Սաղմոս 50 [49] - Աստծուն մատուցված զոհը երախտագիտությունն է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 50 [49] - Աստծուն մատուցված զոհը երախտագիտությունն է

Այս խիստ հանդիմանությունն ընդդեմ նրանց, ովքեր արտաքուստ հետևում են կրոնական արարողություններին, բայց չունեն դրանց հոգին, հիշեցնում է Մարգարեների կողմից արտասանված հանդիմանությունների սաստկությունը: Սաղմոսերգուն իր խոսքը ներկայացնում է որպես աստվածային հանդիսավոր հայտնություն, գրեթե վերջին դատաստանի նման: Ձևական պաշտամունքի դեմ ուղղված այս ուժգին հանդիմանությունը հաճախ է հանդիպում Աստվածաշնչում, հատկապես մարգարեական գրություններում (1Սմ 15, 22; 1Մն 29, 16-19; Ես 1, 10-16; 29, 13...; 58, 1-8; Ովս 6, 6; Միք 6, 5-8; Եր 6, 20; 7, 21; Հվլ 2, 13; Զքր 7, 4-6; Մղք 1, 10) և ներկա է նաև ա՛յլ սաղմոսներում (40, 7-9; 51, 18...; ...):
Ամբաստանությունն ուղղված չէ զոհերի մատուցման դեմ, ո՛չ էլ ծիսակատարությունների դեմ ընդհանուր առմամբ, այլ՝ քննադատվում է միայն այն ձևականությունը, որով ոմանք գոհանում են պարզապես արտաքին արարքներ կատարելով: Ավետարանը շատ է պնդում այս ուսուցման վրա (Մտթ 5, 23; 12, 7; Մրկ 12, 33), որին հանդիպում ենք նաև Պողոս Առաքյալի մոտ, հոգևոր պաշտամունքի մասին նրա ուսուցումներում (Հռմ 12, 7; Փլպ 2, 17; 3, 3): Ձևականության մի ուրիշ տեսակ է կրոնը կամ Օրենքը ավելի շուրթերի վրա ունենալը, քան սեփական սրտում ու կյանքում: Ճշմարիտ հավատք չունի նա, ով չի բացահայտում բարոյական պահանջները, հատկապես արդարությունը և ուրիշների նկատմամբ հարգանքը: «Ո՛չ ամեն ոք, որ ինձ ասում է. “Տե՜ր, Տե՜ր”, կմտնի երկնքի արքայություն», ասում է Հիսուսը (Մտթ 7, 21):
 

 
Կցորդ.   Ամբողջ Օրենքն իր լիությամբ ամփոփված է այս մեկ խոսքի մեջ. Պիտի սիրես (հմմտ. Գղտ 5, 14):
կամ.  
Սիրել Աստծուն և սիրել մերձավորին.
սա ավելին արժե, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը (հմմտ. Մրկ 12, 33):
կամ.  
Եթե միայն հասկացած լինեինք, թե ի՜նչ է նշանակում.
«Ողորմություն եմ ուզում և ո՛չ թե զոհ» (Մտթ 12, 7):
կամ.   Ով վարկաբեկում կամ դատում է եղբորը, վարկաբեկում և դատում է Օրենքը (հմմտ. Հկբ 4, 11):
կամ.   Աստված հաստատել է մի օր, որում արդարությամբ դատելու է աշխարհը (հմմտ. Գրծ 17, 31):
կամ.   Հիշիր այն, ինչ լսեցիր, և դարձի եկ. եթե արթուն չես, կգամ ինչպես գող (հմմտ. Հյտ 3, 3):

 


 
1Սաղմոս: Ասափի:
 
Աստված, որ Աստված է, Տերը
պատրաստվում է խոսելու և ժողովի կանչելու երկիրը
արևելքից, ուր ծնվում է արևը,
մինչև արևմուտք, ուր արևն իջնում է:
 
2Սիոնից, կատարյալ գեղեցկություն, Աստված փայլում է,
3մեր Աստվածը գալիս է և չի լռում.
լափող կրակ է Նրան նախորդում,
Նրան շրջապատում է մի սաստիկ մրրիկ.
4ի վերուստ կանչում է երկինքն ու երկիրը,
դատաստանի մտնելու համար Իր ժողովրդի դեմ:
 
5«Իմ առջև հավաքեցեք Իմ հավատացյալներին,
որոնք զոհի մատուցմամբ կնքեցին Իմ դաշինքը»:
6Երկինքը հռչակում է Նրա արդարությունը,
այո՛, Աստված Ինքն է դատավորը:
 
***
 
7«Լսիր, ժողովուրդ Իմ, կամենում եմ խոսել,
վկայելու եմ քո դեմ, Իսրայել.
Ես եմ Աստված, քո Աստվածը:
 
8Չեմ հանդիմանում քեզ զոհերիդ համար,
քո ողջակեզները միշտ Իմ առջև են.
9չեմ վերցնում քո տան հորթուկները,
և ո՛չ էլ քո փարախների այծերը:
 
10Դաշտի կենդանիներն Իմն են,
հազարավոր հոտեր ունեմ լեռների վրա.
11ճանաչում եմ սարերի բոլոր թռչուններին,
հովիտների գազաններն Իմն են:
 
12Եթե քաղցած լինեի, քեզ չէի ասի,
Իմն է աշխարհն ու իր լիությունը.
13մի՞թե Ես հորթի միս եմ ուտում,
մի՞թե խմում եմ այծերի արյունը:
 
14Երախտագիտության զոհ մատուցիր Աստծուն,
Բարձրյալի առաջ կատարիր խոստումներդ.
15կանչիր ինձ տրտմության օրը,
կազատեմ քեզ և դու կփառաբանես ինձ»:
 
16Բայց մեղավորին Աստված հայտարարում է.
«Ինչո՞ւ ես դու կրկնում Իմ պատվիրանները
և շուրթերիդ վրա պահում Իմ դաշինքը.
17բայց հետո ատում ես կանոնապահությունը
և թիկունքիդ ետևն ես նետում Իմ խոսքերը:
 
18Եթե մի գող ես տեսնում, վազում ես նրա հետ,
պոռնկացողների հետ է քո ընկերությունը.
19չարիքին ես հանձնում քո բերանը,
լեզուդ զուգավորվում է կեղծիքի հետ:
 
20Երբ նստում ես, վարկաբեկում ես եղբորդ
և արհամարհում ես քո մոր որդիներին.
21եթե դու այսպես ես վարվում, մի՞թե պետք է լռեմ,
մի՞թե կարծում ես, թե Ես էլ քո նման եմ.
ահա՛ քեզ ուղղված Իմ մեղադրանքն ու դատապարտությունը:
 
22Թող սա հասկանա, ով մոռանում է Աստծուն,
այլապես՝ կհարվածեմ առանց փրկության ելք թողնելու.
23ով երախտագիտության զոհ է մատուցում, Ինձ փառաբանում է,
նրա ճանապարհին կբացահայտեմ Աստծո փրկությունը»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։