Սաղմոս 69 [68] - Ընկղմվում եմ ջրերի անդունդներն ի վար – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 69 [68] - Ընկղմվում եմ ջրերի անդունդներն ի վար

Այս սաղմոսը, ինչպես 22րդը, Նոր Կտակարանում ամենաշատ մեջբերված սաղմոսներից մեկն է: Ավետարաններն այն երկու անգամ վերագրում են Հիսուսին. Տաճարից վաճառականների վռնդման դրվագում («Աշակերտները հիշեցին, որ գրված է. “Տանդ հանդեպ նախանձախնդրությունն ուտում է ինձ”». Հվհ 2, 17) և չարչարանքների հատվածում («Նրան լեղիով խառնված գինի տվեցին խմելու». Մտթ 27, 34):
Սաղմոսը բաժանված է երեք մասի. ողբը (2-13), աղերսանքը և նզովքները թշնամիների դեմ (14-29), Տիրոջ մոտ ընդունելություն գտնելու վստահությունն ու երախտագիտության հայտնումը (30-37):
Սաղմոսերգուն երկու անգամ խոսում է իր թշնամիների մասին: Ընդգծում է նրանց բազմաքանակ լինելը և նրանց անարդար ու դաժան վարվելակերպը, նրանց համեմատելով խռովահույզ հորձանքների հետ, որոնք կարող են ընկղմել իրեն, և ցեխոտ ճահճուտի հետ, ուր կարող է խեղդվել:
Թշնամիների ծաղրը նրան տառապանք է պատճառում, բայց է՛լ ավելի մեծ է նրա վիշտը այն բանի համար, որ իր մտերիմները լքում են իրեն: Ոչ ոք չի կարեկցում նրան: Հալածանքի պատճառը, որին ենթարկվում է, Աստծո տան հանդեպ նրա նախանձախնդրությունն է: Սաղմոսերգուն մտածում է խոնարհների մասին, որոնք հավատարմորեն փնտրում են Աստծուն. նրանք վստահությունն ունեն, որ Աստված կփրկի իրեն, որովհետև տառապում է Աստծո Անվան համար: Իսկ երբ կիմանան, որ Աստված լսել է Իր աղքատներից մեկի աղոթքը, նրանց սիրտը կլիանա ուրախությամբ:
Նզովքները, որոնք հանդիպում են այս և մյուս սաղմոսներում, քրիստոնեական ավանդությունը դրանց մեջ տեսնում է մարգարեական ուղղվածություն ընդդեմ սատանայի և չար ոգիների ու մեղքերի, որոնք են մարդու իրական ու հիմնական թշնամիները: Իսկ մարդկանց, որքան էլ որ նրանք թշնամաբար տրամադրված լինեն մեր նկատմամբ, քրիստոնյան գիտի, որ իր աղոթքներում նրանց չի կարող ուղղել նզովքի, այլ միմիայն ներման ու օրհնության խոսքեր (Մտթ 5, 44; Ղկս 23, 34; Հռմ 12, 14): Քանի դեռ ապրում է այս աշխարհում, քրիստոնյան հետևելիք միայն մի օրինակ ունի, Քրիստոսի օրինակը, որը «նախատինքներին նախատինքներով չէր պատասխանում և վրեժխնդրությամբ չէր սպառնում» (1Պտ 2, 23-24):
 

 
Կցորդ.  
Քացախը խմելուց հետո, Հիսուսն ասաց.
«Ամեն բան կատարված է» (հմմտ. Հվհ 19, 30):
կամ.  
Կատարվեց նրանց օրենքի խոսքը.
«Առանց պատճառի ատեցին ինձ» (հմմտ. Հվհ 15, 25):
կամ.   Աստված Տեր և Քրիստոս կարգեց այն Հիսուսին, որին դուք խաչեցիք (Գրծ 2, 36):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: «Շուշաններ»ի վրա: Դավթի:
 
2Փրկիր ինձ, Աստված,
ջուրը մինչև կոկորդս է հասնում.
3ընկնում եմ անհատակ ցեխի մեջ,
ոչինչ ինձ չի կասեցնում.
ընկղմվում եմ ջրերի անդունդներն ի վար,
հորձանքը կլանում է ինձ:
 
4Նվաղել եմ աղաղակներիս պատճառով,
կոկորդս չորացել է.
աչքերս սպառվել են
իմ Աստծո սպասման մեջ:
 
5Գլխիս մազերից ավելի բազմաթիվ են
ինձ առանց պատճառի ատողները.
առջևումս հզոր հակառակորդներ կան,
զրպարտող թշնամիներ:
 
Բայց ես ոչինչ չեմ գողացել,
ի՞նչ պետք է վերադարձնեմ.
6Աստված, Դու ճանաչում ես իմ հիմարությունը,
հանցանքներս անհայտ չեն Քեզ:
 
