Սաղմոս 7 - Աստված արդար դատավոր – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 7 - Աստված արդար դատավոր

Մի մարդ, որն անարդարացիորեն մեղադրվել է, հռչակում է իր անմեղությունը և Աստծուց խնդրում է արդարություն անել:
Դժվար չէ այս սաղմոսը մարգարեական որոշակի կապի մեջ դնել Հիսուսի հետ, որին դավաճանեց Իր իսկ առաքյալներից մեկը, բայց որին անմեղ հռչակեց Սուրբ Հոգու վկայությունը (Հվհ 13, 21; Ղկս 22, 48; Հվհ 16, 8-11):
Մերը դարձնելով այս աղոթքը, կսովորենք դուրս գալ ինքներս մեզնից և աղոթել Եկեղեցու հետ միասին, որն անդադար մեղադրվում է ու հալածվում (Մտթ 25, 31-32; Հյտ 22, 20): Եղբայրներին հոգեպես միանալով, մեր մեջ կվերարծարծենք Քրիստոսի երկրորդ և վերջնական գալստյան հույսն ու վառ փափաքը:
 

 

Կցորդ.  
Մեղքի վարձը մահ է,
մինչ Աստծո պարգևը հավիտենական կյանք է ի Հիսուս Քրիստոս (Հռմ 6, 23):
կամ.  
Համբերատար եղեք և ամրացրեք ձեր սրտերը,
որովհետև Տիրոջ գալուստը մոտ է (Հկբ 5, 8):
կամ.  
Ահա, դատավորը դռան սեմին է.
որպես համբերության օրինակ ունեցեք մարգարեներին (հմմտ. Հկբ 5, 9-10):

 


 

1Տրտունջ: Դավթի: Երբ նա Տիրոջ առաջ երգեց Յեմինի որդի Քուսի խոսքերի պատճառով:
 
2Տեր Աստված իմ, Քեզնում եմ ապաստան փնտրում.
փրկիր և ազատիր ինձ նրանից, ով հետապնդում է ինձ,
3ապա թե ոչ՝ կհոշոտի առյուծի նման,
կլափի և ոչ ոք ինձ չի ազատի:
 
4Տեր Աստված իմ, եթե բռնություն կա իմ ձեռքերում,
եթե չար հատուցեցի իմ բարեկամին,
5եթե անարդարացիորեն զրկեցի հակառակորդներիս,
6թող հետապնդի ինձ թշնամին և հասնի,
հողի վրա ոտնակոխ անի իմ կյանքը,
փոշու մեջ թավալեցնի փառքս:
7Ոտքի ել, Տեր, բարկությամբդ,
բարձրացիր թշնամիներիս սաստկության դեմ,
արթնացիր իմ համար և սկիզբ տուր դատաստանին,
8թող շուրջդ խմբվի ժողովուրդների հավաքը,
վերադարձիր և նախագահիր ի վերուստ.
9Տերը կլինի ժողովուրդների դատավորը:
 
Դատիր ինձ, Տեր, արդարությանս հարցով,
իմ փոխարեն՝ անմեղությունս թող խոսի.
10թող դադարի ամբարիշտների չարությունը,
հաստատությամբ ամրացրու արդար մարդուն,
Դու, որ քննում ես սիրտն ու խորքը,
Դու, միայն Դու, արդար Աստված:
11Վահանս Աստծո մոտ է,
Նա սրտով ուղիղների փրկիչն է.
12Աստված արդար դատավոր է, հզոր և համբերատար,
ամեն օր չի սանձազերծում Իր բարկությունը:
 
13Ով դարձի չի գալիս և սրում է իր թուրը,
լարում է աղեղը և թիրախին նշան առնում,
14ինքն իր համար մահվան գործիքներ է պատրաստում,
իր աղեղներից՝ հրաբորբոք ածուխ:
 
15Ահա հղանում է չարիք,
իրենում կրում է ոճիր,
ինքն իր վրա դժբախտություն է ծնում:
 
16Եթե փոս է բացում և փորում խորացնում,
ինքն է ընկնելու այդ փոսի մեջ.
17իր իսկ գլխին է բարդվելու իր ոճիրը,
իր բռնությունը իր գլխին է թափվելու:
 
18Փառավորելու եմ Տիրոջն Իր արդարության համար,
երգելու եմ Բարձրյալ Տիրոջ Անունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։