Սաղմոս 64 [63] - Պանծանում են սրտով ուղիղները – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 64 [63] - Պանծանում են սրտով ուղիղները

Սրտով ուղիղ մարդիկ միշտ էլ կարծես զինաթափված են գտնվում նենգ դավադրությունների ու զրպարտությունների դիմաց, որոնց զոհն են դառնում: Նրանք, ովքեր դավեր են նյութում, գործում են ստվերում և կարծում են, թե ապահով վիճակում են: Բայց Աստված տեսնում է մարդկանց ծածուկ գործերն ու ծրագրերը. Նրա դատաստանը հասնում է բոլոր նրանց, ովքեր կեղծում են արդարությունը: Փոխադարձ պատժի օրենքից ներշնչված (աչք աչքի փոխարեն, ատամ՝ ատամի), հեղինակը – որն, համենայն դեպս, մնում է Հին Ուխտի մտահամակարգի սահմաններում, տակավին չունենալով հանձինս Հիսուսի մեզ տրված աստվածային ամբողջական հայտնությունը – կարծում է, որ Աստված այս կյանքում արդեն չարագործների դեմ է շրջելու իրենց սեփական չարությունը, մինչ ակնհայտ է դարձնելու արդարի անմեղությունը: Մարդկային յուրաքանչյուր կյանք դրված է Աստծո դատաստանի դիմաց. արդարն իր բերկրանքը կգտնի Տիրոջ մոտ: Ահա՛ այս սաղմոսի ուսուցումը, թեև հարկավոր է ընդգծել, որ Տիրոջ ճանապարհները հետևում են ամբողջովին ա՛յլ, առավել խորհրդավոր ընթացքի, քան կարող էր պատկերացնել Հին Ուխտին մաս կազմող այս աղոթքի հեղինակը: Քրիստոնյան ևս, համենայն դեպս, կարող է իր աղոթքին մաս դարձնել այս սաղմոսը, իբրև մարգարեական հռչակում այն բանի, որ վերջնական հաղթանակը միշտ և անհրաժեշտորեն պատկանում է Աստծո արդարությանը:
 

 
Կցորդ.  
Մարդկային սրտից են բխում չար մտածումները.
սրանք են, որ ապականում են մարդուն (հմմտ. Մտթ 15, 19-20):
կամ.  
Աստված զորություն արեց Իր բազկով,
ցրեց հպարտներին իրենց սրտերի խորհուրդներում (հմմտ. Ղկս 1, 51):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Սաղմոս: Դավթի:
 
2Լսիր, ո՜վ Աստված, լացիս աղաղակը,
թշնամուց պաշտպանիր կյանքս.
3հեռացրու ինձ չարագործների դավադրությունից,
նրանցից, ովքեր կազմակերպում են չարիքը:
 
4Դաշույնի նման սրում են իրենց լեզուն,
դառն խոսքեր են նետում նիզակների նման.
5գաղտնի հարվածելու համար անմեղին,
հանկարծակի հարվածում են նրան առանց երկյուղի:
 
6Հետևում են չարամիտ ծրագրերի,
որոշում են դարաններ լարել,
միմյանց ասում են. «Ո՞վ է տեսնում դրանք».
7խնամքով պատրաստում են ոճիրները,
իրագործում են իրենց ծրագրերից յուրաքանչյուրը,
նրանց սիրտն ապականված է ու անթափանցելի:
 
8Բայց Աստված նիզակով հարվածում է նրանց,
հանկարծակի զգում են վերքը.
9իրենց իսկ լեզուն կործանելու է իրենց,
ով նրանց տեսնելու է, գլուխ է թափահարելու:
 
10Իսկ մարդիկ բռնվում են երկյուղով,
հռչակում են Աստծո գործը,
սովորում են կշռադատել Նրա գործելակերպը.
11հավատացյալն ուրախանում է Տիրոջ մեջ,
ապաստան է գտնում Նրա մոտ,
պանծանում են բոլոր սրտով ուղիղները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։