Սաղմոս 83 [82] - Աստված, համր մի՛ մնա – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 83 [82] - Աստված, համր մի՛ մնա

Ք.ա. 587 թվականին տեղի ունեցած աքսորից հետո, Հին Ուխտի ժողովուրդը կորցնում է իր քաղաքական անկախությունը: Աքսորից վերադարձից հետո Երուսաղեմում հաստատվածները ենթարկվում են հաղթանակած տերությանը և հարևան ժողովուրդների թալանին, իսկ օտար երկրներում ցրված համայնքները մեկից ավելի հալածանքներ են կրում: Շփման մեջ մտնելով հեթանոսական կրոնների ու մշակույթների հետ, հրեաները վտանգված են տեսնում իրենց հավատքը: Նրանց թվում է, որ աշխարհի բոլոր ուժերը դաշնակցել են՝ ոչնչացնելու համար Իսրայելին, այն բանի համար, որ նա կամենում է հավատարիմ մնալ իր կոչմանը՝ լինելու Աստծո ժողովուրդը: Սաղմոսերգուի համաձայն, այդ հալածանքներն ուղղված են անձամբ Տիրոջ դեմ: Նա Ինքն, ուրեմն, պետք է հասկացնի, թե Ինքն ով է, ճզմելով հեթանոսների գոռոզությունը: Աստծո ժողովրդի ներկա հակառակորդներին մաղթվում է նույն դաժան ճակատագիրը այն բազմաթիվ թագավորների, որոնք կամեցել էին նվաճել Իսրայելը դատավորների ժամանակներում: Սաղմոսերգուի աղոթքն, ակնհայտորեն, վրեժխնդրության կոչ է, բայց դրանից ավելի՝ կոչ է Երկնքի միջամտության. ինչպե՞ս կարող է բազմաստվածյան աշխարհը երկրպագել մեկ և ամենակալ Աստծուն, եթե Նա Իր ժողովրդին լքում է հուսահատության գրկում: Բայց հավատավոր ժողովուրդը չի կարող համակամվել նման ոչնչացմանը. դա կնշանակի ընդունել անձամբ Տիրոջ պարտությունը:
 

 
Կցորդ.  
Հավատքի ժայռի վրա եմ կառուցելու իմ Եկեղեցին
և դժոխքի դռները չեն կարողանալու հաղթահարել նրան (հմմտ. Մտթ 16, 18):
կամ.  
Նա, ով գալու է, իր ցորենը հավաքելու է շտեմարանում,
իսկ թեփն այրելու է անմար կրակով (հմմտ. Մտթ 3, 12):

 


 
1Երգ: Սաղմոս: Ասափի:
 
2Համր մի՛ մնա, ո՜վ Աստված,
ո՜վ Աստված, մի՛ մնա խուլ ու անշարժ.
3տե՛ս, թշնամիներդ աղմկում են,
հակառակորդներդ գլուխ են բարձրացնում:
 
4Գաղտնի դավում են Քո ժողովրդի դեմ,
դավում են ընդդեմ Քո ընտրյալների.
5նրանք ասում են. «Արմատախիլ անենք նրանց իբրև ժողովուրդ,
թող մոռացության մատնվի Իսրայելի անունը»:
 
6Միասին խորհում են համաձայնությամբ,
դաշինք են կնքում Քո դեմ.
7Եդոմի և Իսմայելի վրանները,
Մովաբինն ու Հագարինները:
 
8Գեբաղն, Ամոնն ու Ամաղեկը,
փղշտացիները՝ Տյուրոսի ժողովրդի հետ.
9Ասուրը նույնպես դաշնակից է նրանց,
թիկունք է Ղովտի որդիներին:
 
10Արա նրանց ինչպես Մադիանին ու Սիսարային,
ինչպես Հաբինին՝ Կիսոնի հեղեղատում.
11երբ ջախջախվեցին Դովրայում,
դառնալով երկրի պարարտանյութ:
 
12Ոչնչացրու նրանց գլխավորներին ու նրանց մեծերին,
ինչպես Օրեբին ու Զեբին, Զեբեեին ու Սաղմանային.
13նրանք, որ գոչում էին. «Մեզ է պատկանում,
մեզ է պատկանում Աստծո ժառանգությունը»:
 
14Չոր ճյուղերի նման դարձրու նրանց, Աստված իմ,
քամուց ցիրուցան արված թեփի նման.
15ինչպես կրակը, որ այրում է անտառը,
ինչպես հրդեհը, որ կիզում է լեռները.
16այդպես հետապնդիր նրանց Քո մրրիկով
և խռովիր նրանց Քո փոթորիկով:
 
17Անարգությամբ ծածկիր նրանց երեսը,
կփնտրեն Քո Անունը, Տեր.
18վախով բռնված ու սարսափահար,
ստորացած, կմեռնեն ընդմիշտ.
19կիմանան, որ Քո Անունը Տեր է,
միայն Դու ես Բարձրյալը ամբողջ երկրի վրա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։