Սաղմոս 78.2 - Կրկին փորձեցին Աստծուն – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 78.2 - Կրկին փորձեցին Աստծուն

Կցորդ.  
Մեր հայրերը խմում էին մի ժայռից,
և այդ ժայռը Քրիստոսն Ինքն էր (հմմտ. 1Կր 10, 4):
կամ.  
Աստված մեր համար փրկության
մի ուժ հարուցեց Դավթի՝ Իր ծառայի տանը (հմմտ. Ղկս 1, 69):
կամ.  
Աստված նրան տալու է Դավթի՝ իր հոր գահը,
և նա հավիտյան թագավորելու է Հակոբի տան վրա (հմմտ. Ղկս 1, 32-33):

 


 
40Քանի՜ անգամ ապստամբեցին անապատում,
դառնացնելով Նրան միայնության այն տափաստաններում.
41կրկին փորձում էին Աստծուն,
համբերությունից հանում էին Իսրայելի Սրբին.
42այլևս չէին հիշում Նրա ձեռքը,
ստրկությունից ազատագրվելու օրը:
 
43Իր նշաններով հարվածեց Եգիպտոսին,
Իր հրաշքներով՝ Տայանի երկիրը.
44արյան փոխեց նրանց գետերը,
աղբյուրները, որպեսզի խմել չկարողանային:
 
45Բզեզներ ուղարկեց լափելու
և ներխուժող գորտեր՝ ապականելու.
46բերքը հանձնեց թրթուռներին,
աշխատանքի արդյունքը՝ մարախին.
47կարկուտով փչացրեց նրանց խաղողի այգիները,
նրանց պտուղները՝ հանկարծադեպ ցրտով:
 
48Նախիրները կարկուտին մատնեց,
կայծակներին՝ նրանց բոլոր երամակները.
49սանձազերծեց Իր բոցավառ ցասումը,
զայրույթը, բարկությունն ու զարհուրանքը,
և առաքեց չարիքի պատգամաբերներ:
 
50Ճանապարհ հարթեց Իր բարկության առաջ,
նրանց կյանքը մահից չխնայեց,
ժանտախտի ձեռքը մատնեց նրանց կյանքը.
51հարվածեց Եգիպտոսի անդրանիկներին,
Քամի լավագույններին իրենց վրաններում:
 
52Ոչխարների հոտի նման դուրս բերեց Իր ժողովրդին,
հոտի նման առաջնորդեց նրանց անապատ.
53հուսալիորեն առաջնորդեց նրանց և չէին սարսափում,
և ծովը ծածկեց նրանց թշնամիներին:
 
54Բերեց նրանց Իր Սրբության սահմանին,
Իր աջով տիրացած լեռանը.
55նրանց առջևից վտարեց ժողովուրդներին,
սահմանելով նրանց տիրույթի մասերը,
վրաններում բնակեցնելով Իսրայելի տոհմերին:
 
***
 
56Բայց կրկին փորձեցին Աստծուն,
ապստամբելով Բարձրյալի դեմ,
մերժելով պահպանել Նրա օրենքները:
 
57Ինչպես իրենց հայրերը, խոտորվում էին ու դավաճանում,
ձախողվում էին թյուր աղեղի նման.
58բարձունքների պաշտամունքներով զայրացնում էին Նրան,
կուռքերով գրգռում էին Նրա նախանձախնդրությունը:
 
59Հայնժամ Աստված լսեց և զայրացավ,
խստորեն հեռացրեց Իրենից Իսրայելին.
60լքեց Սելովի խորանը,
մարդկանց մեջ կանգնեցված բնակատեղին.
61բանտարկության մատնեց Իր զորությունը,
թշնամու ձեռքերին՝ Իր փառքը:
 
62Հանձնեց Իր ժողովուրդը սրի,
զայրանալով Իր ժառանգության դեմ.
63կրակը լափեց նրա երիտասարդներին,
նրա կույսերը ամուսնություն չտեսան.
64նրա քահանաները սպանվեցին սրով,
նրա այրիները սուգ ու ողբ չարեցին:
 
***
 
65Տերը քնից արթնացավ,
ինչպես գինուց սթափվող մի ռազմիկ.
66թիկունքից հարվածեց Իր հակառակորդներին,
նրանց հավիտյան ամոթով ծածկեց:
 
67Մերժեց Հովսեփի վրանը,
արհամարհեց Եփրեմի տոհմը.
68Հուդայի տոհմն ընտրեց,
Սիոն լեռը, որ սիրում է.
69բարձրացրեց Իր Սրբավայրն ինչպես երկինքը,
այն հավիտյան հաստատեց ինչպես երկիրը:
 
70Եվ ընտրեց Դավթին՝ Իր ծառային,
վերցնելով նրան հոտերի ցանկապատի մոտից.
71հրամայեց նրան թողնել ոչխարներին,
դարձնելու համար նրան Հակոբի՝ Իր ժողովրդի,
Իսրայելի՝ Իր տիրույթի հովիվը:
 
72Նա եղավ մաքուր սրտով հովիվ,
իմաստուն ձեռքով առաջնորդեց նրանց:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։