Սաղմոս 22 [21] - Էլի՜, Էլի՜, լեմա՛ սաբաքթա՛նի – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 22 [21] - Էլի՜, Էլի՜, լեմա՛ սաբաքթա՛նի

Այս տպավորիչ սաղմոսն արտահայտում է բավականին տարբեր զգացումներ: Ամենատագնապալի տառապանքից սաղմոսերգուն հասնում է ամենաբուռն բերկրանքին, շնորհիվ անսասանելի վստահության հաստատումների:
Սաղմոսի առաջին մասը շնչասպառ աղերսանքն է մի մարդու, որը տառապում է և Աստծո առաջ ներկայացնում է իր ողբն ու բողոքը, որովհետև Աստված չի պատասխանում իր աղոթքներին: Աստծո լռությանը, մինչդեռ, եղերականորեն հակադրվում են թշնամիների հեգնական խոսքերը, որոնք ծաղրում են նրա հույսը:
Երկրորդ մասը երախտագիտության երգ է, որը սաղմոսերգուն եղանակում է լսված լինելու վստահությամբ. երկրի բոլոր ժողովուրդներն իմանալու են, որ Տերը փրկել է այս աղքատին, և դարձի են գալու. ճանաչելու են, որ Աստված տիեզերքի թագավորն է և սերնդե սերունդ ավանդելու են այդ արտակարգ իրադարձության հիշատակը:
Սաղմոսին մաս կազմող տարրերից շատերը մտածել են տալիս Յահվեի Ծառայի մասին, ըստ Եսայի Մարգարեի կողմից տրված նկարագրության (Ես 52, 13 - 53, 12):
Գտնվում ենք մի աղոթքի դիմաց, որը բխում է Հայտնության լույսի ներքո ապրված խորը տառապանքի իրավիճակից: Հիսուսը խաչի վրա աղոթեց գործածելով այս սաղմոսի խոսքերը, այն բանից հետո, ինչ զինվորները միմյանց միջև բաժանեցին Իր զգեստները և հրեաների իշխանավորները ծաղրեցին Իրեն (Մտթ 27, 46; Մրկ 15, 34): Այն, ինչն այս սաղմոսը նկարագրում է, տառացիորեն իրականացել է: Քրիստոսն Աստծո կողմից լքված լինելու փորձառությունն ունեցավ: Բայց Աստված լսեց Նրան և Նրան հարություն տվեց մեռյալներից:
Երբ մեր աղոթքներում կրկնելու կլինենք այս սաղմոսի խոսքերը, մեր աչքերի առջև կունենանք Եսայի Մարգարեի խոսքերը, որոնք վերաբերվում են Յահվեի Ծառային, և Հիսուսի չարչարանքներին վերաբերվող ավետարանական չորս հատվածները: Կմիանանք մարդկանց, որոնք տառապում են, և Աստծուց կխնդրենք, որ բոլորի համար շուտով գա հավիտենական բերկրանքն ու երանությունը:
 

 
Կցորդ.   Հիսուս Քրիստոսը խոնարհեցրեց իր անձը, հնազանդվելով մինչ ի մահ (հմմտ. Փլպ 2, 8):
կամ.   Հայր, փառավորիր Որդուդ, որպեսզի Որդին փառավորի Քեզ (Հվհ 17, 1):
կամ.   Գրված է, որ Քրիստոսը պետք է չարչարվի և երրորդ օրը հարություն առնի (Ղկս 24, 46):
կամ.  
Մահվան պատճառով, որ կրեց, Հիսուսը պսակված է փառքով ու պատվով (հմմտ. Եբր 2, 9):
կամ.  
Ահա գալիս է ամպերի վրայով և նրան տեսնելու են նաև նրանք, ովքեր խոցեցին նրան (հմմտ. Հյտ 1, 7):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: «Արշալույսի եղնիկ»ի վրա:
Սաղմոս: Դավթի:
 
2Աստված իմ, Աստված իմ,
ինչո՞ւ լքեցիր ինձ:
Դու հեռու ես մնում իմ փրկությունից,
ողբաձայն աղաղակիս խոսքերից.
3Աստված իմ, ցերեկով կանչում եմ և չես պատասխանում,
գիշերն էլ իմ համար հանգիստ չկա:
 
