Սաղմոս 61 [60] - Օր առ օր կկատարեմ ուխտերը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 61 [60] - Օր առ օր կկատարեմ ուխտերը

Մի ղևտացի քահանա, որին ասորիները Ք.ա. 598 թվականին գերի էին տարել Բաբելոն, այրվում է Սուրբ Քաղաք վերադառնալու և Տաճարում իր քահանայական պաշտամունքը վերսկսելու տենչանքով, որովհետև դրանում է տեսնում իր գոյության իմաստը: Աքսորյալն իր աղերսանքի վերջավորությանը աղոթքի խոսքեր է ավելացնում նաև Մեսիա Թագավորի համար, որը պետք է ծնվեր արքայական սերնդից (2Սմ 7; 1Մն 17, 14) հավիտենական իշխանությամբ թագավորելու համար, և որի գալստյանն էր սպասում Հին Ուխտի ժողովուրդը:
Նրանց սպասումները լիովին իրականացան հանձինս Հիսուս Քրիստոսի: Քրիստոնյայի համար, այս սաղմոսի խոսքերը կարող են արտահայտել հավիտենական կյանքի փափաքը Աստծո ներկայությանը:
 

 
Կցորդ.  
Իմ Հոր տանը բազում օթևաններ կան
և ես գնում եմ ձեր համար տեղ պատրաստելու (հմմտ. Հվհ 14, 2):
կամ.   Տեր, ո՞ւմ մոտ գնանք. ահա Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես (Հվհ 6, 68):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Լարային գործիքների վրա: Դավթի:
 
2Լսիր, ո՜վ Աստված, իմ աղաղակը,
ուշադրություն դարձրու իմ աղոթքին.
3նվաղած սրտով կանչում եմ Քեզ հեռավոր երկրներից,
մի անհասանելի ժայռի վրա բարձրացրու ինձ:
 
4Այո, Դու ապաստան ես իմ համար,
մի ամրոց՝ հակառակորդի դիմաց.
5թող կարողանամ ես մշտապես բնակվել հարկիդ ներքո,
պահպանիր ինձ թևերիդ ստվերում.
6Դու, ո՜վ Աստված, ընդունում ես իմ իղձերը,
ահա՛ Անվանդ սիրահարների ճակատագիրը:
 
7Մեսիա Թագավորի օրերին օրեր ավելացրու,
նրա տարիները թող հավիտենական դառնան.
8թող ընդմիշտ բազմի Աստծո երեսի առաջ,
շնորհն ու ճշմարտությունը թող պահպանեն նրան.
9մշտատև երգելու եմ Քո Անունը,
օր առ օր կատարելու եմ ուխտերը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։