Սաղմոս 25 [24] - Միայնակ եմ ես – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 25 [24] - Միայնակ եմ ես

Կարող ենք իսկապես հիանալ ներանձնական առաքինություններով այն արդարի, որն այս սաղմոսում իր աղոթքն է ուղղում Աստծուն: Նա իրեն պաշտպանված չի համարում սխալ քայլեր կատարելուց և ընդունում է, որ իր մեղքերով արժանացել է իր դժբախտությանն ու միայնությանը: Նրա խոստովանությունը նշանն է իր նշանակալի ուղղամտության և բարոյական ազնվության: Նա խոնարհ անձնավորություն է, որ զգում է իր նկատմամբ Աստծո սերը և այդ սիրո վրա է հիմնում իր վստահությունը, Տիրոջից սպասելով ներում, խորհուրդ և օգնություն:
 

 
Կցորդ.  
Եթե մեզնից մեկը մեղանչում է,
մենք մի դատապաշտպան ունենք Հոր մոտ (հմմտ. 1Հվհ 2, 1):
կամ.  
Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը.
ոչ ոք չի գալիս Հորը, եթե ոչ՝ իմ միջոցով (Հվհ 14, 6):
 

 
1Դավթի:
 
Դեպի Քեզ եմ, Տեր, բարձրացնում հոգիս,
2Քեզ եմ հանձնվում, Աստված իմ.
մի՛ թող, որ անարգանք կրեմ,
թող չծաղրեն ինձ թշնամիներս.
3ով հույսը դրել է Քո վրա, թող չամաչի,
թող շփոթության մատնվի և ոչնչի վերածվի՝ ով ուրանում է:
 
4Տեր, սովորեցրու ինձ Քո ճանապարհները,
տուր, որ ճանաչեմ Քո արահետները.
5առաջնորդիր ինձ ճշմարտությանդ մեջ և կրթիր,
որովհետև Դու ես Աստվածը, որ փրկում է ինձ:
 
Ամբողջ օրը հույսս Քո վրա է.
6հանուն Քո սիրո, Տեր,
հիշիր, Տեր, ողորմությունդ,
հավատարմությունդ, որ տևում է հավետ.
7մոռացիր ապստամբություններս և երիտասարդությանս մեղքերը,
սիրույդ համաձայն հիշիր ինձ:
 
8Բարի և ուղիղ է Տերը,
մեղավորներին Նա ուսուցանում է արդար ճանապարհը.
9խոնարհներին ընթանալ է տալիս արդարության մեջ,
խոնարհներին ուսուցանում է Իր ճանապարհը:
10Տիրոջ բոլոր ճանապարհները շնորհ են և ճշմարտություն,
նրանց համար, ովքեր պահում են ուխտը և Նրա խրատները.
11Տեր, Անվանդ շնորհիվ
ներիր իմ հանցանքը, որ մեծ է:
 
***
 
12Կա՞ մի մարդ, որ երկնչի Տիրոջից.
ընտրելիք ճանապարհի վերաբերյալ կկրթի նրան.
13բարությամբ նա կանցկացնի գիշերը,
նրա սերունդը կտիրի երկրին.
14Տիրոջ հետ մտերմությունը Նրանից երկնչողների համար է,
Նրա հետ դաշինքը՝ Նրան ճանաչողների համար:
 
15Աչքերս ուղղված են Տիրոջը,
որպեսզի որոգայթից ազատի իմ ոտքը.
16երեսդ դեպի ինձ դարձրու և ողորմիր,
աղքատ, միայնակ եմ ես:
 
17Տրտմությունը խուժում է սրտիցս ներս,
բոլոր չարչարանքներիցս դուրս հանիր ինձ.
18տես վիշտս ու տառապանքս
և ներիր իմ բոլոր մեղքերը:
 
19Տես որքան շատ են թշնամիներս,
սաստիկ ատելությամբ հակառակվում են ինձ.
20փրկիր ինձ, պաշտպանիր կյանքս,
Քեզ եմ ապավինում, հուսախաբ մի՛ թող ինձ:
 
21Անբծությունն ու ուղղամտությունը կպահպանեն ինձ,
որովհետև ես Քեզ հուսացի.
22ո՜վ Աստված, ազատիր Իսրայելին,
ազատիր նրան իր բոլոր նեղություններից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։