Սաղմոս 26 [25] - Սիրում եմ տանդ գեղեցկությունը, Տեր – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 26 [25] - Սիրում եմ տանդ գեղեցկությունը, Տեր

Աղաչական նկարագիր ունեցող սաղմոսներում հաճախակի ենք հանդիպում մեղադրվածի բողոքին, որով Աստծուն որպես վկա է կոչում իր անմեղությանը: Այս սաղմոսում բովանդակվածի հեղինակը թերևս մի ղևտացի է, այսինքն՝ Իսրայելի քահանայական տոհմի անդամ, համենայն դեպս մեկն է, որ սիրում է տաճարի կյանքը: Կարող է թվալ, որ մինչև իսկ չափազանց վստահ է սեփական ուղղամտությանը: Այսուհանդերձ, մեզ տալիս է աղոթքի մի բանաձև, որով արտահայտում է բարու իր վճռակամ ընտրությունը:
 

 
Կցորդ.  
Միայն մեկի՝ Հիսուս Քրիստոսի հնազանդությամբ,
բոլորը արդար համարվեցին (հմմտ. Հռմ 5, 19):
կամ.   Այսպիսի քահանայապետի կարիքն ունեինք. սուրբ, անմեղ, անբիծ (Եբր 7, 26):
կամ.  
Նմանվելով Սրբին, որ ձեզ կանչեց,
դուք նույնպես սուրբ դարձեք ձեր վարքում (հմմտ. 1Պտ 1, 15):

 


 
1Դավթի:
 
Արդարություն արա ինձ, Տեր,
անբծության ճանապարհով ընթացա.
վստահությամբ հանձնվեցի Տիրոջը,
չեմ կարող սասանվել, ուրեմն.
2քննիր ինձ, Տեր, և փորձիր ինձ,
կրակից անցկացրու սիրտս ու միտքս:
 
3Սերդ աչքերիս առջև է,
ճշմարտությանդ համաձայն եմ ես ընթանում.
4չեմ նստում կռապաշտ մարդկանց հետ,
կեղծավոր մարդկանց հետ չեմ քայլում.
5ատում եմ ամբարիշտների ընկերությունը,
չարագործների հետ միասին ես չեմ նստում:
 
6Անմեղության մեջ եմ լվանում իմ ձեռքերը
և պար եմ բռնում խորանիդ չորս կողմը, Տեր.
7հնչեցնելու համար շնորհակալության իմ երգը,
պատմելու համար Քո բոլոր հրաշքները.
8սիրում եմ տանդ գեղեցկությունը, Տեր,
վայրը, ուր բնակվում է Քո փառքը:
 
9Մեղավորների շարքին մի՛ դասիր անձս,
արյուն հեղողների շարքին՝ իմ կյանքը.
10նրանց ձեռքը լի է նենգությամբ,
նրանց աջը կաշառքներ է սփռում:
 
11Ես, մինչդեռ, անբծությամբ ընթացա,
փրկիր ինձ, ողորմած եղիր իմ նկատմամբ.
12իմ ոտքը հաստատուն է ուղիղ ճանապարհի վրա,
հավաքներում օրհնելու եմ Տիրոջը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։