Սաղմոս 40 [39] - Ահա գալիս եմ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 40 [39] - Ահա գալիս եմ

Սկզբում սաղմոսերգուն հիշատակում է անցյալի տագնապները, որոնք նկարագրում է ցեխոտ ճահճուտի մեջ ընկած մարդու պատկերը գործածելով: Վտանգից փրկվելով, նա կարող է մի «նոր երգ» եղանակել:
Օրենքի կողմից սահմանված գոհության զոհերի փոխարեն, սաղմոսերգուն Աստծուն ընծայում է անկեղծ ու անմնացորդ հնազանդություն (Օրենքը նրա սրտի խորքում է): Ապա եզրափակում է հաստատելով, որ հռչակելու է Աստծուց ստացած պարգևները, այնպես, որ վստահություն ներշնչի նաև ուրիշներին:
Պողոս Առաքյալը գործածում է այս սաղմոսի 7-9 հատվածն այնպես, որ կարծես թե դրանք անձամբ Հիսուսի խոսքերը լինեին, որոնք Նա արտասանում է աշխարհ մուտք գործելիս (Եբր 10, 5-10): Հիսուսը չի եկել հին Օրենքի կողմից սահմանված զոհերը մատուցելու, ինչպես կատարվում էր Տաճարում: Նա եկել է կատարելու Աստծո կամքը:
Քրիստոսին միանալով, մենք նույնպես կարող ենք արտասանել այս գոհաբանությունը, որը մեզ կօգնի ստանձնելու խորապես քրիստոնեական վարքագիծ. ունենալ վառ հույս. սիրով ճանաչել սքանչելիքները, որոնք Աստված կատարել է մեր համար. ընծայել մեր սիրտը. Աստծո հավատարմության ու ողորմության վկաները լինել բոլորի առաջ:
 

 
Կցորդ.  
Աշխարհ մտնելով, Քրիստոսն ասում է. «Ո՛չ զոհ կամեցար, ո՛չ ընծաներ.
ահա ես գալիս եմ, ո՜վ Աստված, կատարելու Քո կամքը» (հմմտ. Եբր 10, 5.7):
կամ.  
Երկնքից իջել եմ կատարելու ո՛չ թե իմ կամքը,
այլ՝ կամքը Նրա, ով առաքել է ինձ (Հվհ 6, 38):
կամ.  
Որպես զոհ մատուցեք ձեր մարմինները.
սա՛ է ձեր հոգևոր պաշտամունքը (հմմտ. Հռմ 12, 1):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Դավթի: Սաղմոս:
 
2Ես հուսացի Տիրոջը
ընդդեմ ամեն տեսակ հույսի.
և Նա խոնարհվեց իմ վրա,
լսեց իմ աղաղակը:
 
3Դուրս հանեց ինձ մահվան փոսից,
ցեխոտ ճահճուտից.
ոտքերս ժայռի վրա բարձրացրեց,
հաստատուն դարձրեց իմ քայլերը:
 
4Բերանումս մի նոր երգ դրեց,
գովասանք՝ մեր Աստծուն.
շատերը, որ տեսնում են, երկնչելու են
և հավատալու են Տիրոջը:
 
5Երանելի է այն մարդը,
որ Տիրոջ մեջ է հաստատել իր հավատքը.
նա, ով չի դիմում հպարտներին,
կեղծիքի մեջ կորածներին:
 
6Քանի՜ հրաշագործություններ կատարեցիր մեր համար,
Տեր Աստված իմ,
քանի՜ ծրագրեր՝ ի նպաստ մեր.
ոչ ոք նման չէ Քեզ.
ուզում եմ ավետարանել դրանք ու հռչակել,
չափազանց շատ են՝ պատմելու համար:
 
***
 
7Ո՛չ զոհ կամեցար, ո՛չ ընծա,
իմ ականջները բացեցիր.
ո՛չ ողջակեզ պահանջեցիր, ո՛չ քավության զոհ,
8հայնժամ ես ասացի. «Ահա գալիս եմ»:
 
Գրքում իմ մասին գրված է
9այն, ինչ կամենում ես, որ անեմ.
Աստված իմ, սա՛ է այն, ինչ սիրում եմ,
Քո օրենքը իմ սրտի խորքում է:
 
10Ես ավետարանում եմ Քո արդարությունը
մեծ հավաքույթում.
տեսնում ես, շրթունքներս փակ չեմ պահում,
Տեր, Դու դա գիտես:
 
11Ծածուկ չեմ պահում Քո արդարությունը
սրտիս խորքում.
այո՛, ես հռչակում եմ Քո հավատարմությունը
և Քո պարգևած փրկությունը.
չեմ թաքցնում Քո սերն ու Քո ճշմարտությունը
մեծ հավաքույթի առաջ:
 
12Ինձնից մի՛ հեռացրու ողորմություններդ, Տեր,
Քո սերը և Քո ճշմարտությունը
թող միշտ պահպանեն ինձ:
 
13Բազմաթիվ չարիքներ են թափվում վրաս,
ճզմում են ինձ իմ մեղքերը.
դրանք չեմ հաշվում. ավելի են, քան մազերս.
սիրտս նվաղում է ինձնում:
 
14Կամեցի՛ր, Տեր, ազատել ինձ,
շտապիր ինձ օգնության.
15թող միասին ամաչեն ու սարսափեն
բոլոր նրանք, ովքեր կյանքիս դեմ դավեր են նյութում:
 
Թող հետ նահանջեն ամոթով ծածկված,
ովքեր չարիք են ինձ կամենում.
16իրենց ամոթի ներքո ճզմվեն,
ովքեր ինձ ասում են. «Սա է քեզ հասնում»:
 
17Թող Քեզնում ուրախանան ու ցնծան,
ովքեր փնտրում են Քեզ.
միշտ ասեն. «Մեծ է Տերը»,
ովքեր սիրում են պարգևածդ փրկությունը:
 
18Ես աղքատ եմ, արհամարհված մեկը,
բայց Տերը մտածում է իմ մասին.
Դու ես իմ օգնությունն ու իմ ազատարարը,
Աստված իմ, մի՛ ուշացիր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։