Սաղմոս 39 [38] - Օտարական եմ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 39 [38] - Օտարական եմ

Այս սաղմոսը մի խորհրդածություն է կյանքի կարճատևության և մարդկային գոյության սահմանների շուրջ: Սաղմոսերգուն որոշել էր լռել չարագործի դիմաց, որպեսզի նրան առիթ չտար անարգելու Աստծուն: Քանինե՜ր այսօր ևս շարունակում են մտածել, որ «անօգուտ է ծառայել Աստծուն» (Մղք 3, 14): Սփոփանք չգտնելով, այնուամենայնիվ կարիքն է զգում արտահայտելու բողոքը, որը ջանացել էր թաքցնել իր սրտում. մարդկային գոյությունը չափազանց կարճ է: Խոսքերը, որոնք գործածում է, Ժողովողի գրքի միևնույն խոսքերն են. «մի շունչ, մի ստվեր, միոչինչ»: Նրա խորհրդածությունը շատ նման է Հոբի և Եսայի Մարգարեի խորհրդածություններին (Հոբ 7, 6-7; 7, 19-21; Ես 40, 6):
Սաղմոսի կենտրոնում գտնում ենք Աստծո հանդեպ հույսի մի վճիտ դավանություն: Սաղմոսերգուն վերադառնում է լռության ու աղոթքի, այս անգամ սակայն առանց դառնության: Ընդունում է, որ պանդուխտ է, մի օտարական, որին Աստված պարգևում է Իր հյուրընկալությունը, ինչպես որ պանդուխտ և օտարական էին եղել իր հայրերը, Հին Ուխտի Նահապետները: Սաղմոսն ավարտվում է մահվան կանխազգացումով:
Սքանչելի է, որ սաղմոսերգուն հռչակում է Աստծո հանդեպ իր հույսը, թեև մահվան փակուղուց դուրս գալու ոչ մի ելք չի նշմարում: Քրիստոնյաները, մինչդեռ, կարող են պատասխան գտնել մահվան համընդհանուր փորձառության դիմաց: Հիսուսը կերպարանափոխել է սաղմոսերգուի աղոթքը: Մինչ սաղմոսերգուն իր տառապանքներում ասում է. «Լռում եմ, որովհետև Դու Ինքդ ես գործում», Հիսուսն ասում է. «Ո՛չ թե իմ, այլ՝ Քո կամքը թող կատարվի»» (Ղկս 22, 42): Հիսուսն ընդառաջ գնաց մահվանը և մեր առաջ բացեց դեպի կյանք տանող ճանապարհը:
Պողոս Առաքյալը հաստատում է, որ Աստված մեզ ստեղծել է կյանքի համար և մեզ տվել է Իր Հոգին որպես հավիտենական կյանքի նավահանգիստ մտնելու երաշխիք (2Կր 5, 1-5):
– «Իդիթում». Երգչախմբի երեք ղեկավարներից մեկն էր, որոնց կարգել էր Դավիթը (1Մն 25, 1):
 

 
Կցորդ.  
Հավատքի մեջ մահացան մեր հայրերը,
դավանելով, որ օտարական են և պանդուխտ (հմմտ. Եբր 11, 13):
կամ.  
Այս գիշեր իսկ կյանքդ պահանջվելու է քեզնից.
ինչպիսի՞ն է արդյոք քո կյանքը (հմմտ. Ղկս 12, 20; Հկբ 4, 14):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Իդիթումի: Սաղմոս: Դավթի:
 
2Ասացի. «Կհսկեմ ճանապարհներիս վրա,
որպեսզի լեզվով չմեղանչեմ.
պահապան կդնեմ բերանիս վրա,
մինչ չարագործը կանգնած է իմ առջև»:
 
3Ահա, մնացի համր, լռության մեջ,
լռում էի, բայց ոչնչի չէր ծառայում,
ավելի էր սաստկանում տառապանքս.
4կրծքիս ներսում սիրտս այրվում էր,
կրկին մտածելիս՝ այրվում էր է՛լ ավելի,
մինչև որ լեզվիս թույլատրեցի խոսել.
 
5«Հայտնիր ինձ, Տեր, իմ վախճանը
և թե ի՛նչ է թիվն իմ օրերի,
որպեսզի հասկանամ, թե որքան դյուրաբեկ եմ:
 
6Մի ափի չափով օրեր տվեցիր ինձ,
տևողությունս ոչինչ է Քո առաջ.
մարդու տևողությունը մի շունչ է,
7գնում ու գալիս է ստվերի նման.
խռովվում է ոչնչի համար, քամու նման,
գանձում է, բայց չգիտի, թե ով է հավաքելու»:
 
8Ուրեմն, Տեր, ինչի՞ եմ սպասում,
իմ հույսը միմիայն Քեզնում է.
9ազատիր ինձ իմ բոլոր մեղքերից,
հիմարի նախատինքների տակ մի՛ թող ինձ:
 
10Վերադառնում եմ լռության մեջ և չեմ բացում բերանս,
որովհետև Դու Ինքդ ես գործում.
11հեռացրու ինձնից Քո հարվածները,
կքվում եմ փշրող ձեռքիդ ներքո:
 
12Դու կրկին ոտքի ես կանգնեցնում մարդուն,
ուղղելով նրա մեղքը,
սարդոստայնի նման մաքրում ես նրա կրքերը.
մարդն ուրիշ բան չէ, եթե ոչ՝ մի շունչ:
 
13Լսիր իմ աղոթքը, Տեր,
ականջ դիր իմ աղաղակին,
խուլ մի՛ եղիր լացիս ձայնին:
 
Քո առաջ մի օտարական եմ միայն,
թափառական՝ ինչպես իմ բոլոր հայրերը.
14հեռացրու հայացքդ, որպեսզի շունչ քաշեմ,
նախքան կգնամ այստեղից և չեմ լինի այլևս:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։