4Եվ սակայն, Դու ես Սուրբը,
և նախագահում ես Իսրայելի օրհնություններին.
5Քեզ հուսացին մեր հայրերը,
հուսացին և Դու փրկեցիր նրանց,
6դեպի Քեզ աղաղակեցին և փրկվեցին,
Քեզ վստահելով՝ չմնացին հուսախաբ:
 
7Ինչ վերաբերվում է ինձ, մարդ չեմ, այլ՝ որդ,
ժողովրդից արհամարհված մարդկային նախատինք,
8ով տեսնում է ինձ, ծաղրում է,
կծում է շրթունքները, շարժում է գլուխը.
9«Հուսաց Տիրոջը, թող Տերն էլ ազատի,
թող փրկի, եթե այդքան սիրում է դրան»:
 
10Դու ես, որ հանեցիր ինձ արգանդից,
հանգիստ շնորհեցիր մորս կրծքի վրա.
11հազիվ ծնված՝ Քեզ եմ հանձնվել,
մորս արգանդից՝ Դու ես իմ Աստվածը:
 
***
 
12Հեռու մի՛ մնա ինձնից, տառապանքը մոտ է,
չկա մեկը, որ օգնի ինձ.
13ցուլերի երամակներ շրջապատում են ինձ,
պաշարում են ինձ Բասանի անսանձելիները.
14իմ դեմ բացում են իրենց երախները,
առյուծի նման, որ հոշոտում է ու մռնչում:
 
15Հեղված ջրի նման եմ ես,
միմյանցից անջատվեցին բոլոր ոսկորներս,
սիրտս հալված մոմի նման է որովայնիս ներսում.
16կոկորդս չորացավ խեցու նման,
լեզուս քիմքիս է կպել.
Դու մահվան փոշու ես վերածում ինձ:
 
17Ահա, շների մի ոհմակ շրջապատում է ինձ,
առյուծի նման պաշարում է ինձ չարագործների մի խումբ.
ձեռքերս ու ոտքերս խոցեցին,
18կարող եմ հաշվել իմ բոլոր ոսկորները:
 
Նրանք դիտում են ինձ ու զննում,
19միմյանց միջև բաժանում են հագուստներս,
իսկ պատմուճանիս վրա վիճակ են գցում:
 
20Բայց Դու, Տեր, մի՛ մնա հեռու,
զորություն իմ, շուտով հասիր ինձ օգնության.
 
21պահիր անձս սրից,
կյանքս՝ շան ճիրաններից.
22փրկիր ինձ առյուծի երախից,
գազազած ցուլերի եղջյուրներից:
 
***
 
Դու պատասխանեցիր ինձ.
23Անունդ ավետարանելու եմ եղբայրներիս,
հավաքներում օրհնաբանելու եմ Քեզ:
 
24Օրհնեցեք Տիրոջը, Նրա երկյուղածներ,
փառավորեցեք Նրան, Հակոբի ժառանգներ,
երկնչեք Նրանից, Իսրայելի որդիներ:
 
25Որովհետև Նա չանարգեց,
ո՛չ էլ արհամարհեց խոնարհի նվաստացումը.
նրանից չթաքցրեց Իր երեսը,
երբ Իրեն դիմեց, լսեց նրա ձայնը:
 
26Մեծ հավաքում Դու ներշնչում ես իմ օրհնությունը,
երկյուղածներիդ առաջ պահպանում եմ երդումները.
27աղքատներն ուտելու են ու հագենալու,
ով փնտրում է Տիրոջը, գովելու է Նրան.
«Ձեր սիրտը երբեք թող չվհատվի»:
 
28Երկրի բոլոր ծագերը հիշելու են
և վերադառնալու են Տիրոջ մոտ.
Նրա դեմքի առաջ երկրպագելու են
ժողովուրդների բազմաթիվ տոհմերը.
29Տիրոջն է պատկանում արքայությունը,
Նա է իշխում ժողովուրդների վրա:
 
30Նրա առաջ երկրպագելու են հզորները,
խոնարհվելու են, ովքեր իջնում են փոշու մեջ,
որոնց գոյությունը ողջերի մեջ չէ:
 
Եվ ես ապրելու եմ Նրա համար,
31Նրան ծառայելու է իմ սերունդը.
գալիք սերնդին պատմվելու է Նրա մասին,
32ժողովրդին, որ գալու է, ավետարանվելու է Նրա արդարությունը,
ասվելու է. «Ահա՛ Տիրոջ գործը»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։