Սաղմոս 41 [40] - Օրհնյալ է Տերը, Աստվածն Իսրայելի – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 41 [40] - Օրհնյալ է Տերը, Աստվածն Իսրայելի

Հիվանդ մի մարդ տառապում է: Խղճալու փոխարեն, նրան կործանում են չարամիտ մեկնաբանություններով, իսկ ընկերները նրան լքում են միայնության մեջ: Ո՞վ չէր վիրավորվի այդպիսի վիճակում: Այդ զգացումը, սակայն, շուտով փարատվում է և իր տեղը զիջում է հույսին. հույսը կյանքի, որն հարուստ է վերագտնված բոլոր կենսական ուժերով, շարունակելու համար մնալ Աստծո ներկայությանը:
Քրիստոնեական ավանդությունը միշտ էլ մարգարեական սերտ կապ է տեսել այս սաղմոսի խոսքերի և Հիսուսի միջև, հատկապես Նրա մատնության ու չարչարանքների առնչությամբ:
 

 
Կցորդ.  
Մեր վրա ստացել ենք մահվան դատավճիռը,
որպեսզի սովորենք չվստահել ինքներս մեզ (2Կր 1, 9):
կամ.  
Տեր, նա, ում սիրում ես, հիվանդ է:
Հիսուսն ասաց. Այս հիվանդությունը Աստծո փառքի համար է (հմմտ. Հվհ 11, 3-4):
կամ.  
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը մատնելու է ինձ.
նա, ով ուտում է իմ հետ (Մրկ 14, 18):
կամ.   Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն (Մտթ 5, 7):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Սաղմոս: Դավթի:
 
2Երանելի է մարդը, որ հոգատարություն ունի տկարի նկատմամբ,
չար օրերում Տերն ազատում է նրան.
3Տերը պաշտպանում է նրան, երանությամբ ապրեցնում երկրի վրա,
նրան չի մատնում իր թշնամիների ցանկությանը.
4Տերն օգնում է նրան իր տառապանքի անկողնում,
հիվանդությունները հեռացնում է անկողնուց, որի մեջ սպառվում էր:
 
5Ես ասում եմ. «Ողորմիր ինձ, Տեր,
բժշկիր ինձ, որովհետև մեղանչեցի Քո դեմ».
6թշնամիներս չարիք են խոսում իմ դեմ.
«Ե՞րբ է մեռնելու և ե՞րբ է անհետանալու իր անունը»:
 
7Ով գալիս է ինձ այցելելու, կեղծ խոսքեր է արտասանում,
չարություն է հավաքում իր սրտում
և, երբ դուրս է գալիս, չարախոսում է հրապարակներում:
 
8Իմ դեմ դաշնակցած, թշնամիներս բամբասում են,
իմ դեմ թվարկում են փորձանքներս.
9«Ծանր, սատանայական հիվանդություն է ընկել վրան,
անշուշտ չի կարող կրկին ոտքի կանգնել անկողնուց, ուր պառկած է»:
 
10Իմ խաղաղության մարդը նույնպես, ում վստահում էի,
նաև նա, որ իմ հետ ուտում էր միևնույն հացը,
այժմ իմ դեմ բարձրացնում է իր կրունկը:
 
11Բայց Դու, Տեր, ողորմիր ինձ,
ոտքի կանգնեցրու ինձ, որպեսզի կարողանամ հատուցել նրանց.
12սրանից կիմանամ, որ սիրում ես ինձ,
եթե թշնամիս իմ վրա հաղթանակ չերգի.
 
13Դու կհաստատես իմ անմեղությունը,
ընդմիշտ կկանգնեցնես ինձ Քո դեմքի առաջ:
 
14Օրհնյալ է Տերը, Աստվածն Իսրայելի,
ի հավիտենից և ի հավիտյանս: Ամեն: Ամեն:
 

 
Վերջ Սաղմոսների Առաջին Գրքի
 
Չարիքի ուժգին հարձակումների դիմաց արդարի ապրած տառապալի վիճակով փակվեց Սաղմոսարանի առաջին մասը: Ընդհարումը մնում է, բայց այլևս լսելի են դառնում ա՛յլ շեշտադրումներ: Այժմ աղոթքը հաճախ դառնում է դեպի Աստված տենչալի ձգտումի և մարդու աքսորական վիճակի հաստատում, և բավականին շատ թվով տեղերում ձայներանգը դառնում է առավել խորհրդազգացական (միստիկ): Ուրիշ հատվածներում, պատմության ամենաճակատագրական պահերը կամաց կամաց առիթներ ու խթաններ են հանդիսանում Աստծո գովքի կամ Նրան ուղղված աղերսանքների համար: Արդարի տառապանքը մնում է, բայց այստեղ դառնում է ավելի ժողովրդի տառապանքը: Իրոք, այս երկրորդ մասի սաղմոսները նախընտրում են ընդգծել հավաքական տեսանկյունը:
Սաղմոսարանի երկրորդ մասը ոմանք անվանում են նաև «Կորխի որդիների սաղմոսարան», քանի որ այս մասի տաղերից մեծամասնության հեղինակումը պատկանում է նրանց գրչին: Նրանք Տաճարին ծառայող ղևտացիներ էին (1Մն 26, 19):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։