Սաղմոս 32 [31] - Ջնջեցիր իմ հանցանքը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 32 [31] - Ջնջեցիր իմ հանցանքը

Մեղքերի ներումը փրկության փորձառություն է տվել սաղմոսերգուին: Նա նախապես լռել էր, Աստծուց թաքցնելով իր հանցանքը, բայց մի ծանր հիվանդություն մղել է նրան ճանաչելու և խոստովանելու այն:
Այս բերկրալի փորձառությունից բխում է մի ուսուցում բոլոր հավատացյալների համար. Տիրոջ ողորմությունն ընկերակցում է նրանց, ովքեր ապավինում են Իրեն (Առկ 28, 13): Սաղմոսերգուն խոսքն ավարտում է բոլոր անկեղծ և ուղղամիտ մարդկանց հրավիրելով միանալու իր ուրախությանը:
Սաղմոսը կենտրոնացած է մեղքերի խոստովանության և աստվածային ներման վրա, որն համակում է մարդու ամբողջ էությունը և վերստին առաջնորդում է Աստծո հետ մտերմության: Հովհաննես Առաքյալը հստակությամբ զարգացնում է այդ միտքը (1Հվհ 1, 5-10), որի վրա եկեղեցական ավանդությունը կամեցել է հրավիրել մեր ուշադրությունը, 32րդ սաղմոսը դարձնելով ապաշխարության յոթ սաղմոսներից մեկը:
 
– «Մասքիլ». անորոշ իմաստ ունեցող եզր: Թերևս նշանակում է «ուսուցում»:
 

 
Կցորդ.  
Այլևս ոչ մի դատապարտություն չկա նրանց համար,
ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են (հմմտ. Հռմ 8, 1):
կամ.  
Ձեր միջև բոցավառ սեր ունեցեք,
որովհետև սերը ծածկում է բազում հանցանքներ (հմմտ. 1Պտ 4, 8):
կամ.  
Հիսուսն ասաց. Ես նույնպես չեմ դատապարտում քեզ,
գնա և այլևս մի՛ մեղանչիր (հմմտ. Հվհ 8, 11):
կամ.  
Երկնքում ավելի մեծ ուրախություն է լինելու դարձի եկող միայն մեկ մեղավորի համար,
քան արդարների համար, որոնք դարձի գալու կարիք չունեն (հմմտ. Ղկս 15, 7):
կամ.  
Եթե խոստովանենք մեր մեղքերը,
Նա կմաքրի մեզ ամեն անարդարությունից (հմմտ. 1Հվհ 1, 9):

 


 
1Դավթի: Մասքիլ:
 
Երանի՜ այն մարդուն, որ արձակում ստացավ մեղքից,
ներում գտավ անօրենությունից.
2երանի՜ այն մարդուն, որին Տերը հանցանք չվերագրեց
և նրա հոգում կեղծիք չկա:
 
3Ես լռում էի և սպառվում էին իմ ոսկորները
ամբողջ օրը հեծեծալով.
4ձեռքդ ծանրանում էր իմ վրա
գիշեր ու ցերեկ,
այրող պապակի փոխվեց
ամբողջ կենսունակությունս:
 
5Հայնժամ խոստովանեցի իմ մեղքը,
չթաքցրեցի իմ հանցանքը,
ասացի. «Կխոստովանեմ ինքս իմ դեմ
վիրավորանքները, որ հասցրել եմ Տիրոջը».
և Դու կրեցիր
իմ մեղքի հանցանքը:
 
6Այս իսկ պատճառով, թող աղոթի Քեզ ամեն հավատացյալ
տրտմության ժամին.
նույնիսկ եթե ջրհեղեղի հորձանքներն արձակվեն,
նրան հասնել չեն կարողանա:
 
7Դու իմ համար ապաստան ես,
ազատում ես ինձ տրտմությունից,
ազատագրության երգերով ես շրջապատում ինձ:
 
***
 
8«Ես կրթում եմ քեզ և մատնանշում եմ հետևելիք ճանապարհը,
խորհուրդ կտամ քեզ, հսկելով քո վրա.
9մի՛ եղիր ձիու և ջորիի նման,
որոնք կշռադատություն չունեն.
միմիայն սանձով ու երասանակով է զսպվում
նրանց կատաղությունը»:
 
10Բազմաթիվ են տանջանքները, որ սպասվում են չարագործին,
մինչդեռ Տիրոջ սերը շրջապատում է հավատացյալին.
11ուրախացեք Տիրոջ մեջ և ցնծացեք, ո՜վ արդարներ,
սրտով ուղիղներ, աղաղակեցեք ուրախությամբ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։