Սաղմոս 74 [73] - Ոչ մի մարգարե այլևս չկա – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 74 [73] - Ոչ մի մարգարե այլևս չկա

Այս սաղմոսի խոսքերում արտահայտվում է հրեա ժողովրդի ողբը, որն իրեն լքված է զգում Աստծո կողմից: Աքսորյալները, Բաբելոնի աքսորից վերադառնալով (Ք.ա. 538-520թթ.), կամ Անտիոքոս Չորրորդ Եպիփանի կողմից հալածված հրեաները (Ք.ա. 167-164թթ.), ողբում են Տաճարի համար, որը սրբապղծվել է հեթանոսների կողմից: Մի՞թե Տերը մոռացել է Ուխտը և մի ժամանակ կատարած Իր հրաշագործությունները, երբ ազատում էր Իր ժողովրդին (13-14) խրախուսելու համար նրա քայլքը անապատում և նրա առաջ բացելու համար խոստացված երկիրը (15): Մի՞թե Նա չէ Տերը, որն առաջնորդում է տիեզերքի կյանքը (16-17): Անցյալի հիշատակը բացարձակապես չի թույլատրում կորցնելու հույսը, այլ ընդհակառակն՝ մղում է լավագույն ապագայի հուսալու: Իսրայելն այդ պահին կորցրել էր զորության իր ցնորապատիր ձգտումները և համոզվել էր աղքատների հասարակություն լինելու իր իրականությանը (19-21), գիտակցելով սեփական փոքրկությունը: Այդ հասարակությունը նման է տատրակին, որին Աստված անշուշտ թե չի լքի գիշատիչների ճիրաններում (19):
Հիսուսն Իր հետևորդների Եկեղեցին անվանում է «փոքրիկ հոտ» (Ղկս 12, 32), որին չի խոստանում վերապահել վշտերից, այլ՝ ճիշտ հակառակն, որպես Իրեն հետևելու պայման է դնում ամենօրյա խաչակրությունը (Մտթ 16, 24; Ղկս 9, 23): Բայց միաժամանակ խրախուսում է նրանց սրտերը, ասելով, որ չպետք է վախենան ոչ մի բանից, որովհետև Հորը հաճելի եղավ նրանց որպես ժառանգություն տալ Իր երկնային Արքայությունը (Ղկս 12, 32):
 

 
Կցորդ.  
Հալածված ենք, բայց լքված չենք.
մեր մարմիններում կրում ենք Հիսուսի մահը (հմմտ. 2Կր 4, 9-10):
կամ.  
Անցել են մեծ նեղության միջով,
իրենց զգեստները լվացել են Գառան արյան մեջ (հմմտ. Հյտ 7, 14):
կամ.  
Երուսաղեմը ոտնակոխ է արվելու հեթանոսների կողմից,
մինչև որ կլրանան հեթանոսների ժամանակները (Ղկս 21, 24):
կամ.  
Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը,
բայց չեն կարող սպանել հոգին (Մտթ 10, 28):
կամ.  
Մինչև ե՞րբ, Տեր, Դու, որ սուրբ ես և ճշմարիտ,
արդարություն չես անի և չես առնի մեր արյան վրեժը (Հյտ 6, 10):

 


 
1Մասքիլ: Ասափի:
 
Ինչո՞ւ ես, Աստված, մերժում մեզ ընդմիշտ,
զայրանում ես ընդդեմ արոտավայրիդ հոտի.
2հիշիր հին ժամանակներում ձեռքբերածդ ժողովուրդը,
տոհմը, որին ազատագրեցիր որպես Քո ժառանգություն,
Սիոն լեռն, ուր հաստատեցիր բնակությունդ:
 
3Քայլերդ ուղղում ես դեպի անվախճան կործանումներ,
թշնամին ջարդի ենթարկեց Սրբավայրը.
4ժողովարանում մռնչաց հակառակորդը,
որպես նշան տնկեց իր դրոշը:
 
5Բարձրացնում էին կացինն ինչպես խուլ անտառում,
6տապարներով ու մուրճերով կոտրում էին դռները.
7Սրբավայրդ կրակի բոցերին էին մատնում,
պղծում էին ու քանդում Անվանդ օթևանը:
 
8Միմյանց ասում էին. «Հառա՜ջ, կործանենք դրանք»,
այրում էին Աստծո հետ հանդիպման վայրերը.
9նշաններ այլևս չենք տեսնում, ոչ մի մարգարե այլևս չկա,
և մեր մեջ չկա մեկը, որն իմանա, թե մինչև ե՞րբ:
 
10Մինչև ե՞րբ, Աստված, պիտի հայհոյի հակառակորդը,
ընդմի՞շտ պիտի նախատի թշնամին Քո Անունը.
11ինչո՞ւ ես քաշված պահում ձեռքդ,
թաքցնում ես աջդ ծոցիդ ներսում:
 
***
 
12Բայց Դու, ո՜վ Աստված, ի հավիտենից իմ Թագավորն ես,
երկրի երեսին կատարվող փրկությունների հեղինակը.
13Դու կիսեցիր ծովը զորությամբ,
վիշապների գլուխը ճզմեցիր ջրերի վրա:
 
14Դու փշրեցիր Լևիաթանի գլուխը,
նրան որպես կերակուր տվեցիր ծովի հրեշներին.
15աղբյուրներ ու վտակներ բխեցրիր,
ցամաքեցրիր մշտնջենավոր գետերը:
 
16Քեզ են պատկանում ցերեկն ու գիշերը,
Դու հաստատեցիր արևն ու լուսինը.
17գծեցիր երկրի սահմանները,
կամեցար ձմեռն ու ամառը:
 
18Տեր, հիշիր. թշնամին հայհոյում է,
մի անմիտ ժողովուրդ նախատում է Քո Անունը.
19տատրակիդ կյանքը գազաններին մի՛ հանձնիր,
ընդմիշտ մի՛ մոռացիր Քո աղքատների կյանքը:
 
20Հայիր Քո դաշինքին. չափը լցված է,
երկրի քարանձավները ապաստան են բռնությունից.
21ճնշվածը թող ընդմիշտ ընկճված չմնա,
աղքատն ու խեղճը թող գովեն Քո Անունը:
 
22Ոտքի ել, ո՜վ Աստված, մղիր Քո պատերազմը,
հիշիր այս խենթերին, որ կրկնում են հայհոյանքներ.
23մի՛ մոռացիր հակառակորդներիդ շաթյունը,
թշնամու խռովությունը, որ աճում է անվերջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։