Սաղմոս 44 [43] - Հույսս զենքերի վրա չէ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 44 [43] - Հույսս զենքերի վրա չէ

Հավատարիմ ժողովրդի տառապանքները հասկացվելու համար միշտ էլ դժվարին են: Անցյալում Աստված հրաշքով փրկում էր Իր ժողովրդին (2Օր 4, 32-34; 2Սմ 7, 22-23): Ինչո՞ւ է այժմ թույլատրում, որ կողոպտվի, ստրկացվի ու անարգվի: Սաղմոսերգուն ընդգծում է, որ խոսքը չի կարող պատժի մասին լինել, քանի որ ժողովուրդն առավել հոժարությամբ ընտրում է մահը, քան թե իր Աստծուն ուրանալը:
Մարդիկ շարունակում են բախվել տառապանքի խորհրդավոր իրականության հետ, որն առավել ևս ծածուկ ու դժվարըմբռնելի է դառնում Աստծուն հավատարիմ մնացողների պարագային: Առաքյալները նույնպես չէին հասկանում Վարդապետի խոսքերը, որ կանխավ ավետում էր նրանց Իր մահը: Մինչև իսկ վախենում էին Նրան այդ նյութի շուրջ հարցումներ ուղղելուց (Ղկս 9, 45): Միմիայն հարության լույսի ներքո կարողացան հասկանալ, որ Քրիստոսը պետք է կրեր այդ տառապանքները Իր փառքի մեջ մտնելու համար (Ղկս 24, 26):
Տառապանքի կամ հալածանքի ինչպիսի իրավիճակում էլ որ գտնվենք, թողնենք, որ այս սաղմոսն ուսուցանի մեզ, որ մեր վերջին խոսքը պետք է Աստծո սիրո հանդեպ բացարձակ վստահության հաստատում լինի (Հռմ 8, 28-39):
 

 
Կցորդ.  
Բոլոր փորձություններում առավել քան հաղթական ենք,
շնորհիվ Նրա, ով սիրեց մեզ (հմմտ. Հռմ 8, 37):
կամ.  
Երանի՜ ձեզ, եթե տառապում եք արդարության համար.
մի՛ վախեցեք և մի՛ խռովվեք (հմմտ. 1Պտ 3, 14):
կամ.  
Բոլորի կողմից ատվելու եք իմ Անվան պատճառով,
բայց ձեր գլխի մազերից մեկն անգամ չի կորչելու (Ղկս 21, 17-18):
կամ.  
Մահվան ենթարկվեցիք ընդմեջ Քրիստոսի մարմնի,
պատկանելու համար Նրան, ով հարություն է առել մեռելներից (հմմտ. Հռմ 7, 4):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Կորխի որդիների: Մասքիլ:
 
2Ո՜վ Աստված, մեր ականջները լսեցին,
մեր հայրերը պատմեցին մեզ
գործերը, որ Դու կատարեցիր
նրանց օրոք, հին ժամանակներում:
 
3Քո ձեռքով գահընկեց արեցիր հեթանոսներին,
և նրանք կարողացան բնակվել այնտեղ.
ետ մղեցիր բազմաթիվ ժողովուրդներ,
և նրանք կարողացան տարածվել:
 
4Նրանց սուրը չէ, որ գրավեց երկիրը,
նրանց բազուկը չէ, որ փրկեց նրանց.
այլ՝ Դու Ինքդ էիր, Քո բազկով ու Քո աջով,
Քո դեմքի լույսով, որովհետև սիրում էիր նրանց:
 
5Դու ես իմ Թագավորը, ո՜վ Աստված,
Դու վճռում ես Հակոբի փրկությունը.
6Քո հետ կհաղթենք հակառակորդներին,
Քո Անունով կջախջախենք հարձակվողներին:
 
7Զենքերին չէ, որ հուսացել եմ,
սուրս չի կարող ինձ փրկություն պարգևել.
8միայն Դու կփրկես մեզ մեր հարստահարիչներից
և ամոթով կպատես մեր թշնամիներին.
9ամեն ժամանակ Աստված մեր օրհնությունն է,
անդադար փառաբանում ենք Քո Անունը:
 
***
 
10Բայց այժմ մերժում ես մեզ ու խոնարհեցնում,
ճակատամարտի դուրս չես գալիս մեր զորքերի հետ.
11փախստական ես դարձնում մեզ հակառակորդի առջև,
մեր ունեցվածքներն հափշտակում են մեր թշնամիները:
 
12Գառների նման մեզ հանձնում ես սպանդի,
ցրում ես մեզ հեթանոսների մեջ.
13Դու ոչինչ գնով վաճառում ես Քո ժողովուրդը,
այդպիսի գնով Դու ոչինչ չես շահում:
 
14Մեզ ենթարկում ես մեր հարևանների ծաղրանքին,
սահմանակիցների հեգնանքին ու նախատինքին.
15առակ ես դարձնում մեզ հեթանոսների համար,
օտարականները թափ են տալիս գլուխները:
 
16Ամբողջ օրն առջևս նախատինք է,
ամոթը ծածկում է երեսս,
17լսելով նրան, ով նախատում ու հայհոյում է,
տեսնելով թշնամուն, որ վրեժխնդիր է լինում:
 
***
 
18Այս ամենը թափվեց մեր վրա,
բայց մենք Քեզ չէինք մոռացել,
Քո Ուխտը մենք չէինք խախտել:
 
19Մեր սիրտը ետ չէր դարձել,
մեր քայլերը չէին շեղվել Քո արահետներից.
20բայց այժմ Դու նետում ես մեզ բորենիների մեջ,
մահվան ստվերով ծածկում ես մեզ:
 
21Եթե մոռացած լինեինք մեր Աստծո Անունը,
եթե մեր ձեռքերն ուղղած լինեինք մի օտար աստծո.
22մի՞թե Աստված չէր բացահայտի դա,
Նա, որ ճանաչում է սրտի գաղտնիքները.
23բայց Քո համար է, որ սպանվում ենք ամեն օր,
սպանդի սահմանված գառներ են համարում մեզ:
 
24Արթնացիր, Տեր, ինչո՞ւ ես ննջում,
ոտքի կանգնիր, մի՛ մերժիր մեզ ընդմիշտ.
25ինչո՞ւ ես թաքցնում Քո դեմքը,
մոռանում մեզ, որ խոնարհեցված ենք ու հարստահարված:
 
26Ընկել ենք գետին, բերաններս լցվել են փոշով,
մեր որովայնը կցվել է հողին.
27ոտքի կանգնիր, հասիր մեզ օգնության,
ազատիր մեզ հանուն Քո սիրո:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։