Սաղմոս 53 [52] - Չկա մեկը, որ բարիք գործի – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 53 [52] - Չկա մեկը, որ բարիք գործի

Երբ մարդն իր սրտից հեռացնում է Աստծուն, հասնում է ուրանալու և շահագործելու նաև մարդկանց՝ իր եղբայրներին, և իրեն որպես օրենք է դարձնում անարդարությունը: Բայց աղքատների ու հարստահարվածների Տերը հսկում է: Այս սաղմոսում որոշակի փոփոխություններով վերարտադրվում է 14րդ սաղմոսի բովանդակությունը:
 

 
Կցորդ.   Բոլոր մարդիկ էլ մեղանչել են և զրկվել Աստծո փառքից (հմմտ. Հռմ 3, 23):
կամ.  
Աշխարհի վերջում, գալու են հրեշտակները
և բաժանելու են չարերին արդարներից (Մտթ 13, 49):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: «Պարեր»ի վրա: Մասքիլ: Դավթի:
 
2Անմիտն ասում է իր սրտում.
«Աստված գոյություն չունի».
այլասերված են և պղծություններ են գործում,
չկա մեկը, որ բարիք գործի:
 
3Բայց Աստված դիտում է երկնքից,
զննում է մարդկանց.
տեսնելու համար, թե կա՞ մի իմաստուն,
կա՞ արդյոք Աստծուն փնտրող մեկը:
 
4Բոլորն էլ շեղվել են ճանապարհից,
ապականության մեջ միացած.
չկա մեկը, որ բարիք գործի,
և ո՛չ իսկ մեկը:
 
5Գիտակցություն չունե՞ն չարագործները,
որ լափում են իմ ժողովրդին.
սա է հացը, որ ուտում են,
Աստծուն չհավատալով:
 
6Բայց ահա, սարսափը պատելու է նրանց,
առանց վախենալու պատճառ ունենալու.
որովհետև Աստված ցրելու է քո վրա հարձակվողների ոսկորները,
դու ծիծաղելու ես. «Աստված նրանց հաղթեց»:
 
7Ո՞վ կտա Իսրայելին փրկությունը,
որ գալիս է Սիոնից.
երբ կվերադառնա մեր Աստվածը,
կվերադառնա Իր ժողովուրդը.
ուրախությունից պարելու է Հակոբը,
ցնծալու է Իսրայելը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։