Սաղմոս 5 - Առավոտյան ես աղոթում եմ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 5 - Առավոտյան ես աղոթում եմ

Սաղմոսերգուն առավոտյան շուտ տաճար է գնացել աղոթելու և Աստծուն ընծայելու համար իր այդ օրը, որի ընթացքում պարտավորվում է ստանձնել Աստծուն հաճո վարվելակերպ: Գիտակից է, որ լինելու է պայքարի օր: Չեն պակասելու փորձությունները և չարագործների ու ստախոսների նենգությունները: Տիրոջ ծառան, սակայն, ապավինելու է Աստծուն և պահպանելու է սրտի բերկրանքն ու Նրա պաշտպանության վստահությունը:
Ինչպես ա՛յլ դեպքերում (Երմ 11, 18-23; 18, 18-23), անեծքներն այստեղ նույնպես արտահայտում են բուռն փափաքը՝ ի վերջո հաստատված տեսնելու Աստծո արդարությունը: Քրիստոնյայի համար, հոգևոր այլաբանական մտքով արտասանվելով, ուղղվում են ո՛չ թե մարդկանց, այլ՝ չարի դժոխային ուժերի դեմ, որոնց դեմ է մեր իրական պայքարը (Եփս 6, 12):
Քրիստոնյան գիտի, որ պայքարը չի կարող պակասել իր կյանքում և դրան պատրաստվում է Աստծո զրահներով զգեստավորվելով (Եփս 6, 16-17): «Մենք, որ ցերեկվանն ենք» (1Թղ 5, 8), պետք է զգեստավորվենք լույսի զրահներով. հավատքը, հույսը և սերը: Մեր աղոթքը չպետք է կայանա շատ խոսքեր ասելու, այլ՝ Աստծո ծրագրերի համաձայն վարվելու մեջ (Մտթ 7, 21): Եվ պետք է ապրենք ապահով, զորավոր հույսով գոտեպնդված, առանց հոռետեսության: Սա այն է, ինչ պետք է խնդրենք քրիստոնյա ամբողջ հասարակության համար:
 

 

Կցորդ.
 
Աստված դեմ է հպարտներին, խոնարհներին է տալիս Իր շնորհը (1Պտ 5, 5):
կամ.
 
Եթե մեկը սիրում է ինձ, իմ Հայրը կսիրի նրան,
և մենք նրա մեջ կհաստատենք մեր բնակությունը (հմմտ. Հվհ 14, 23):
կամ.
 
Դուք լույս եք Տիրոջ մեջ, ընթացեք որպես լույսի որդիներ (Եփս 5, 8):
 

 
1Երգչախմբի ղեկավարի համար: Սրինգների վրա: Սաղմոս: Դավթի:
 
2Ունկն դիր, Տեր, իմ խոսքերին,
ընկալ իմ թոթովանքը.
3ուշադիր եղիր աղոթող ձայնիս,
Թագավոր իմ և Աստված:
 
4Առավոտյան աղոթում եմ Քեզ, Տեր,
Դու լսում ես իմ ձայնը.
առավոտյան պատրաստվում եմ Քո առաջ ելնելու, և հսկում եմ:
 
5Դու չարիք կամեցող Աստված չես,
չարագործին չես հյուրընկալում.
6ո՛չ, պարծենկոտները չեն դիմանում հայացքիդ դիմաց:
 
Դու մերժում ես չարագործներին,
7կորստյան ես մատնում ստախոսներին.
Տերը խորշում է բռնություն ու նենգություն գործող մարդկանցից:
 
8Բայց ես մտնում եմ տունդ,
սիրույդ առատության պատճառով,
երկյուղովդ երկրպագում եմ Սրբությանդ բնակատեղում:
 
9Տեր, առաջնորդիր ինձ արդարությանդ մեջ.
կան ոմանք, որ լրտեսում են ինձ.
իմ առաջ ուղղիր Քո ճանապարհը:
 
10Նրանց բերանում չկա անկեղծություն,
նրանց որովայնը լի է ոճիրներով,
նրանց կոկորդը լափող գերեզման է,
նրանց լեզուն՝ շողոքորթ ու քծնող:
 
11Մեղավոր համարիր նրանց, ո՜վ Աստված,
թող ձախողվեն նրանց ծրագրերը.
իրենց ահռելի ոճիրների համար հեռու վտարիր նրանց,
քանի որ ապստամբեցին Քո դեմ:
 
12Թող ուրախանա, ով ապավինում է Քեզ,
ընդմիշտ ցնծա. Դու կբնակվես նրա մեջ.
Անունդ սիրողը Քեզնում կգտնի իր փառքը:
13Դու օրհնում ես արդարին, ո՜վ Տեր,
պսակում ես շնորհով և պաշտպանում նրան:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։