Սաղմոս 79 [78] - Ազատիր մահվան դատապարտվածներին – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 79 [78] - Ազատիր մահվան դատապարտվածներին

Իսրայելի պատմության ամենախավար ժամանակաշրջանում ենք. Ք.ա. 587 թվականին քաղդեացիները գրավում ու թալանում են Երուսաղեմը, իսկ հարևան մովաբացիներն ու եդոմացիները, առիթից օգտվելով, հարձակվում են գրեթե մահամերձ ժողովրդի վրա, թալանելու համար այն, ինչ մնացել էր: Իսրայելն այդ պատժին արժանացել էր իր անհավատարմության համար. այժմ գիտակցում է դա և աղերսում է Աստծո ողորմությունը: Այս սաղմոսում, հարստահարվածների կրած պատուհասները վրեժխնդրություն են աղաղակում Հավիտենականի առաջ: Հեթանոսները նախատում են Աստծո Անունը. դա անձամբ Աստծո պարտությունն է: Իր ծառաների վրեժը լուծելով, Աստված նախևառաջ պետք է փրկի սեփական պատիվը աշխարհի դիմաց, և Իր ժողովուրդը դրա համար երախտագետ կլինի Իրեն: Սա է այս ազգային ողբասացության գլխավոր թեման:
Բայց աստվածային վրեժն իրո՞ք պետք է յոթնապատիկ չափով լինի և առանց մեղմացնող հանգամանքների: Հիսուսը մեզ ուսուցանում է ներել յոթանասուն անգամ յոթնապատիկ (Մտթ 18, 22), ուստի քրիստոնյան անշուշտ չի կարող իրենը դարձնել սաղմոսի այն հատվածները, որոնք մնում են հինկտակարանյան սահմաններում, երբ մարդկությունը տակավին չէր ստացել աստվածային ամբողջական հայտնությունը: Այսուամենայնիվ, այս սաղմոսը ևս շարունակում է մնալ որպես Աստծո ողորմությանն ուղղված սրտակեղեք աղաղակ, Տիրոջ հանդեպ հավատքի արտահայտություն, մի իրավիճակում, ուր ամեն ինչ թվում է կորած:
 

 
Կցորդ.  
Աստված, Դու արդար ես, որ դատում ես այսպես,
որովհետև նրանք հեղեցին սրբերի ու մարգարեների արյունը (հմմտ. Հյտ 16, 5-6):
կամ.  
Երուսաղե՜մ, եթե դու նույնպես հասկանայիր այսօր
խաղաղության ճանապարհը (հմմտ. Ղկս 19, 42):
կամ.  
Երուսաղեմը ոտնակոխ է արվելու հեթանոսների կողմից,
մինչև որ կլրանան հեթանոսների ժամանակները (Ղկս 21, 24):

 


 
1Սաղմոս: Ասափի:
 
Ո՜վ Աստված, եկել են հեթանոսները,
մտել են տիրույթիցդ ներս.
պղծել են Սրբությանդ օթևանը,
ավերակների են վերածել Երուսաղեմը:
 
2Ծառաներիդ դիակները թողեցին
որպես կերակուր երկնքի գիշատիչների,
հավատացյալներիդ մարմինները՝ երկրի գազաններին.
3արյունը ջրի նման հեղեցին,
Երուսաղեմի չորսբոլորը չկա այլևս մեկը, որ թաղի:
 
4Զզվանք ենք պատճառում մեր մոտիկներին,
ծաղր ու ծանակի առարկա ենք սահմանակիցների համար.
5մինչև ե՞րբ ես, Տեր, բարկացած մնալու,
մինչև ե՞րբ է խանդդ այրելու կրակի նման:
 
6Զայրույթդ հեթանոսների վրա թափիր, որ Քեզ չեն ճանաչում,
թագավորությունների վրա, որ չեն կանչում Անունդ.
7քանի որ լափեցին Հակոբին,
ավերեցին նրա բնակավայրը:
 
8Մեր դեմ մի՛ հիշիր հայրերի մեղքը,
թող մեզ ընդառաջ ելնի Քո ողորմությունը,
որովհետև ծայր աստիճանի ենք հասել:
 
9Օգնիր մեզ, Աստված, մեր փրկություն,
Քո Անվան փառքի համար.
ազատիր մեզ և ներիր մեր մեղքերը,
Քո Անվան համար:
 
10Ինչո՞ւ պիտի ասեն հեթանոսները.
«Ո՞ւր է նրանց Աստվածը».
թող հեթանոսների մեջ ճանաչվի վրեժխնդրությունդ,
ծառաներիդ հեղված արյան համար:
 
11Երեսիդ առաջ թող հասնի բանտարկյալի հեծեծանքը,
զորությանդ համաձայն՝ ազատիր մահվան դատապարտվածներին.
12յոթնապատիկ ավելի թափիր մեր դրացիների գլխին
Քեզ հասցված նախատինքը, ո՜վ Տեր:
 
13Մենք՝ Քո ժողովուրդը և Քո արոտի հոտը,
երախտագիտություն կմատուցենք Քեզ հավիտյան,
սերնդից սերունդ կպատմենք Քո գովքը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։