Սաղմոս 42 [41] - Հոգիս ծարավի է Աստծուն – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 42 [41] - Հոգիս ծարավի է Աստծուն

Այս սաղմոսում արտահայտվում է մի հրաշունչ աղերսանք: Սաղմոսերգուն, որ թերևս մի ղևտացի քահանա է, գտնվում է Երուսաղեմի Տաճարից հեռու և ենթարկվում է հեթանոսների թշնամական հարձակումներին: Նրա ամենամեծ փափաքն է «տեսնել Աստծո երեսը», այսինքն՝ այցելել Նրա սրբավայրը:
Անդունդը, ջրվեժները, ալեկոծ հորձանքներն ու թշնամին թերևս պատկերն են մահվան, իսկ «Աստծո տունը», որին աքսորյալները փափաքում են վերադառնալ, պատկերն է Աստծո մոտ հավիտենական կյանքի:
Հիսուսը կամեցավ փրկության գործն իր կատարումին հասցնել Երուսաղեմում: Հիսուսի Մարմինն է Աստծո ճշմարիտ Տաճարը (Հվհ 2, 19-21): Այս իսկ պատճառով, Աստծո ծարավը և Նրա Դեմքը տեսնելու փափաքը կարող են գոհացվել միմիայն Հիսուս Քրիստոսի հետ հանդիպմամբ, հատկապես՝ Ամենասուրբ Հաղորդության միջոցով:
Գալու է մի օր, երբ մեր քաղցն ու ծարավն ընդմիշտ հագենալու են Գառան հարսանեկան խնջույքում (Հյտ 19, 7-9): Երկրի վրա ձգվող մեր պանդխտության ընթացքում այս սաղմոսը կօգնի մեզ վերարծարծելու մեզնում Աստծո հետ հավիտենական միության փափաքը: Եվ կմղի մեզ այնպես ապրելու, որ արդի «կուռքերը» չկարողանան կործանել մեզնում մեր էության ամենախորին կողմնորոշումը. Աստծո ծարավը:
 

 
Կցորդ.   Քանի դեռ ապրում ենք այս մարմնում, աքսորի մեջ ենք, Տիրոջից հեռու (2Կր 5, 6):
կամ.  
Ով ծարավի է, թող գա իմ մոտ և խմի.
կենդանի ջրերի գետեր կբխեն նրանում (հմմտ. Հվհ 7, 37-38):
կամ.   Ով ծարավի է, թող գա, ձրիորեն վերցնի կյանքի ջուրը (հմմտ. Հյտ 22, 17):
կամ.   Մենք ընթանում ենք հավատքի մեջ, և ո՛չ տակավին՝ տեսության (հմմտ. 2Կր 5, 7):
կամ.  
Մի՛ վախեցեք և մի՛ խռովվեք,
այլ սրբացրեք Տիրոջը՝ Քրիստոսին ձեր սրտերում (հմմտ. 1Պտ 3, 14-15):
 

 
1Երգչախմբի ղեկավարի համար: Մասքիլ: Կորխի որդիների:
 
2Ինչպես եղջերուն փափաքում է ջրի վտակներին,
այնպես էլ հոգիս փափաքում է Քեզ, ո՜վ Աստված:
 
3Հոգիս ծարավի է Աստծուն, կենդանի Աստծուն,
ե՞րբ եմ գալու՝ տեսնելու Աստծո դեմքը:
 
4Օր ու գիշեր ուրիշ հաց չունեմ, արցունքներից բացի,
մինչ ամբողջ օրն ինձ ասում են, թե.
«Ո՞ւր է քո Աստվածը»:
 
5Մտաբերում եմ անցյալ ժամանակները, հուզվելու աստիճան.
երբ դռներից ներս էի մտնում մինչև Աստծո տունը,
տոնակատար ամբոխի ուրախ երգերով
և շնորհակալության տաղերով շրջապատված:
 
6Ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, ինչո՞ւ ես խռովված.
հուսա՛ Աստծուն, դեռ կկարողանամ օրհնել Նրան.
Աստծո դեմքը փրկություն է:
 
***
 
7Հոգիս ինձնում խռովված է և հիշում եմ Քեզ,
Հորդանանի երկրից ու Հերմոնից,
իմ խոնարհ փոքրիկ բլրակից:
 
8Անդունդը կանչում է անդունդին,
ջրվեժների շառաչով.
բոլոր հորձանքներդ ու ալիքներդ
խուժում, ողողում են անձս:
 
9Տերը պարգևում է ինձ Իր սերը
օրվա ընթացքում.
գիշերն աղոթքս երգում է Նրան,
իմ կյանքի Աստվածն է:
 
10Ասում եմ Աստծուն. «Վեմ իմ,
ինչո՞ւ ես ինձ մոռանում,
ինչո՞ւ եմ տրտում քայլում
թշնամուց չարչարված»:
 
11Մահացու վիրավոր եմ մինչև ոսկորներս,
հակառակորդներս նախատում են ինձ,
մինչ ամբողջ օրն ինձ ասում են, թե.
«Ո՞ւր է քո Աստվածը»:
 
12 Ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, ինչո՞ւ ես խռովված.
հուսա՛ Աստծուն, դեռ կկարողանամ օրհնել Նրան.
Աստծո դեմքը փրկություն է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։