Սաղմոս 46 [45] - Տերը միշտ մեր հետ է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 46 [45] - Տերը միշտ մեր հետ է

Աստծո փառքը հայտնվում է Երուսաղեմում: Այնտեղ է գտնվում Տաճարը, ուր Աստված բնակվում է Իր ժողովրդի մեջ: Քաղաքը համեմատվում է դրախտի հետ (վտակները, որ նրա միջով անցնում են, բերրիության նշան են) և թագավորական գահանիստ վայրի հետ, որտեղից Աստված կառավարում, դատում և օրհնում է մյուս ժողովուրդներին: Այս աշխարհի թագավորների բոլոր փորձերը՝ նվաճելու համար Սուրբ Քաղաքը, բախվում են զորությունների Տիրոջ պաշտպանությանը և փշրվում են (2Թգ 19, 34): Այս համոզվածությունը հիմքն է այն վստահության, որով ներշնչված է ամբողջ սաղմոսը:
Այս սաղմոսում ներկա թեմաները զարմանահրաշ զարգացում են գտնում Հայտնության գրքում. նոր երկինքը, Սուրբ Քաղաքը, նոր Երուսաղեմը, Աստծո բնակվելը մարդկանց հետ. Աստված, որ բնակվում է Իր ժողովրդի մեջ. կենդանի ջրի գետը, բյուրեղի նման ջինջ, որ բխում է Աստծո գահից (Հյտ 21, 1-3; 22, 1): Պողոս Առաքյալն այս բոլոր պատկերներն իրականացած է տեսնում Հիսուս Քրիստոսի Եկեղեցում (Եբր 12, 22-24): Սաղմոսը մեկից ավելի անգամներ կրկնում է, որ Աստված «մեր հետ է»: «Էմանուել», այսինքն՝ «Աստված մեր հետ». սա է անունը Նրա, ով անվանվում է «հզոր Աստված» և միաժամանակ՝ «խաղաղության իշխան» (Ես 9, 5):
Մեր աղոթքին մաս կազմելով, այս սաղմոսը կարող է օգնել մեզ ստանձնելու վստահության դիրքորոշում անձնական նեղությունների դիմաց (տխրություն, անհասկացողություններ, վհատության պահեր), աշխարհում պատահող իրադարձությունների դիմաց (տնտեսական ճգնաժամեր, միջազգային լարվածություններ, պատերազմի վտանգ), ինչպես նաև՝ Եկեղեցում գրանցվող մարդկային ճգնաժամերի դիմաց: Կօգնի մեզ նաև վերարծարծելու մեզնում խաղաղության համար պայքարելու փափաքը: Աստված կամենում է մեր համագործակցությունը՝ կոտրելու համար աղեղներն ու նետերը: Մի օր կհասնենք համոզվելու, որ միմիայն Նա է Աստված:
 

 
Կցորդ.  
Քրիստոս Հիսուսը մեր խաղաղությունն է,
Նա, որ երկուսին միայն մեկ դարձրեց (հմմտ. Եփս 2, 14):
կամ.   Ահա ես ձեր հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վախճանը (Մտթ 28, 20):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Կորխի որդիների:
«Ալամոթ»ի վրա: Երգ:
 
2Աստված մեր համար ապավեն է և ուժ,
տրտմության ժամանակ միշտ մոտիկ օգնություն.
3այս իսկ պատճառով, չենք վախենում, եթե երկիրը խռովվում է,
եթե լեռները փլուզվում են մինչև ծովի անդունդները.
4եթե նույնիսկ նրա ջրերն ուռչում են ու հորդում,
եթե փոթորկի ժամանակ դողում են լեռները:
 
[Տիեզերքի Տերը միշտ մեր հետ է,
մեր ապավենն է Հակոբի Աստվածը:]
 
5Մի գետ իր վտակներով ուրախացնում է Աստծո քաղաքը,
Բարձրյալի բնակված օթևաններից ամենասուրբը.
6Աստված նրանում է, չի կարող սասանվել,
Աստված կօգնի նրան առավոտից մինչև առավոտ.
7եթե հեթանոսները խռովվում են և թագավորությունները սասանվում,
Նրա ձայնը հնչում է և երկիրը վրդովվում:
 
8Տիեզերքի Տերը միշտ մեր հետ է,
մեր ապավենն է Հակոբի Աստվածը:
 
9Եկեք և տեսեք Տիրոջ գործերը,
Նա է, որ զարմանքով լցնում է երկիրը.
10դադարեցնում է պատերազմները մինչև աշխարհի ծայրերը,
նետերն ու աղեղները կոտրում և այրում է վահանները.
11«Կանգ առեք և իմացեք, որ ես եմ Աստված,
բարձրյալ՝ հեթանոսների մեջ, բարձրյալ՝ երկրի վրա»:
 
12Տիեզերքի Տերը միշտ մեր հետ է,
մեր ապավենն է Հակոբի Աստվածը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։