Սաղմոս 80 [79] - Աստված, վերադարձրու մեզ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 80 [79] - Աստված, վերադարձրու մեզ

Հարևան ժողովուրդները ներխուժել են Պաղեստինի կենտրոնական մասը, կամ առնվազն՝ Հովսեփի տան տոհմերի (Եփրեմի ու Մանասեի) կողմից զբաղեցված տարածքները, ինչպես նաև նրանց եղբայր տոհմի՝ Բենիամինի հողերը: Սաղմոսը նկարագրում է Աստծո ժողովրդի անցյալի ու ներկայի պատմությունը, գործածելով փարթամ որթատունկի պատկերը: Մի ժամանակ այն տարածվում էր ամբողջ երկրով մեկ (ակնարկվում է Դավթի թագավորությանը): Այժմ այն ոտնակոխ է արվում հեթանոս օտարերկրացիների կողմից (անցորդները, որոնք քաղում են նրա պտուղները. վարազներն ու վայրի կենդանիները, որոնք ավերում են այն): Աստված չի կարող լքել Իր այգին, որն Իր իսկ ձեռքերով է տնկել ու հոգատարությամբ մշակել (Ես 5, 1-7; 27, 2-5; Եր 2, 21; 12, 10), քանի որ Ինքն է Իսրայելի հովիվը (Եզ 34, 31; Ես 40, 11; Եր 31, 10): Այս համոզումից են բխում սաղմոսի եռանդուն աղերսները և դարձի գալու վերջնական խոստումը:
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին Տիրոջ այգին է (Մտթ 20, 1-16; 21, 33-41; Հվհ 15, 1-5): Հիսուս Քրիստոսն Աստծո ժողովրդի բարի Հովիվն է (Հվհ 10, 1-18): Եկեղեցին նույնպես հալածվում ու թալանվում է իր թշնամիների կողմից, որոնցից վատթարագույնը բաժանումն է: Այս իսկ պատճառով, 80րդ սաղմոսը կարող է մեր աղոթքը դառնալ՝ Աստծուց խնդրելու համար քրիստոնյաների միջև հաշտությունն ու միությունը:
 

 
Կցորդ.   Ես եմ ճշմարիտ որթատունկը, իսկ իմ Հայրը այգեգործն է (Հվհ 15, 1):
կամ.  
Ես որթատունկն եմ, իսկ դուք՝ ոստերը.
ով մնում է իմ մեջ, շատ պտուղ է բերում (հմմտ. Հվհ 15, 5):
կամ.   Դու չես, որ կրում ես արմատին, այլ՝ արմատն է, որ կրում է քեզ (հմմտ. Հռմ 11, 18):
կամ.  
Անհավատարմության պատճառով՝ որոշ ճյուղեր կտրվեցին,
բայց դու պատվաստված ես մնում հավատքի զորությամբ (հմմտ. Հռմ 11, 20):
կամ.   Հոգին և հարսը ասում են. «Ե՛կ»: Եվ ով լսում է, թող ասի. «Ե՛կ» (Հյտ 22, 17):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: «Շուշաններ»ի վրա: Վկայություն:
Ասափի: Սաղմոս:
 
2Ունկն դիր, Իսրայելի Հովիվ,
Դու, որ հոտի նման առաջնորդում ես Հովսեփին
և քերովբեներից վեր՝ բազմում ես գահի վրա.
3հայտնվիր Եփրեմի, Բենիամինի, Մանասեի առաջ,
շուտով վերարթնացրու զորությունդ
և եկ՝ բերելու մեզ փրկությունը:
 
4Ո՜վ Աստված, վերադարձրու մեզ,
հայտնիր Դեմքդ և կփրկվենք:
 
5Տեր, տիեզերքի Աստված,
մինչև ե՞րբ ես բարկացած մնալու
Քո ժողովրդի աղոթքի դեմ:
 
6Դու կերակրում ես մեզ արտասուքի հացով,
առատ արցունքներով հագեցնում ես մեր ծարավը.
7մեզ վեճի ես դնում մեր հարևանների հետ,
մեր թշնամիները ծաղրում են մեզ:
 
8Տիեզերքի Աստված, վերադարձրու մեզ,
հայտնիր Դեմքդ և կփրկվենք:
 
9Խաղողի այգին, որ Եգիպտոսից փոխադրեցիր,
այն տնկեցիր՝ հեթանոսներին արտաքսելով.
10հողն ազատեցիր նրա համար,
արմատներ նետեց և լցրեց երկիրը:
 
11Նրա ստվերը ծածկում էր լեռներին,
ամենաբարձր մայրիներին՝ նրա ոստերը.
12նրա ճյուղերը տարածվում էին մինչև ծովը,
նրա բողբոջները՝ Գետի ուղղությամբ:
 
13Ինչո՞ւ քանդեցիր նրա ցանկապատը,
նրա պտուղները քաղում են ճանապարհի անցորդները.
14անտառի վարազը ապականում է այն,
այնտեղ արածում են դաշտերի գազանները:
 
15Տիեզերքի Աստված, վերադարձրու մեզ,
[հայտնիր Դեմքդ և կփրկվենք]:
 
Նայիր երկնքից և տես,
16այցելիր այս այգին և այն պաշտպանիր.
արմատը, որ Քո աջը տնկեց,
որդին, որին Քո համար հզոր դարձրեցիր.
17ովքեր այն քանդեցին ու այրեցին,
մեռնելու են երեսիդ սպառնալիքի ներքո:
 
18Ձեռքդ թող լինի աջ կողմիդ մարդու վրա,
մարդու որդու վրա, որին Քո համար հզոր դարձրեցիր.
19այլևս երբեք չենք հեռանալու Քեզնից,
վերապրեցրու մեզ և կկանչենք Քո Անունը:
 
20Տեր, տիեզերքի Աստված, վերադարձրու մեզ,
հայտնիր Դեմքդ և կփրկվենք:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։