Սաղմոս 72 [71] - Արևից առաջ՝ «Բողբոջ» է Նրա Անունը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 72 [71] - Արևից առաջ՝ «Բողբոջ» է Նրա Անունը

Ամբողջ սաղմոսն արտահայտում է վառ փափաքը, որ Աստված թագավորին պարգևի արդար, աղքատներին նպաստավոր, բարգավաճ, մշտնջենավոր ու տիեզերական թագավորություն: Բովանդակության մեջ պատշաճ է զանազանել իմաստնային երկու հարթություններ.
Առաջինը դա արարողությունն է, որ նկարագրվում է. խոսքը վերաբերվում է նոր թագավորի համար կատարվող աղոթքի կամ մաղթանքի: Նկատելի է այն յուրահատուկ ուժգնությունը, որով արտահայտվում է փափաքը, որ թագավորն ընդունակ լինի դիրք գրավելու ի նպաստ աղքատների: Արդարությունը չի կայանում այնքան կշեռքը հավասարակշռության մեջ պահելու, որքան պաշտպանելու մեջ նրանց, ովքեր առավելագույնս ենթակա են անարդարացի ճնշումների. աղքատներին, հասարակության մեջ ցածր դիրք ունեցողներին («ժողովրդի խոնարհներին»), աղքատների որդիներին:
Երկրորդը դա մեսիական մարգարեության իմաստն է. այն, ինչն այս սաղմոսը մաղթում է թագավորին, դա Նաթանի մարգարեության իրականացումն է (2Սմ 7, 12), որը կատարելապես իրականացել է հանձինս Հիսուս Քրիստոսի: Նա է խաղաղության թագավորը, որին իշխանություն է տրվել դատելու աշխարհը. «Հայրն ամեն դատաստան հանձնել է Որդուն» (Հվհ 5, 22): Որդին չի կորցնելու ոչ մեկին նրանցից, որոնք Իրեն են հանձնվել (Հվհ 6, 39):
Քրիստոսը Նա է, ով բարի լուրը ավետարանում է աղքատներին և ճնշվածներին պարգևում է ազատագրում (Ղկս 4, 18): Ավետարանում ներկայացված Մեսիան չի կործանում մարդկանց, այլ միմիայն չարիքը, որ կա նրանց մեջ (Մտթ 11, 5): Իր հաղթանակը Նա ստանում է համոզելով և առաջնորդելով դեպի մի նոր ծնունդ (Հվհ 3, 3): Եվ այս աշխարհի վրա ապրված կյանքը հիմնում է մի նոր հիմքի վրա. արդարությունը, որն ազատում է մարդուն կեղեքումից և նրան տալիս է Աստծո որդիների ազատությունը: Եվ մարդկանց ճաշակել է տալիս Իր խաղաղությունը, որն էապես տարբեր է այն խաղաղությունից, որը կարող է տալ մեզ աշխարհը (Հվհ 14, 27):
Հարկավոր է, այսուամենայնիվ, ընդունել, որ այս մարգարեությունն ամբողջովին չի կատարվել Քրիստոսի առաջին գալստյամբ: «Սուրբ ու անարատ» Եկեղեցին (Եփս 5, 27) նաև Եկեղեցին է, որին անդամակցում են բազմաթիվ մեղավորներ. Եկեղեցին է, որը սպասում է իր Տիրոջ վերադարձին: Այս իսկ պատճառով, այս սաղմոսը տակավին կրկնում ենք որպես մի աղոթք, որն արտահայտում է մեր հույսը: Եվ դա չենք անում ներկայից փախչելու նպատակով, այլ հաստատելու համար մեր կամքը՝ տարածելու Քրիստոսի Անունն ու Արքայությունը և բողբոջի նման ծաղկեցնելու Նրա խաղաղությունը:
 

 
Կցորդ.   Այսօր ձեր համար մի փրկիչ ծնվեց, որ Ինքը Քրիստոս Տերն է (Ղկս 2, 11):
կամ.  
Նաև հեթանոսներին Աստված դարձ շնորհեց,
որպեսզի ունենան կյանքը (հմմտ. Գրծ 11, 18):
կամ.   Քրիստոսն ամեն ինչից վեր է, հավիտյանս օրհնյալ Աստված (հմմտ. Հռմ 9, 5):

