Սաղմոս 4 - Քուն եմ մտնում խաղաղությամբ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 4 - Քուն եմ մտնում խաղաղությամբ

Եկեղեցին այս գեղեցիկ սաղմոսն առաջարկում է որպես երեկոյան աղոթք: Սաղմոսերգուն արտահայտում է Աստծո նկատմամբ ունեցած իր վստահությունը, չնայած դժվարություններին: Երբ մարդը խորանում է կյանքի արահետներում, հեշտությամբ խաբում է ինքն իրեն, հարստությունների և աշխարհի ունայնությունների մեջ փնտրելով երջանկությունը: Սաղմոսերգուն, վստահությամբ և բերկրանքով հարուստ, կոչ է ուղղում մեզ՝ բացահայտելու Աստծո հետ մտերմության արժեքը:
Եթե Տերը մեր վրա փայլեցնում է Իր Դեմքի լույսը, մեր հոգիներն ու սրտերը լցվում են բերկրանքով ու խաղաղությամբ: Երբ հասնում է գիշերը, կարող ենք վստահությամբ հանձնվել քնին, այդ երևութական մահվանը, որն այլաբանական պատկերն է Քրիստոսի հետ Աստծո մեջ թաքնված մեր կյանքի (Կղս 3, 3):
 

 

Կցորդ.
 
Ով առաքել է ինձ, իմ հետ է. Նա ինձ միայնակ չի թողնում (Հվհ 8, 29):
կամ.
 
Քրիստոսի խաղաղությունը թող թագավորի ձեր սրտերում,
որովհետև սրան եք կանչվել (Կղս 3, 15):
 

 
1Երգչախմբի ղեկավարի համար: Լարային գործիքների վրա:
Սաղմոս: Դավթի:
 
2Երբ կանչում եմ Քեզ, պատասխանիր ինձ, արդարությանս Աստված.
նեղությունիցս ազատեցիր ինձ,
ողորմիր ինձ, լսիր աղոթքս:
 
3«Ո՜վ մարդիկ, մինչև ե՞րբ եք կարծրասիրտ լինելու:
Ինչո՞ւ եք սիրում ունայնությունը և փնտրում կեղծիքը:
 
4Ճանաչեցեք, որ Տերը սքանչելիքներ գործեց Իր Սրբի համար.
Տերը լսում է ինձ, երբ աղաղակում եմ Իրեն:
 
5Բարկացեք, բայց մի՛ մեղանչեք.
երբ անկողին մտնեք, զղջացեք այն մտքերի համար,
որ սնում եք ձեր սրտում:
6Արդարության զոհեր մատուցեք և ապավինեցեք Տիրոջը»:
 
7Շատերն են ասում, թե. «Ո՞վ ցույց կտա մեզ Տիրոջ բարությունը».
մեր վրա, Տեր, լուսավորիր Քո Դեմքը:
 
8Սրտիս ավելի մեծ ուրախություն պարգևեցիր,
քան երբ նրանք հարուստ են ցորենով, գինիով ու ձեթով:
 
9Խաղաղությամբ եմ պառկում և շուտով քուն մտնում,
միայն հույսի մեջ հանգստացնում ես ինձ, Տեր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։