Սաղմոս 34 [33] - Ճաշակեցեք և տեսեք, որ քաղցր է Տերը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 34 [33] - Ճաշակեցեք և տեսեք, որ քաղցր է Տերը

Այս սաղմոսը բաղկացած է երկու մասից: Առաջինում, երախտագիտության մատուցմամբ նկարագրվում է հոգատարությունը, որով Աստված խնամում է արդարին ու աղքատին, ազատելու համար նրանց իրենց տագնապներից: Անկասկածելի է, որ սաղմոսերգուն ինքը դրա փորձառությունն ունեցել է իր կյանքում և ուստի իր աշակերտներին ավանդում է սեփական փորձառությունների արդյունքը: Այսպիսով, երկրորդ մասում, սաղմոսը ստանում է ուսուցման ձայներանգ. իմաստունն իրեն ունկնդրողներին հրավիրում է Աստծո երկյուղի մեջ բացահայտելու երջանկության ճանապարհը: Պետրոս Առաքյալն այս սաղմոսի խոսքերը գործածում է քրիստոնյաներին ուղղված իր հորդորներում (1Պտ 2, 3):
Քրիստոնյան երկնչում է Աստծուց, բայց իր երկյուղը ներշնչված է սիրուց, որը չի հոգնում փնտրելու իր Սիրեցյալին և ունկնդրելու Նրան սրտի խոնարհությամբ. մի սեր, որով համարձակվում է հայել Տիրոջը և զգալ Նրա բարությունը: Աստծուց երկնչել՝ նշանակում է չհանդուրժել Նրան կորցնելու հնարավորության միտքը, ընդունակ չլինելով ճանաչելու Նրան, երբ Նա մեզ ընդառաջ կգա:
Այս սաղմոսի խոսքերը նախընտրյալ երգն են Ամենասուրբ Հաղորդությանը մերձենալուց առաջ: «Ճաշակեցեք և տեսեք, որ քաղցր է Տերը» խոսքերը հնում կրկնվում էին որպես կրկներգ:
 

 
Կցորդ.   Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը (Մտթ 5, 3):
կամ.  
Եկեք իմ մոտ, հոգնածներ ու ծանրաբեռնվածներ,
և ես ձեզ հանգիստ կտամ (Մտթ 11, 28):
կամ.   Ով հետևում է ինձ, խավարի մեջ չի քայլի, այլ՝ կունենա կյանքի լույսը (Հվհ 8, 12):
կամ.  
Աստղերի նման փայլեցեք աշխարհում,
հաստատուն միացած մնալով կյանքի խոսքին (հմմտ. Փլպ 2, 15-16):

 


 
1Դավթի: Երբ Աբիմելեքի առաջ խենթ ձևացավ և, նրա կողմից վռնդվելով, գնաց:
 
2Օրհնում եմ Տիրոջը ամեն ժամ,
ամեն ժամ Նրա օրհնությունը բերանումս է.
3ես փառքս գտնում եմ Տիրոջ մեջ,
թող լսեն խոնարհները և ուրախ լինեն:
 
4Իմ հետ մեծարեցեք Տիրոջը,
միասին պանծացնենք Նրա Անունը.
5փնտրեցի Տիրոջը և Նա ինձ պատասխանեց,
իմ բոլոր նեղություններից ազատեց ինձ:
 
6Մոտեցեք Տիրոջը և վերցրեք լույս,
անստվեր կփայլեն ձեր երեսները.
7աղքատն աղաղակում է, Տերը լսում է Նրան,
իր բոլոր նեղություններից ազատում է նրան:
 
8Տիրոջ հրեշտակը զինված պատրաստ է,
ազատելու համար նրանց, ովքեր երկնչում են Նրանից.
9ճաշակեցեք և տեսեք, որ քաղցր է Տերը,
երանելի է այն մարդը, որ Նրան է ապավինում:
 
10Երկնչեք Տիրոջից, Նրա սրբեր,
Նրանից երկնչողին ոչինչ չի պակասում.
11հարուստներն աղքատանում են և քաղցում,
ոչ մի բարիք չի պակասում նրան, ով փնտրում է Տիրոջը:
 
12Եկեք, որդիներ, լսեցեք ինձ,
ձեզ կուսուցանեմ Տիրոջ երկյուղը.
13կա՞ մեկը, որ փափաքում է կյանքը
և կամենում է օրեր՝ ճաշակելու համար բարիքը:
 
14Լեզուդ հեռու պահիր չարից,
շրթունքներդ՝ ստախոսությունից.
15հեռու մնա չարից և գործիր բարին,
փնտրիր խաղաղությունը և նրան հետևիր:
 
16Տիրոջ աչքերը արդարների վրա են,
Նրա ականջներն ուշադիր են նրանց աղաղակին.
17Տիրոջ դեմքը չարագործների դեմ է,
նրանց հիշատակը ջնջելու համար երկրից:
 
18Տերը լսում է Իրեն կանչողներին,
նրանց դուրս է հանում իրենց բոլոր նեղություններից.
19Տերը մոտ է վշտահար սիրտ ունեցողներին
և փրկում է ճնշված հոգիներին:
 
20Բազմաթիվ են արդարի նեղությունները,
բայց Տերն ամեն անգամ ազատում է նրան.
21հսկում է նրա բոլոր ոսկորների վրա,
նրանցից մեկն անգամ չի փշրվելու:
 
22Չարությունը սպանում է ամբարիշտին,
պատժվելու է նա, ով ատում է արդարին.
23Տերն ազատում է Իր ծառաների կյանքը,
չի պատժվում նա, ով ապավինում է Նրան:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։