Սաղմոս 37 [36] - Հեզերը ժառանգելու են երկիրը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 37 [36] - Հեզերը ժառանգելու են երկիրը

Իր սրտում անդորր ունեցող մի ծերունի պատգամներ և ուսուցումներ է ավանդում արդարի ու ամբարշտի հակադիր ճակատագրի մասին: Իմաստության գեղեցիկ ուսուցումներ են նրանց համար, ովքեր զայրանում են չարագործների հաջողություններին ի տես: Նրանց հաղթանակները վաղանցուկ են: Կյանքի փորձառությունից քաղված դասերը և Աստծո խոսքի շուրջ կատարած խորհրդածություններն այս իմաստունին հայտնել են այն երանելի վախճանը, որը Տերը վերապահել է Իր մտերիմների համար. յուրաքանչյուր հավատարիմ հավատացյալ կանչված է վայելքով ու խաղաղությամբ բնակվելու խոստացված Սուրբ Երկրում, որը մարգարեական պատկերն է հավիտենական օթևանների: Հիսուսի ուսուցումները քողազերծում են մարգարեական այդ պատկերները. խոստացված անսահման երանությունը դա Աստծո Արքայությունն է, ճշմարիտ Սուրբ Երկիրը, որը խոստացված է բոլոր նրանց, ովքեր Աստծուն հավատարիմ են ու Նրա հանդեպ վստահասիրտ:
 

 
Կցորդ.  
Եկեք, իմ Հոր օրհնյալներ,
ժառանգեցեք ձեր համար պատրաստված արքայությունը (Մտթ 25, 34):
կամ.   Գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, այլ՝ երկնքում (հմմտ. Մտթ 6, 19-20):
կամ.  
Ձեր լույսը թող փայլի մարդկանց առաջ,
որպեսզի փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է (հմմտ. Մտթ 5, 16):

 


 
1Դավթի:
 
Մի՛ զայրացիր ամբարիշտներին տեսնելով,
չարագործներին մի՛ նախանձիր.
2խոտի նման շուտով թառամում են,
չորանում են դաշտի խոտի նման:
3Հավատք ունեցիր Տիրոջ հանդեպ և բարիք գործիր,
բնակվիր երկրում և հավատարմությունը թող լինի քո սնունդը.
4Տիրոջ մեջ փնտրիր ուրախությունդ,
կկատարի սրտիդ փափաքները:
 
5Ընթացքդ կողմնորոշիր դեպի Տերը,
վստահիր Նրան և Նա կգործի.
6արշալույսի նման ծագել կտա արդարությունդ,
կեսօրվա նման փայլել կտա արդարությունդ:
 
7Լռություն պահպանիր Տիրոջ ներկայությանը,
և Նրանում հաստատիր քո հույսը.
մի՛ զայրացիր նրանց համար, ովքեր հասնում են հաջողության,
մարդու համար, որ դիմում է խաբեությունների:
 
8Հրաժարվիր զայրույթից, լքիր կատաղությունը,
մի՛ բարկացիր. չարիք կգործես.
9արմատախիլ է արվելու, ով գործում է չարիք,
ժառանգելու է երկիրը նա, ով հուսացել է Տիրոջը:
 
10Եվս մի քիչ և չարագործն անհետանալու է,
փնտրելու ես նրան և ահա՝ այլևս չկա.
11հեզերը ժառանգելու են երկիրը
և վայելելու են անսահմանափակ խաղաղություն:
 
***
 
12Չարագործը դավեր է նյութում արդարի դեմ,
նրա դեմ կրճտացնում է ատամները.
13բայց Տերը ծիծաղում է նրա վրա,
արդեն տեսնում է նրա օրվա հասնելը:
 
14Չարագործները պատյանից հանում են սուրը և լարում աղեղը,
գետին տապալելու համար աղքատին ու խեղճին,
հարվածելու համար նրան, ով հետևում է ուղիղ ճանապարհին.
15բայց նրանց սուրը մտնելու է իրենց իսկ սիրտը,
նրանց աղեղները փշրվելու են:
 
16Ավելի լավ է արդարի ունեցած քիչը,
քան ամբարիշտների մեծ հարստությունը.
17որովհետև կոտրվելու են չարագործների բազուկները,
բայց Տերը թիկունք է կանգնում հավատացյալներին:
 
18Տերը ճանաչում է բարիների օրերը,
որպես պարգև ունենալու են հավիտենական ժառանգություն.
19նեղության ժամանակ չեն ամաչելու,
հագենալու են քաղցի օրերին:
 
20Չարագործները, մինչդեռ, մահանալու են,
որովհետև Տիրոջ թշնամիներն են.
վերջանալու են դաշտերի խոտի նման,
ծխի նման բոլորը մեկ անհետանալու են:
 
21Չարագործը պարտք է վերցնում և չի վերադարձնում,
բայց արդարը ողորմում է և բաժին հանում.
22օրհնյալները ժառանգելու են երկիրը,
անիծյալները բնաջինջ են լինելու:
 
23Տերն առաջնորդում է մարդու քայլերը,
դարձնում է հաստատուն և սիրով հետևում է նրա ընթացքին.
24եթե ընկնում է, ընկած չի մնում,
Տերն Իր ձեռքով նրան բարձրացնում է:
 
25Երիտասարդ էի ես, իսկ այժմ՝ տարեց,
հավատացյալներից մեկին երբեք չեմ տեսել լքված,
ո՛չ էլ նրա որդիներին՝ հաց մուրալիս.
26իր ունեցածից ամեն օր բաժին է հանում սիրով,
այս իսկ պատճառով՝ նրա սերունդը օրհնված է:
 
***
 
27Հեռացիր չարից և գործիր բարին,
բնակության օթևան կունենաս միշտ.
28որովհետև Տերը սիրում է արդարությունը,
երբեք չի լքում Իր մտերիմներին:
 
Նրանք պաշտպանություն են ունենալու հավիտյան,
մինչ չարագործների սերունդը անհետանալու է.
29հավատացյալները ժառանգելու են երկիրը
և նրանում բնակվելու են ընդմիշտ:
 
30Արդարի բերանը խոսում է իմաստություն,
նրա լեզուն հռչակում է արդարությունը.
31սրտում ունի իր Աստծո օրենքը,
իր քայլերը երբեք չեն սասանվելու:
 
32Չարագործը դարանակալում է արդարին
և ցանկանում է նրան մահ հասցնել.
33բայց Տերն արդարին չի թողնում նրա ձեռքում,
ատյանում չի թույլատրում արդարի դատապարտությունը:
34Հույսդ Տիրոջ մեջ հաստատիր
և պահպանիր Նրա ճանապարհը.
կհասցնի քեզ երկրին տիրելուն
և դու կտեսնես չարագործների արմատախիլ լինելը:
 
35Տեսա, թե ինչպես էր ամբարիշտը հաղթանակում,
ինչպես էր բարձրանում փարթամ ծառի նման.
36կրկին անցա մոտով և ահա՝ այլևս չկար,
փնտրեցի և այլևս չգտա նրան:
37Դիտիր անբիծին, զննիր հավատացյալին,
խաղաղության մարդուն է պատկանում ապագան.
38բայց մեղավորները բոլորն էլ ոչնչացվելու են,
չարագործներին ապագան մերժված է:
 
39Տիրոջից է գալիս հավատացյալների փրկությունը,
նրանց պաշտպանությունը՝ տրտմության ժամանակ.
40Տերն օգնում է նրանց, ազատում չարագործներից և փրկում նրանց,
որովհետև Նրանում են փնտրում իրենց պաշտպանությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։