Սաղմոս 48 [47] - Վերապրում ենք Քո սերը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 48 [47] - Վերապրում ենք Քո սերը

Այս տաղը պանծալի բերկրանքով երգում է Աստծո և Նրա Սուրբ Քաղաքի փառքը: Երուսաղեմի ամբողջ փառքը բխում է Տիրոջից, որը, խորհրդավորության քողով պարուրված, բնակվում է Տաճարում, Սիոն անունը կրող բլրան վրա, քաղաքի սրտում: Այնտեղից Նա պաշտպանում է Իր ժողովրդին, այնտեղ է Իսրայելը հանդիպում և փառաբանում Իր Աստծուն: Եվ Աստծո այդ բնակատեղից փրկությունը, բերկրանքն ու փառաբանությունը տարածվում են ամբողջ ժողովրդի և ամբողջ աշխարհի վրա:
Քրիստոնյաների համար Սիոնը մարգարեական պատկերն էր Հիսուս Քրիստոսի Եկեղեցու, որն աշխարհի հոգին է և փրկության նշանը մարդկանց համար, մինչև որ նրանք բոլորը կմիավորվեն Աստծո Արքայությունում, որն է երկնային Երուսաղեմը (Եբր 12, 22; Հյտ 14, 1; 21, 10-26):
 

Կցորդ.  
Այս ժայռի վրա կկառուցեմ իմ Եկեղեցին
և դժոխքի դռները չեն հաղթի նրան (Մտթ 16, 18):
կամ.  
Քաղաքի պարիսպներն ունեն տասներկու հիմքեր,
որոնց վրա գրված են տասներկու Առաքյալների անունները (հմմտ. Հյտ 21, 14):
 

 
1Երգ: Սաղմոս: Կորխի որդիների:
 
2Մեծ է Տերը և ամեն գովքի արժանի.
մեր Աստծո քաղաքում,
3Իր Սրբության լեռան վրա, հիանալի բարձունքում է
երկրի ուրախությունը:
 
Սիոն լեռը երկրի բևեռն է,
քաղաքն է մեծ Թագավորի.
4Աստված հայտնվում է նրա օթևաններում,
որպես անխորտակելի ապաստան:
 
5Ահա, թագավորներն ի մի էին հավաքվել,
միասին հառաջանում էին.
6հազիվ թե տեսան, սարսափեցին,
վախեցած փախան գնացին:
 
7Այնտեղ նրանք ահով բռնվեցին,
ծննդկանի երկունքի նման.
8ինչպես արևելյան քամին,
երբ փշրում է Թարսիսի նավերը:
 
9Ինչպես լսել էինք, այնպես էլ տեսանք Տիրոջ քաղաքում,
տիեզերքի Աստծո քաղաքում,
որի հիմքն Աստված Ինքը դրել է հավիտյան:
 
10Ո՜վ Աստված, վերապրում ենք Քո սերը,
բնակավայրիդ ներսում.
11Քո Անունը և Քո գովքը, ո՜վ Աստված,
մինչև երկրի սահմաններն են:
 
Քո աջը հորդում է արդարությամբ,
12բերկրում է Սիոն լեռը.
ցնծում են Հուդայի քաղաքները
Քո վճիռների համար:
 
13Պտտվեք և կրկին պտտվեք Սիոնի չորսկողմը,
հաշվեցեք նրա աշտարակները.
14երկար դիտեցեք նրա պարիսպները,
այցելեք նրա տները.
 
որպեսզի պատմեք ապագա սերնդին.
15«Ահա Աստված, մեր Աստվածը»,
Նա է, որ միշտ առաջնորդում է մեզ
ավելի անդին, քան մահը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։