Սաղմոս 27 [26] - Տերն իմ լույսն է և իմ փրկությունը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 27 [26] - Տերն իմ լույսն է և իմ փրկությունը

Խավարի փորձառությունը, որից բխում է այս սաղմոսը, հազվադեպ չէ մարդկային կյանքում: Սաղմոսերգուի աղոթքը մեզ ուսուցանում է վստահությամբ Աստծո մեջ փնտրել հետևելիք ճանապարհը: Մի՞թե Հիսուսը չի ասել, որ Ինքն է աշխարհի լույսը (Հվհ 8, 12): Ինչպես նաև, սաղմոսերգուն այս աղոթքի մեջ արտահայտում է իր փափաքը՝ իր ողջ կյանքի ընթացքում բնակվելու Տիրոջ տանը, և վստահությունը, որ Նա իրեն երբեք չի լքելու, մինչև այն օրը, երբ ի վերջո կկարողանա զմայլվել Նրա Դեմքի տեսությամբ: Աստծո հանդեպ վստահությունը և Նրան հանդիպելու վառ փափաքը այս սաղմոսի երկու հիմնական տարրերն են:
Այս կերպ ընկալվելով, 27րդ սաղմոսը շատ լավ կարող է արտահայտել Եկեղեցու վիճակը ներկա ժամանակներում. Եկեղեցին պետք է պայքարի՝ մտնելու համար ողջերի երկիր, բայց միաժամանակ սրտապնդված է գործուն և անսասանելի հույսով, որ կատարվելու են «հաղթողին» տրված աստվածային խոստումները (Հյտ 3, 12):
Այս սաղմոսի խոսքերով կարող ենք արտահայտել Հիսուս Քրիստոսին փնտրելու և գտնելու մեր փափաքը, որովհետև Նա է աշխարհի լույսը և մեր փրկությունն իրականացնողը (Հվհ 1, 9; 8, 12): Կարող ենք արտահայտել նաև – Պողոս Առաքյալի նման – «Քրիստոսի հետ լինելու» մեր կամքն ու փափաքը (Եբր 2, 10; Գրծ 4, 12; Փլպ 1, 23):
 

 
Կցորդ.  
Հսկեցեք, հաստատուն եղեք հավատքի մեջ,
ուժեղ եղեք և քաջությամբ գործեցեք (հմմտ. 1Կր 16, 13):
կամ.  
Ո՞վ կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց.
մի՞թե նեղությունը, կամ տրտմությունը, կամ հալածանքը (Հռմ 8, 35):

 


 
1Դավթի:
 
Տերը իմ լույսն է և իմ փրկությունը,
ումի՞ց պիտի վախենամ.
Տերը իմ կյանքի զորությունն է,
ումի՞ց պիտի սարսափ զգամ:
 
2Եթե չարագործներն հարձակվեն իմ դեմ,
հոշոտելու համար մարմինս,
թշնամիներն ու հակառակորդներն իրենք իսկ
կսայթաքեն ու կընկնեն:
 
3Եթե իմ դեմ պատերազմի պատրաստվի մի բանակ,
իմ սիրտը չի վախենում.
եթե իմ դեմ սկսվի մի ճակատամարտ,
այդ ժամանակ նույնպես՝ ես վստահ եմ:
 
4Միայն մի բան խնդրեցի Տիրոջից,
միայն այս բանն եմ ես փափաքում.
բնակվել Տիրոջ տանը
կյանքիս բոլոր օրերում,
դիտել Տիրոջ գեղեցկությունը
և փնտրել Նրա ներկայությունը:
 
5Իր օթևանում ապաստան է շնորհում ինձ
չար օրերում.
Իր վրանի գաղտնարաններում թաքցնում է ինձ,
բարձրացնում է ինձ ժայռի վրա:
 
6Իսկ այժմ, Նա կրկին բարձրացնում է իմ գլուխը
թշնամիների վրա, որ պաշարում են ինձ.
գնալու եմ Իր վրանում մատուցելու
ցնծության զոհը,
օրհնության մեղեդիներով
երգելու եմ Տիրոջը:
 
***
 
7Տեր, լսիր իմ ձայնը. ես աղաղակում եմ
ողորմիր ինձ, պատասխանիր,
8սիրտս ինձ կրկնում է Քո հրավերը.
«Փնտրեցեք իմ երեսը».
Քո երեսն եմ, Տեր, ես փնտրում.
9ինձնից մի՛ թաքցրու Քո երեսը:
Զայրույթիդ մեջ մի՛ մերժիր ծառայիդ,
Դու ես իմ օգնականը.
մի՛ թող ինձ, մի՛ լքիր ինձ,
ո՜վ Աստված, փրկություն իմ.
10եթե հայրս ու մայրս լքեն ինձ,
Տերը կընդունի ինձ:
 
11Ցույց տուր ինձ Քո ճանապարհը, Տեր,
և առաջնորդիր ինձ արդար ճանապարհով.
12մի՛ մատնիր ինձ նեղիչներիս ցանկություններին,
անարդար վկաներ դուրս եկան իմ դեմ,
անարդարությունը ստեց ինքն իրեն:
 
13Ես հավատում եմ, որ տեսնելու եմ Տիրոջ բարությունը
ողջերի երկրում.
14հուսա՛ Տիրոջը, ուժեղ եղիր, ամրապնդիր սիրտդ,
հուսա՛ Տիրոջը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։