդու մեջ է (1Հվհ 5, 11):
կամ.  
Աստված հարություն տվեց Իր ծառա Հիսուսին
և առաքեց Նրան ձեզ բերելու օրհնությունը (հմմտ. Գրծ 3, 26):
կամ.  
Տերն Իր բերանի շնչով կործանելու է ամբարիշտներին,
նրանց ոչնչացնելու է Իր գալստյան հայտնությանը (հմմտ. 2Թղ 2, 8):
կամ.   Տեսա մեկին՝ մարդու Որդու նման. իր գլխին ուներ ոսկե մի թագ (հմմտ. Հյտ 14, 14):
 

 
1Երգչախմբի ղեկավարի համար: Սաղմոս: Դավթի:
 
2Տեր, Քո զորությամբ ուրախանում է Մեսիա Թագավորը,
Քո պարգևած փրկությամբ՝ ցնծում է հույժ.
3լսեցիր իր սրտի փափաքը,
չմերժեցիր իր շրթունքների խնդրանքը:
 
4Դու կանխավ ընդառաջ ես ելնում նրան առատ օրհնություններով,
նրա գլխին դնում ես մաքուր ոսկուց պատրաստված թագ.
5կյանքը, որ խնդրեց Քեզնից, Դու տվեցիր նրան,
օրերով երկար, հավետ, անվախճան:
 
6Պարգևածդ փրկությամբ՝ մեծ է նրա փառքը,
Դու զգեստավորում ես նրան փառքով ու մեծվայելչությամբ.
7նրան օրհնություն ես դարձնում հավետ,
երեսիդ առաջ լիացնում ես նրան ուրախությամբ:
 
8Տիրոջն է վստահում Մեսիա Թագավորը,
չի սասանվի Բարձրյալի շնորհի օգնությամբ:
9Ձեռքդ հասնելու է թշնամիներիդ,
աջդ հասնելու է Քեզ ատողներին.
10նրանց դնելու ես բոցավառ հնոցի մեջ
երեսիդ հայտնության օրը:
 
Զայրույթիդ մեջ, Տեր, կսպառես նրանց,
մի լափող կրակ կսպառի նրանց.
11նրանց պտուղը կանհետացնես երկրի երեսից,
նրանց սերմը՝ մարդկանց որդիների միջից:
12Եթե չարիք նյութեն Քո դեմ,
եթե դավադրեն, հաջողություն չեն գտնի.
13որովհետև նրանց փախուստի կմատնես,
նրանց դեմ կուղղես աղեղդ:
 
14Ոտքի կանգնիր, Տեր, ամբողջ ուժովդ.
մենք օրհնություններ ենք երգում Քո զորությանը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։