Սաղմոս 78.1 - Թող չմոռանան Աստծո հրաշքները – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 78.1 - Թող չմոռանան Աստծո հրաշքները

Կցորդ.  
Թեև Հիսուսը բազում նշաններ էր կատարել,
ժողովուրդը Նրան չէր հավատում (հմմտ. Հվհ 12, 37):
կամ.  
Անհնարին է, որ ոմանց անհավատարմությունը
կարողանա ջնջել Աստծո հավատարմությունը (հմմտ. Հռմ 3, 3-4):
կամ.  
Այս բաները նրանց պատահեցին որպես օրինակ,
որպես ուսուցում գրվեցին մեր համար (հմմտ. 1Կր 10, 11):
կամ.   Հարկավոր է, որ առավելագույնս հարենք խոսքերին, որ լսեցինք (հմմտ. Եբր 2, 1):

 


 
Լսիր, ժողովուրդ Իմ, Իմ օրենքը,
ականջ դիր բերանիս խոսքերին.
2բերանս բացելու եմ առակներով,
վերհիշելու եմ անցյալի առեղծվածները:
 
3Այն, ինչ լսեցինք և իմացանք,
ինչ մեր հայրերը պատմեցին մեզ.
4դրանք չենք թաքցնելու մեր որդիներից,
դրանք ավանդելու ենք ապագա սերնդին.
Տիրոջ օրհնություններն ու զորությունը,
սքանչելիքները, որ Նա կատարեց:
 
5Հակոբի մոտ մի վկայություն դրեց,
մի օրենք հաստատեց Իսրայելում.
մի օրենք, որ մեր հայրերին հրամայում էր
այս բաներն ուսուցանել իրենց որդիներին.
6որպեսզի սրանք իմանա գալիք սերունդը,
և նրանց ապագա որդիները:
 
Թող վեր կենան՝ պատմելու իրենց որդիներին,
7որպեսզի Աստծո մեջ հաստատեն իրենց հավատքը.
որպեսզի չմոռանան Աստծո հրաշքները
և ամբողջությամբ կատարեն Նրա կամքը:
 
8Որպեսզի չլինեն իրենց հայրերի նման,
մի այլասերված ու ապստամբ սերունդ.
մի սերունդ, որի սիրտն անհարատև է,
որի հոգին անհավատարիմ է Աստծուն:
 
9Այնուամենայնիվ, Եփրեմի որդիները, աղեղներով զինված,
փախան պատերազմի օրը.
10չպահպանեցին Աստծո դաշինքը,
մերժեցին հետևել Նրա օրենքին.
11մոռանալով Նրա սքանչելիքները,
հրաշքները, որոնց ականատես վկաներն էին:
 
***
 
12Աստված մի հրաշք կատարեց նրանց հայրերի առաջ,
Եգիպտոսում, Տայանի երկրում.
13բաժանեց ծովը և նրանց անցկացրեց միջով,
ջրերն ամբարտակի նման կանգնեցնելով.
14ցերեկն առաջնորդեց նրանց ամպով,
գիշերը՝ կրակի լույսով:
 
15Հարվածեց ժայռին անապատում,
ստորգետնյա ջրերով հագեցրեց նրանց.
16քարից վտակներ բխեցրեց
և հորդառատ հոսեցրեց ջուրը:
 
17Բայց Նրա դեմ շարունակեցին մեղանչել,
անապատում ապստամբեցին Բարձրյալի դեմ.
18իրենց սրտերում փորձեցին Աստծուն,
ցանկասիրությամբ սնունդ պահանջելով:
 
19Տրտնջացին Աստծո դեմ, ասելով.
«Աստված կարո՞ղ է մեր համար սեղան պատրաստել անապատում.
20անշուշտ, հարվածեց ժայռին
և ջուրն առատորեն բխեց.
բայց մի՞թե կարող է մեզ հաց տալ,
միս հայթայթել Իր ժողովրդի համար»:
 
21Սրա համար էլ, Տերը լսեց և զայրացավ,
մի կրակ բորբոքվեց Հակոբի դեմ,
Նրա բարկությունը բարձրացավ ընդդեմ Իսրայելի.
22քանի որ չէին հավատում Աստծուն,
Նրանից հույս չունեին ստանալու փրկությունը:
 
23Հրամայեց վերին ամպերին
և բացեց երկնքի դռները.
24նրանց կերակրելու համար՝ մանանան տեղաց,
հացը տվեց նրանց երկնքից.
25և մարդը կերավ հրեշտակների հացը,
սնունդ ունեցավ ամենայն լիությամբ:
 
26Երկնքից մղեց արևելյան քամին,
հարավի ուժեղ քամին արթնացրեց.
27առատ միս անձրևել տվեց,
ծովի ավազի չափ բազմաթիվ թռչուններ:
 
28Ընկնում էին նրանց բանակատեղի մեջ,
նրանց վրանների չորսկողմը.
29կերան հագենալու չափ,
Աստված գոհացրեց նրանց բոլոր ցանկությունները:
 
30Բայց նրանք ագահ մնացին,
կերակուրը դեռ իրենց բերանում.
31հայնժամ Աստծո բարկությունը ելավ նրանց վրա,
որ կոտորեց ամենահզորներին,
ջարդելով Իսրայելի լավագույններին:
 
***
 
32Այնուամենայնիվ, վերսկսեցին մեղանչել,
չէին հավատում Նրա հրաշքներին.
33Նա ծխի նման ցիրուցան էր անում նրանց օրերը,
նրանց տարիները՝ հանկարծակի պատուհասներով:
 
34Երբ Աստված նրանց հարվածում էր, փնտրում էին Նրան,
դարձի էին գալիս և դիմում Նրան.
35հիշում էին, որ Աստված իրենց վեմն է,
Աստված, Բարձրյալը, իրենց փրկիչը:
 
36Բերանով աշխատում էին քծնել,
լեզվի խոսքերով ստում էին Նրան.
37նրանց սիրտը հաստատված չէր Նրանում,
Նրա դաշինքին հավատարիմ չէին:
 
38Բայց Նա, ըստ Իր մեծ ողորմության,
չէր ոչնչացնում նրանց, այլ՝ ներում էր հանցանքը.
բազում անգամներ զսպեց Իր բարկությունը,
Իր ցասումը սանձազերծելու փոխարեն.
39հիշում էր, որ նրանք մարմին են,
շունչ, որ անցնում է և չի վերադառնում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։