 


 
1Սողոմոնի:
 
Աստված, Մեսիա Թագավորին վստահիր դատաստանդ,
արդարությունդ՝ Թագավորի որդուն.
2թող ժողովրդիդ կառավարի արդարությամբ,
և աղքատներիդ՝ ըստ իրավունքի:
 
3Լեռները ժողովրդին թող խաղաղություն բերեն,
բլուրները՝ բերեն արդարություն.
4նա թող պաշտպանի իր ժողովրդի աղքատներին,
փրկի խոնարհներին և ջախջախի կեղեքողներին:
 
5Նրանից կերկնչեն արևի և լուսնի ներքո,
սերնդից սերունդ՝ հավիտյանս հավիտենից.
6անձրևի նման կիջնի գեղմի վրա,
ինչպես ցողը, որ թրջում է երկիրը:
 
7Նրա օրոք կծաղկի արդարությունը,
բազում խաղաղություն՝ անթիվ ամիսներ շարունակ.
8կիշխի մի ծովից մինչև մյուս ծովը,
և Գետից մինչև աշխարհի սահմանները:
 
9Քոչվոր հովիվները երկրպագելու են նրա առաջ,
նրա թշնամիները ծամելու են գետնի փոշին.
10Թարսիսի և կղզիների թագավորները
գալու են՝ բերելու իրենց նվերները:
 
Սաբայի և Սեբայի թագավորները
գալու են՝ բերելու իրենց ընծաները.
11բոլոր թագավորները երկրպագելու են նրա առաջ,
նրան ծառայելու են բոլոր ժողովուրդները:
 
12Նա կազատի աղքատին, որն աղաղակում է,
խեղճին, որը պաշտպան չունի:
 
13Հոգատարություն կունենա տկարի ու կարիքավորի հանդեպ,
կփրկի հարստահարվածների կյանքը:
 
14Նրանց կազատագրի բռնությունից ու կեղեքումից,
նրանց արյունը թանկարժեք է իր աչքերի առաջ:
 
15Կեցցե նա. նրան կտրվի Սաբայի ոսկին,
նրա համար կաղոթեն անդադար,
ամեն օր նա կօրհնվի:
 
16Ցորենն առատանալու է երկրի վրա,
ծփալու է սարերի գագաթներին.
նրա հասկերն ուռճացած՝ ինչպես Լիբանանը,
նրա հունձքը՝ ինչպես երկրի խոտը:
 
17Նրա Անունը տևելու է հավետ,
արևից առաջ՝«Բողբոջ» է իր Անունը.
նրանով են օրհնվելու բոլոր ժողովուրդները
և նրանք երանելի են ասվելու:
 
18Օրհնյալ է Տեր Աստված, Աստված Իսրայելի,
միայն Նա է հրաշքներ գործում.
19հավետ օրհնյալ է փառքի Իր Անունը,
ամբողջ երկիրը թող լցվի Իր փառքով:
 
Ամեն: Ամեն:
 
 
20Ավարտվում են Դավթի՝ Հեսսեի որդու աղոթքները:
 

 
Վերջ Սաղմոսների Երկրորդ Գրքի
 
Սաղմոսարանի այս երրորդ մասում ներկայացվում են Ասափի սաղմոսների հավաքածուն, որը Երուսաղեմի Տաճարի երգչախմբի ղեկավարներից մեկն էր (1Մն 25, 1-6; 2Մն 29, 30), և Կորխի որդիների Սաղմոսարանի վերջին մասը, որի սկիզբն ամփոփված էր երկրորդ գրքում (42-50): Աղոթքները տարբեր բնույթի են, ինչպիսին որ է հավատացյալի կյանքի փորձառությունը. տառապող անմեղի ողբից մինչև հաղթանակի ցնծալի ուրախությունը: Երբեմն երբեմն կհանդիպենք Սիոնի տաղերին, բերկրանքի և հույսի երգերին, պատմությանն ուղղված հետադարձ հայացքների, որոնք հաճախ ստանում են ազգային մեծ ողբասացության ձայներանգ: Տարբեր շեշտադրումներով, աղոթքներից յուրաքանչյուրն արտահայտում է Աստծո և Նրա պարգևած փրկության սպասումը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։