Սաղմոս 47 [46] - Աստված ամբողջ երկրի Թագավորն է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 47 [46] - Աստված ամբողջ երկրի Թագավորն է

Ջանանք երևակայել Ամանորի տոնակատարությունը հնում: Թափորով տարվում է Ուխտի Տապանակը և թափորի ժամանակ եղանակվում է այս տաղը: Իսրայելը հռչակում է Աստծո թագավորությունը, որն իրեն է տվել Քանաանի երկիրն ու Երուսաղեմ քաղաքը և բոլոր հարևան ժողովուրդներին ենթարկել է իրեն:
Մնացել է հին երգը, բայց այն այլևս ներկայանում է որպես ամբողջ տիեզերքի վրա Տիրոջ թագավորության նախերգանքը: Հեթանոսները նույնպես դարձի են գալու և միանալու են Աստծո ժողովրդի մատուցած փառաբանությանը, պանծացնելու համար միակ ճշմարիտ Թագավորին:
Ամենահին ժամանակներից սկսած, քրիստոնեական ավանդությունն այս սաղմոսում տեսել է Հիսուս Քրիստոսի Համբարձման մարգարեական ավետումը. Քրիստոսը համբարձվել է երկինք և Հոր աջ կողմում գահին է բազմել որպես Տեր. այդ օրվանից փրկությունը պարգևվում է բոլոր ժողովուրդներին (Գրծ 2, 34; Փլպ 2, 9-11; Հյտ 5, 7 - 9, 12...): Այս սաղմոսն, իրոք, կարող է հրաշալի կերպով արտահայտել քրիստոնյա ժողովրդի բերկրանքը Քրիստոսի հաղթանակի համար: Սպասելով օրվան, երբ երկնքի ու երկրի բոլոր արարածները կփառավորեն «Նրան, ով բազմում է գահին և Գառանը» (Հյտ 5, 13), այս սաղմոսը վառ է պահում մեր հույսը, հռչակելով, որ Քրիստոսի հաղթանակը պանծացվելու է երկրի բոլոր ժողովուրդների կողմից:
 

 
Կցորդ.  
Համբառնում եմ իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ,
իմ Աստծո մոտ և ձեր Աստծո մոտ (Հվհ 20, 17):
կամ.  
Եթե դուք պատկանում եք Քրիստոսին,
ուրեմն դուք Աբրահամի սերունդն եք (Գղտ 3, 29):
կամ.  
Միայն մեկ Աստված, բոլորի Հայրը,
գերիվեր է բոլորից և բոլորի մեջ է (հմմտ. Եփս 4, 6):
կամ.  
Նրան, որ նստում է գահի վրա, և Գառանը
գովք, պատիվ, փառք և իշխանություն (Հյտ 5, 13):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Կորխի որդիների: Սաղմոս:
 
2Ծափահարեցեք, ժողովուրդներ բոլոր,
աղաղակեցեք առ Աստված ուրախության ձայնով.
3որովհետև Տերը Բարձրյալն է, Ահարկուն,
ամբողջ երկրի մեծ Թագավորը:
 
4Ժողովուրդներին ենթարկում է մեզ,
հեթանոսներին՝ մեր ոտքերի ներքո.
5Նա մեր համար ընտրում է մեր ժառանգությունը,
Հակոբի պանծանքը, որ Նա սիրում է:
 
6Համբառնում է Աստված աղաղակների ուղեկցությամբ,
Տերը՝ եղջյուրի հնչմամբ.
7սաղմոս ասացեք մեր Աստծո համար, սաղմոս ասացեք,
սաղմոս ասացեք մեր Թագավորի համար, սաղմոս ասացեք:
 
8Աստված ամբողջ երկրի Թագավորն է,
սաղմոս ասացեք Նրան իմաստությամբ.
9Աստված թագավորում է բոլոր հեթանոսների վրա,
Աստված բազմում է սրբության Իր գահի վրա:
 
10Ժողովուրդների գլխավորները հավաքվում են,
ահա Աբրահամի Աստծո ժողովուրդը.
Աստծուն է պատկանում երկրի իշխանությունը,
Նա բարձրանում է բոլորի վրա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։