Սաղմոս 33 [32] - Երանի՜ այն ժողովրդին, որի Աստվածը Տերն է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 33 [32] - Երանի՜ այն ժողովրդին, որի Աստվածը Տերն է

Այս օրհներգը մի դասական ռիթմի է հետևում: Նախևառաջ գալիս է Աստծուն փառաբանելու կոչը: Ապա սկսվում է Նրա մեծագործությունների գովքը. Նրա խոսքը, որ ստեղծում է աշխարհները (4-9), Նրա միջամտությունները պատմության ընթացքում, որոնցով ընտրում է Իրեն հավատարիմ ժողովրդին (10-12), և ի վերջո Նրա զորեղ օգնությունը նրանց, ովքեր Իր սուրբ երկյուղն ունեն (13-19): Պանծացվում է Նախախնամությունը, որի իմաստուն ծրագրերը տարածվում են ամբողջ տիեզերքի վրա: Եփեսացիներին ուղղած իր նամակում (1, 9; 3, 4...) Պողոս Առաքյալը լուսաբանում է Աստծո այդ ծածուկ ծրագրերը, որոնք իրականացել և շարունակում են իրականանալ հանձինս Հիսուս Քրիստոսի, որպեսզի մարդիկ կյանք ունենան և աշխարհն հասնի իր կատարումին:
 

 
Կցորդ.  
Դուք այն ժողովուրդն եք, որ Աստված ընտրել է՝
ավետարանելու համար Իր հրաշագործ արարքները (հմմտ. 1Պտ 2, 9):
կամ.  
Ուրախությամբ երախտագիտություն հայտնենք Հորը,
որ պարգևեց մեզ մասնակցել սրբերի ժառանգությանը (հմմտ. Կղս 1, 12):

 


 
1Տիրոջ հանդեպ ուրախությամբ աղաղակեցեք, դուք՝ արդարներ,
հավատացյալների համար քաղցր է օրհնությունը.
2երախտագիտություն մատուցեք Տիրոջը քնարի վրա,
տասնալարյան տավիղով նվագեցեք Նրա համար.
3մի նոր երգ երգեցեք Նրան,
նվագեցեք և երգեցեք արվեստով ու գեղեցկությամբ:
 
4Տիրոջ խոսքը ճշմարիտ է,
հավատարմության մեջ են Նրա բոլոր գործերը.
5Նա սիրում է արդարությունն ու իրավունքը,
Տիրոջ սիրով լի է երկիրը:
 
6Տիրոջ խոսքով ստեղծվեց հաստատությունը,
Նրա բերանի շնչով՝ տիեզերքը.
7ծովերի ջրերը Նա հավաքում է կուժի մեջ,
ամուր փականքների տակ է դնում անդունդները:
 
8Թող ամբողջ երկիրը երկնչի Տիրոջից,
աշխարհի բնակիչները դողան Նրա առաջ.
9որովհետև Նա խոսում է, և ահա՝ ամեն բան ստեղծված է,
Նա հրամայում է, և ահա՝ ամեն բան գոյություն ունի:
 
10Տերը ջնջում է հեթանոսների մտածումները,
կործանում է ժողովուրդների ծրագրերը.
11բայց Տիրոջ կամքն իրականանում է միշտ,
սերնդե սերունդ՝ Նրա սրտի ծրագրերը:
 
***
 
12Երանի՜ այն ժողովրդին, որի Աստվածը Տերն է,
այն ժողովրդին, որին Նա ընտրել է որպես ժառանգություն.
13երկնային բարձունքներից Տերը դիտում է,
Նա տեսնում է բոլոր մարդկանց:
 
14Իր բնակության վայրից նա զննում է
երկրի բոլոր բնակիչներին.
15Նա Ինքն է կաղապարել յուրաքանչյուրի սիրտը
և հասկանում է նրանց բոլոր արարքները:
 
16Թագավորի փրկությունը իր մեծ զորքի մեջ չէ,
հսկան չի ազատվում իր մեծ զորությամբ.
17հաղթանակի համար՝ ձին մի խաբկանք է,
բանակը չի կարող փրկություն պարգևել:
 
18Տիրոջ աչքերն Իրենից երկնչողների վրա են,
նրանց վրա, ովքեր հուսացել են Իր սիրույն.
19նրանց կյանքն ազատելու համար մահից
և ապրել տալու համար քաղցի օրերին:
 
20Այո՛, մենք սպասում ենք Տիրոջը,
Նա՛ է մեր օգնությունը և մեր վահանը.
21Նրանում է ուրախանում մեր սիրտը,
մենք հավատում ենք Նրա սրբության Անվանը.
22թող մեզ ընկերանա Քո սերը, Տեր,
որովհետև Քեզ ենք մենք հուսացել:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։