Սաղմոս 76 [75] - Աստված ոտքի է կանգնում դատաստանի համար – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 76 [75] - Աստված ոտքի է կանգնում դատաստանի համար

Ք.ա. 701 թվականին, Ասորեստանի Սենեքերիմ արքայի հզոր բանակը պաշարում է Երուսաղեմը: Հանկարծակի, մի գիշեր, հարձակվողը թողնում է պաշարումն ու հեռանում: Ի՞նչ հրաշալի միջամտություն կոտրեց այդ հպարտ զորավարի ուժը: Աստծո հաղթանակն է Երուսաղեմում և Սուրբ Քաղաքում Աստված հայտնվում է Իր հաղթանակների միջոցով (2Թգ 19, 35): Այդ դեպքի հիշատակը տպավորված է մնում ժողովրդի հիշողության մեջ: Ակնհայտորեն, այս սաղմոսը ևս այդ հիշատակից է քաղում իր ներշնչումը, ինչպես 46րդ և 48րդ սաղմոսները: Սաղմոսերգուի խոսքերը վերարծարծում են քաջությունն ու հույսը, Ք.ա. 538 թվականին բաբելոնյան աքսորից վերադարձածների սրտում: Աստված սարսափեցնում է աշխարհի հզորներին և փրկում է խեղճերին: Աղքատների այս վստահությունը միշտ բարձրացել է մարդկության սրտի խորքից որպես տիրող գոռոզության դեմ բողոք, որպես նախաավետումը աստվածային վերջնական դատաստանի:
 

 
Կցորդ.  
Տեսնելու են մարդու Որդու գալուստը ամպերի վրայով,
զորությամբ և մեծ փառքով (հմմտ. Մտթ 24, 30):
կամ.   Ես եմ աշխարհի լույսը. ով հետևում է ինձ, խավարում չի խարխափի (Հվհ 8, 12):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Լարային գործիքների վրա:
Սաղմոս: Ասափի: Երգ:
 
2Աստված ճանաչված է Հուդայի ժողովրդի մոտ,
Իսրայելում մեծ է Նրա Անունը.
3Սաղեմում հաստատել է Իր վրանը,
Սիոնում սահմանել է Իր բնակությունը.
4այնտեղ փշրել է աղեղի նետերը,
վահանը, սուրը և պատերազմը:
 
5Լույսով փայլում ես Դու և հիանալի ես
հավիտենական լեռների բարձունքին.
6մերկացվեցին հզորները, որ ննջում էին,
ռազմիկները կրկին անշարժ են.
7սպառնալիքներիդ ի լուր, Աստված Հակոբի,
անշարժության են մատնվել կառքերն ու նժույգները:
 
8Դու ահարկու ես: Ո՞վ կարող է դիմանալ հայացքիդ,
երբ սանձազերծվում է զայրույթդ.
9երկնքից Դու արտասանում ես մի վճիռ,
երկիրը երկյուղով լռում է.
10Աստված Ինքն է, որ ոտքի է կանգնում դատաստանի համար,
փրկելու համար երկրի բոլոր խոնարհներին:
 
11Մարդու բարկությունը նույնպես Քեզ փառավորում է,
ով նրանից խուսափում է, ուրախ շրջապատում է Քեզ.
12Տեր Աստծուն ուխտեր արեք և կատարեցեք,
ով Նրան մոտիկ է կանգնած, թող պարգևներ բերի Ահարկուին.
13Նա խլում է հզորների շունչը,
սարսափ է ազդում երկրին իշխողների վրա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։