Սաղմոս 35 [34] - Շուտով հասիր ինձ օգնության – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 35 [34] - Շուտով հասիր ինձ օգնության

Այս սաղմոսը հիշեցնում է Երեմիա Մարգարեի գրքի հատվածներից ոմանք (Եր 20, 10-13; 11, 20): Աղոթքն է մի մարդու, որին հալածում են առանց որևէ պատճառի և որն իր այդ դառն փորձության մեջ բացահայտում է մի մեծ վստահություն:
Հիսուսը, ում «ատում էին առանց պատճառի» (Հվհ 15, 25), կերպարն է, որի մեջ կարող է հայելանալ հալածված յուրաքանչյուր ոք: Նրա դեմ չարախոսում էին այն աստիճան, որ մինչև իսկ ներկայացնում էին որպես աստվածանարգ, դիվահար և ժողովրդի խռովարար: Նրան դավաճանեց Իր իսկ աշակերտներից մեկը և Նա ծաղրուծանակի ենթարկվեց մինչև իսկ խաչի վրա (Ղկս 23, 35):
Իր ամենօրյա պայքարը մղելով, քրիստոնյա ժողովուրդը կարող է միանալ Քրիստոսին, այս սաղմոսի խոսքերով աղոթելով և ընդունելով Պողոս Առաքյալի հրավերը՝ Հիսուսի կողմից մեզ տրված օրինակի մեջ գտնելու չվհատվելու համար հարկավոր ուժը (Եբր 12, 2-3):
 

 
Կցորդ.  
Բազում անձինք կեղծ վկայություններ էին կատարում Հիսուսի դեմ,
բայց վկայությունները միմյանց չէին համապատասխանում (հմմտ. Մրկ 14, 56):
կամ.  
Երանի՜ ձեզ, երբ կնախատեն ձեզ և կհալածեն,
և ձեր դեմ ամեն չար բան կասեն իմ պատճառով (հմմտ. Մտթ 5, 11):
կամ.  
Երանի՜ ձեզ, եթե նախատվում եք Քրիստոսի Անվան համար,
որովհետև Աստծո Հոգին հանգչում է ձեր վրա (հմմտ. 1Պտ 4, 14):

 


 
1Դավթի:
 
Դատիր, Տեր, նրան, ով դատում է ինձ,
մարտնչիր նրա դեմ, ով իմ դեմ մարտնչում է.
2վերցրու վահանդ ու զրահներդ
և շուտով հասիր ինձ օգնության:
 
3Ձեռքդ առ նիզակն ու սուրը
ընդդեմ իմ հալածիչների.
խոսի՛ր և ասա՛ իմ սրտին.
«Ես եմ քո փրկությունը»:
 
4Թող շփոթության մատնվեն և ամոթահար լինեն
նրանք, ովքեր դավադրում են կյանքիս դեմ.
ետ նահանջեն ու խոնարհեցվեն
նրանք, ովքեր չարիք են նյութում իմ դեմ:
 
5Թող լինեն նրանք ինչպես փոշին քամու առջև,
Տիրոջ հրեշտակը թող ցիրուցան անի նրանց.
6նրանց ճանապարհը թող խավար ու սայթաքուն լինի,
Տիրոջ հրեշտակը թող հետապնդի նրանց:
 
7Առանց պատճառի ցանց նետեցին իմ դեմ,
առանց պատճառի փոս փորեցին իմ համար.
8չսպասված մի ձախորդություն թող անակնկալի մատնի նրանց,
թող բռնվեն այն ցանցի մեջ, որ լարել են,
և ընկնեն այն փոսի մեջ, որ փորել են:
 
9Իսկ ես ցնծալու եմ Տիրոջ մեջ,
ուրախանալու եմ Նրա պարգևած փրկության համար.
10բոլոր ոսկորներս հռչակելու են.
«Տեր, ո՞վ է Քո նման,
Դու ազատում ես աղքատին առավել հզորից,
աղքատին ու խեղճին՝ բռնավորից»:
 
***
 
11Ներկայանում են ամբարիշտ վկաներ,
հարցնում են ինձ բաներ, որ անգիտանում եմ.
12բարության փոխարեն չարիք են հատուցում ինձ,
կսկիծով են լցնում կյանքս:
 
13Ես, մինչդեռ, երբ նրանք հիվանդ էին,
քուրձ հագած՝ ծոմապահության մեջ ուժասպառ էի լինում.
ներսումս կրկնում էի աղոթքը
14ինչպես մի մտերիմի և եղբոր համար.
տխուր ու վշտահար թափառում էի
ինչպես մեկը, որ ողբալով լալիս է իր մոր համար:
 
15Բայց անկմանս համար ուրախանում են և համախմբվում,
հանկարծակի հարվածում են ինձ ու չարչարում.
16արհամարհում են ինձ և հեգնանքով ծաղրում,
ատամները կրճտացնում են իմ դեմ:
 
17Մինչև ե՞րբ ես հեռվից դիտելու, Տեր.
կյանքս ազատիր նրանց հարձակումներից,
միակ կյանքս՝ մռնչացող առյուծներից:
 
18Երախտագիտություն կմատուցեմ Քեզ մեծ հավաքույթում,
կգովեմ Քեզ մի բազմաթիվ ժողովրդի մեջ.
19թող չկարողանան իմ վրա ծիծաղել թշնամիներն ու դավաճանները,
և դադարեն աչքով նշան անել նրանք, ովքեր ինձ ատում են առանց պատճառի:
 
20Երբեք չունեն խաղաղության մի խոսք,
զրպարտում են երկրի խաղաղասերներին.
21նրանց բերանը բաց է իմ դեմ,
ասելու համար. «Մենք ինքներս տեսանք»:
 
***
 
22Տեր, Դու տեսար, մի՛ լռիր,
Տեր իմ, հեռու մի՛ մնա.
23արթնացիր, ոտքի կանգնիր դատիս համար,
դատավարությանս համար, Տեր Աստված իմ:
 
24Տեր, դատիր ինձ ըստ Քո արդարության,
Աստված իմ, թող չուրախանան իմ դեմ.
25թող չկարողանան մտածել. «Գոհ ենք»,
թող չկարողանան ասել. «Հոշոտեցինք նրան»:
 
26Թող ամոթահար լինեն և շփոթության մատնվեն,
նրանք, ովքեր վայելում են իմ տառապանքը.
ամոթով ու արհամարհանքով ծածկվեն,
նրանք, ովքեր պարծենում են իմ դեմ:
 
27Բոլոր նրանք, ովքեր արդարություն բաղձացին իմ համար,
թող ցնծան ու երգեն ուրախությամբ.
միշտ կրկնեն. «Մեծ է Տերը,
Իր ծառայի խաղաղությունն է կամենում Նա».
28լեզուս Քո արդարությունն է պատմելու,
ամեն օր երգելու եմ Քո գովքը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։