Սաղմոս 6 - Բժշկիր ինձ, Տեր – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 6 - Բժշկիր ինձ, Տեր

Հիվանդությունը հաճախակի է մարդու կյանքում: Ինչպե՞ս է աղոթում սաղմոսերգուն: Սրտահույզ կերպով նկարագրում է իր անձնական վիճակը, երկխոսում է Աստծո հետ, ընդունում է իր մեղքը: Եվ տառապանքների մեջ գտնվելով հանդերձ, ամուր փարվում է համոզմունքին, որ Աստված բարի է ու ողորմած: Նրա հավատքն իրոք արտակարգ է:
Քրիստոսն աղոթեց Հորը չարչարանքների ժամին (Մրկ 14, 36): Նրա աղոթքը չեղավ փախուստի փորձ, այլ՝ Հոր կամքի արմատական ընդունում: Խաչի վրա, Քրիստոսն Իր երկրային կյանքն ավարտեց Հոր նկատմամբ վստահության արտահայտություններով (Ղկս 23, 46):
Մենք նույնպես ճանաչում ենք հիվանդությունը, տառապանքը, անձկության պահերը: Եվ մենք նույնպես պետք է վստահություն ունենանք, որովհետև Հայրը սիրում է մեզ: Քրիստոսն Ինքը այդ սիրո ապացույցն է (Հվհ 16, 27): Եթե Հայրն Իր Որդուն հանձնեց մեր համար, ո՛չ հիվանդությունը, ո՛չ էլ մյուս նեղությունները կկարողանան երբևէ բաժանել մեզ Իր սիրուց (Հռմ 8, 31-39): Սա՛ է մեր հավատքի հրաշալի վստահությունը:
 

 
Կցորդ.
 
Հիվանդներն է, որ բժշկի կարիքն ունեն:
Չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին (հմմտ. Մրկ 2, 17):
կամ.
 
Երանի՜ ձեզ, որ այժմ արտասվում եք, որովհետև մխիթարվելու եք (Ղկս 6, 21):
 

 
1Երգչախմբի ղեկավարի համար: Լարային գործիքների վրա: Ութերորդականի վրա:
Սաղմոս: Դավթի:
 
2Տեր, զայրույթով մի՛ հանդիմանիր ինձ,
մի՛ խրատիր ինձ բարկությամբ.
3ողորմիր ինձ, Տեր, ուժասպառ եմ,
բժշկիր ինձ, խռովվել են ոսկորներս.
4հոգիս վրդովված է, Տեր,
բայց Դու, Տեր, մինչև ե՞րբ:
 
5Վերադարձիր, Տեր, բժշկիր ինձ,
փրկիր ինձ հանուն Քո սիրո.
6քանի որ մահվան մեջ ոչ ոք չի հիշում Քեզ,
ո՞վ է երախտիք մատուցում Քեզ դժոխքում:
7Երկարատև հեծեծանքներիս պատճառով նվաղեցի,
ամեն գիշեր արտասվում եմ անկողնուս վրա,
արցունքներով թրջում եմ մահիճս.
8աչքերս տկարանում են տառապանքների մեջ,
բազում հակառակորդներիս պատճառով հյուծվել եմ:
 
9Հեռացեք ինձնից, դուք բոլորդ, որ անօրենություն եք գործում.
Տերը լսում է իմ հեծեծանքները,
10Տերը լսում է իմ աղաչանքը,
Տերն ընդունում է իմ աղոթքը.
11թող ամաչեն և շփոթության մատնվեն թշնամիներս,
իսկույն ետ նահանջեն խուճապահար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։