Սաղմոս 65 [64] - Քեզ վայելում է օրհնությունը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 65 [64] - Քեզ վայելում է օրհնությունը

Սաղմոսերգուն գովաբանում է Աստծո բարությունը, հատկապես ընդգծելով Նրա ներման վեհանձնությունը: Ինչպես նաև արտահայտում է իր շնորհակալության զգացումներն առատ անձրևների համար, որոնք պտղառատ են դարձնում երկիրը:
Երախտագիտության մատուցումը Հիսուսի կողմից նախասիրված աղոթքի կերպն էր (Ղկս 10, 21; Հվհ 11, 41; Մրկ 6, 41; 14, 22): Պողոս Առաքյալն անդադար երախտագիտություն էր մատուցում Աստծուն, հատկապես Հիսուսին մեզ պարգևած լինելու համար, և հաճախ էր քրիստոնյաներին կոչ անում նմանապես վարվելու (Հռմ 7, 25; 1Կր 1, 4; 15, 57; 1Թղ 1, 2; 2, 13; 5, 18; Փլպ 4, 6; Եփս 5, 20; Կղս 3, 15-17):
Սաղմոսը սկսվում է հաստատումով, որ Աստծուն է վայելում օրհնությունը: Այս խոսքերը մեր աղոթքում կրկնելով, կարող ենք մտովին գնալ Սուրբ Պատարագի մատուցմանը, որի ընթացքում դավանում ենք, որ արդար է ճշմարտապես և իրավացի՝ երախտագիտություն մատուցել Հորը Հիսուս Քրիստոսի՝ Իր սիրեցյալ Որդու համար:
 

 
Կցորդ.  
Ահա, պատրաստեցի իմ խնջույքը.
ամեն բան պատրաստ է, եկեք հարսանիքի (հմմտ. Մտթ 22, 4):
կամ.   Երանի՜ նրանց, ովքեր հրավիրվել են Գառան հարսանյաց խնջույքին (Հյտ 19, 9):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Սաղմոս: Դավթի: Երգ:
 
2Լռությունը Քո համար գովասանք է,
ո՜վ Աստված, Սիոնում.
Քո համար են պահպանվում ուխտերը,
3Դու լսում ես աղոթքը:
 
Դեպի Քեզ է գալիս մարմնեղեն ամեն էակ
մեղքի ծանրությամբ.
4մեր հանցանքները մեզնից ավելի ուժեղ են,
բայց Դու ջնջում ես դրանք:
 
5Երանելի է նա, ում ընտրում ես ու հրավիրում
բնակվելու Քո կողքին.
հագենալու ենք Քո տան բարիքներով,
բարիքներով Քո սուրբ բնակավայրի:
 
6Արդարությանդ համաձայն՝ պատասխանում ես մեզ հրաշքներով,
ո՜վ Աստված, փրկություն մեր,
հույս երկրի բոլոր ծագերի
և հեռավոր ծովերի:
 
7Դու հաստատուն ես դարձնում լեռները,
ուժով ու զորությամբ պատված.
8և հանդարտեցնում ես ծովի ու ալիքների շառաչը,
խռովությունը հեթանոսների:
 
9Ապշում են հեռավոր բնակիչները
ի տես Քո նշանների.
Դու բերկրանք ես առաջացնում
արևելքի ու արևմուտքի դռներին:
 
10Դու այցելում ես երկրին և ոռոգում ես այն,
լիացնում ես բարիքներով.
Աստծո գետն առատորեն լի է ջրով,
պատրաստում ես հունձքը:
 
Անձրևներով պատրաստում ես երկիրը,
11ոռոգում ես նրա ակոսները.
հարթեցնում ու փափկացնում ես հողակոշտերը,
օրհնում ես նրա ծիլերը:
 
12Քո բարիքներով պսակում ես տարին,
որտեղով Դու անցնում ես, բխում է առատությունը,
13ցայտում են անապատի օազիսները,
բլուրները հագնում են ցնծություն,
14պուրակները ծածկվում են երամակներով,
հովիտները զարդարվում են հունձքով,
ամեն բան երգում է և ցնծում ուրախությամբ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։