7Ով հուսացել է Քեզ, թող իմ պատճառով չկարմրի,
Տեր, տիեզերքի Աստված.
իմ պատճառով թող չամաչի, ով փնտրում է Քեզ,
Աստված Իսրայելի:
 
8Քո համար է, որ կրում եմ նախատինքը,
անարգանքները ծածկում են երեսս.
9եղբայրներիս համար մի օտարական եմ,
մի անծանոթ՝ մորս որդիների համար.
10տանդ նախանձախնդրությունը ուտում է ինձ,
ով Քեզ նախատում է, նախատում է նաև ինձ:
 
11Եթե արտասվում եմ և ծոմ պահում,
ծաղրանքի առարկա եմ դառնում.
12եթե ապաշխարության զգեստ եմ հագնում,
նրանց համար առակ եմ դառնում.
13դռների սեմին մեկնաբանություններ են կատարում իմ մասին,
խմելու նստած՝ ծաղրում են ինձ:
 
***
 
14Բայց ես աղոթքի մեջ եմ մնում Քո առաջ,
Տեր, շնորհի ժամանակ է.
մեծ սիրույդ համաձայն՝ պատասխանիր ինձ, Աստված,
ըստ պարգևածդ փրկության հավատարմության:
 
15Հանիր ինձ ցեխից, որպեսզի չընկղմվեմ,
ազատիր ինձ ատողներից, ջրերի անդունդից.
16հորձանքը չքշի տանի ինձ, ջրապտույտը չկլանի ինձ,
անդունդի բերանը չփակվի իմ վրա:
 
17Տեր, պատասխանիր, Քո սերը բարություն է,
հայացքդ վրաս դարձրու ըստ Քո մեծ ողորմության.
18երեսդ մի՛ թաքցրու Քո ծառայից,
ծայր աստիճանի եմ հասել, շուտո՛վ, պատասխանիր ինձ.
19մոտեցիր ինձ և ազատիր ինձ,
փրկիր ինձ իմ թշնամիներից:
 
20Դու գիտես իմ շփոթությունը, իմ անարգությունն ու իմ ամոթը,
իմ նեղիչները բոլորն էլ Քո առջև են.
21նախատինքը փշրում է սիրտս,
հիվանդությունս դառնում է անբուժելի:
 
Հուսացի կարեկցանք գտնել, բայց ի զուր,
մխիթարիչներ, բայց չգտա ոչ ոք.
22լեղի են տալիս ինձ որպես կերակուր,
մինչ ծարավ եմ, քացախ են տալիս խմելու:
 
23Նրանց սեղանը թող մի որոգայթ դառնա,
նրանց խնջույքները մի ծուղակ լինեն.
24նրանց աչքերը, կուրացած, թող չտեսնեն,
ընդմիշտ փշրիր նրանց կողերը:
 
25Նրանց վրա թափիր Քո զայրույթը,
թող նրանց հասնի բարկությանդ հուրը.
26նրանց բնակությունը թող անապատ դառնա,
ոչ ոք չհյուրընկալվի նրանց վրաններում:
 
27Քանի որ հետապնդում են նրան, ում Դու ապտակում ես,
հաշվելով վերքերը նրա, ում Դու հարվածում ես.
28վերագրիր նրանց ոճիր ոճիրի վրա
և թող երբեք ներում չստանան Քեզնից.
29թող ջնջվեն կյանքի գրքից,
չարձանագրվեն արդարների շարքում:
 
***
 
30Ինչ վերաբերվում է ինձ, ստորացածս ու չարչարվածս,
ինձ կրկին կբարձրացնի փրկությունդ, Աստված.
31գովելու եմ Աստծո Անունը երգերով,
մեծարելու եմ Նրան երախտիք մատուցելով.
32Տերը հաճույքով կընդունի այս ընծան,
ավելի, քան մի հորթի՝ մաքուր զոհի ընծայումը:
 
33Խոնարհները թող տեսնեն և ուրախ լինեն,
Աստծուն փնտրողներին՝ կյանք և զվարթություն.
34որովհետև Տերը լսում է աղքատներին,
չի արհամարհում նրան, ով Իրեն է հարում:
 
35Թող փառաբանեն Նրան երկինքն ու երկիրը,
ծովերը և ինչ որ նրանցում շարժվում է.
36որովհետև Աստված փրկելու է Սիոնը
և վերականգնելու է Հուդայի քաղաքները,
դրանք դարձնելու է մի բնակավայր, տիրույթ,
37ժառանգություն՝ Իր ծառաների սերնդի,
օթևան՝ Իր Անվան սիրահարների համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։