Սաղմոս 59 [58] - Ամեն երեկո վերադառնում են – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 59 [58] - Ամեն երեկո վերադառնում են

Սաղմոսարանում կրկին ու կրկին ներկայանում է հանիրավի հալածված արդարի կերպարը: Ահա չարագործները, ատամները կրճտացնող շների նման թափառում են քաղաքի փողոցներում, փնտրելով անմեղ զոհերի: Նկարագրությունը բավականին դաժան է, նզովքները՝ սաստիկ ու վրիժառու: Բայց Աստված անշուշտ թե չի կարող անվերջ հանդուրժել ստությունն ու նենգությունը, Ամենակալը չի կարող թույլատրել, որ Իրեն ծաղրեն. Իր իսկ անվանն ու պատվին է վերաբերվում հարցը:
 

 
Կցորդ.  
Տերն ասաց ինձ. «Քեզ բավական է իմ շնորհը:
Իմ զորությունը բացահայտվում է տկարության մեջ» (հմմտ. 2Կր 12, 9):
կամ.  
Ո՛չ մահը, ո՛չ զորությունները, ո՛չ խորությունները
չեն կարող անջատել մեզ Աստծո սիրուց (հմմտ. Հռմ 8, 38-39):
կամ.  
Ով տառապում է Աստծո կամքի համաձայն,
թող իր կյանքը վստահի հավատարիմ Արարչին (հմմտ. 1Պտ 4, 19):
կամ.  
Մի՛ զարմացեք, որ աշխարհը ձեզ ատում է.
մենք անցել ենք մահից կյանքի (հմմտ. 1Հվհ 3, 13-14):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Մի՛ կործանիր: Դավթի: Միքթամ:
Երբ Սավուղը մարդիկ ուղարկեց հսկելու նրա տունը, նրան սպանելու համար:
 
2Ազատիր ինձ, Աստված իմ, իմ թշնամիներից,
պաշտպանիր ինձ վրաս հարձակվողներից.
3ազատիր ինձ ոճրագործներից,
արյունարբուներից փրկիր ինձ:
 
4Ահա, որոգայթներ են լարում կյանքիս,
անողոք նետվում են իմ դեմ.
առանց իմ կողմից վիրավորանքի, ո՛չ մեղքի, ո՛չ հանցանքի,
5վազում ու դարանակալում են, Տեր:
 
Արթնացիր, տես, ընդառաջ ել ինձ,
6Տեր, տիեզերքի Աստված, Աստված Իսրայելի.
զարթնիր և հարվածիր կռապաշտներին առանց ողորմության,
նրան, ով դավաճանում է ստությամբ:
 
7Ամեն երեկո վերադառնում են, հաչալով՝ շների նման,
թափառում են ամբողջ քաղաքով մեկ:
 
8Նրանց բերանը նախատում է, նրանց շրթունքները դաշույններ են,
և ասում են. «Ո՞վ է մեզ լսում».
9բայց Դու, Տեր, ծաղրում ես նրանց,
ծիծաղում ես բոլոր կռապաշտների վրա:
 
10Ես Քեզ եմ դիմում, զորություն իմ,
այո՛, իմ ապավենն Աստված է.
11Աստծո սերը կանխում է ինձ,
Աստված ինձ տեսնել է տալիս ինձ լրտեսողին:
 
12Բայց Դու, Տեր, մի՛ սպանիր նրանց,
որպեսզի իմ ժողովուրդը չմոռանա.
թող զորությունդ հպատակեցնի նրանց և ցիրուցան անի,
Տեր, Դու ես մեր վահանը:
 
13Հազիվ թե բացում են իրենց բերանները, մեղանչում են.
թող խճճված մնան իրենց գոռոզության մեջ,
անեծքներ արտասանեցին ու կեղծիք:
 
14Ոչնչացրու նրանց զայրույթով, ոչնչացրու և այլևս թող չլինեն.
կիմանան, որ Աստված իշխում է Հակոբի վրա
և երկրի մի ծագից մինչև մյուսը:
 
15Ամեն երեկո վերադառնում են, հաչալով՝ շների նման,
թափառում են ամբողջ քաղաքով մեկ:
 
16Ահա նրանք, որս են փնտրում,
գիշերով ոռնում են անհագ.
17բայց ես երգելու եմ Քո ուժը,
առավոտյան՝ պանծացնելու եմ Քո սերը:
 
Դու իմ համար ապավեն եղար,
ապաստան՝ նեղության օրը.
18ո՜վ զորություն իմ, Քեզ եմ երգելու,
իմ ապավենն Աստված է, Աստված, որ ինձ սիրում է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։