Սաղմոս 86 [85] - Պարզ սիրտ պարգևիր ինձ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 86 [85] - Պարզ սիրտ պարգևիր ինձ

Այս սաղմոսի մեջ մեզ տպավորում է սաղմոսերգուի հանդարտ ու հավասարակշռված ձայներանգը, որն Աստծուն դիմելու համար գրեթե բացարձակ կերպով գործածում է «Տեր» տիտղոսը:
Այս սաղմոսում գտնում ենք հոգևոր ներանձնական իրավիճակներ ու դիրքորոշումներ, որոնց փորձառությունը մենք նույնպես անկասկած ունեցել ենք. տրտմության ու թախիծի պահին արտասանված մի հրաբորբոք աղերսանք, որին սակայն զորավիգ է կանգնում համոզմունքը, որ Տերը բարի է. մի խոր վստահություն, որ վերածվում է բերկրալի օրհնության. կյանքի ընթացքը շարունակելու համար հարկավոր ուժը Աստծո մեջ գտնելու վստահությունը:
Քրիստոնյաների աղոթքը նույնպես պետք է հոգու անդորրի մեջ լինի, քանի որ նրանք չեն վախենում նրանցից, ովքեր միայն մարմինը կարող են սպանել (Մտթ 10, 28): Քրիստոնյան պետք է ընդունակ լինի գոհություն մատուցելու նաև դժվարությունների մեջ հայտնված ժամանակ, արդարության մեջ հարատևելու՝ հակառակ կրած հալածանքներին, և աղոթելու նրանց համար, ովքեր հալածում են իրեն (Մտթ 5, 11-12.44):
Պողոս Առաքյալը նեղությունների ժամին Աստծո մխիթարության փորձառությունն է ունեցել և ապրել է խաղաղությամբ (2Կր 1, 3-11): Մեզ արդեն տրվել է Աստծո «բարյացակամության նշանը», որը սաղմոսերգուն խնդրում է: Այդ նշանը հարուցյալ Հիսուսն է (Մտթ 12, 38-40; 16, 4), որը Հոր սիրո և ողորմության լիակատար ու վերջնական հայտնությունն է:
 

 
Կցորդ.  
Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի,
որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում (հմմտ. 2Կր 1, 3-4):
կամ.  
Ես մահացել էի, բայց այժմ ապրում եմ հավետ,
և ունեմ մահվան ու դժոխքի բանալիները (հմմտ. Հյտ 1, 18):

 


 
1Աղոթք: Դավթի:
 
Ականջ դիր, Տեր, պատասխանիր ինձ,
որովհետև աղքատ եմ ես ու խեղճ.
2պաշտպանիր ինձ, Աստված իմ, հավատարիմ եմ,
փրկիր ծառայիդ, որ հավատում է Քեզ:
 
3Ողորմիր ինձ, ո՜վ Տեր,
դեպի Քեզ եմ աղաղակում ողջ օրը.
4ուրախացրու ծառայիդ գոյությունը,
Քեզ եմ ընծայում, Տեր, իմ կյանքը:
 
5Դու բարի ես, Տեր, և ընդունակ ես ներելու,
ով կանչում է Քեզ, նրա համար լի ես սիրով.
6լսիր իմ աղոթքը, Տեր,
ուշադիր եղիր աղաչանքներիս ձայնին:
 
7Տրտմությանս օրը աղաղակում եմ Քեզ,
վստահ եմ, կպատասխանես ինձ, Տեր.
8քանի որ աստվածների մեջ ոչ ոք Քեզ նման չէ
և ոչինչ հավասար չէ Քո արարքներին:
 
9Ժողովուրդները, որ կազմավորեցիր, Տեր Աստված,
գալու են՝ պաշտելու Քո երեսը.
ճանաչելու են Անվանդ փառքը,
10որովհետև միայն Դու ես մեծ
և գործում ես հրաշքներ:
 
11Սովորեցրու ինձ, Տեր, Քո ճանապարհը,
կկարողանամ քայլել ճշմարտությանդ մեջ.
պարգևիր ինձ մի պարզ սիրտ,
որ երկնչի Անունիցդ:
 
12Երախտագիտություն եմ հայտնում Քեզ,
Տեր իմ Աստված, ամբողջ սրտով,
հավետ փառավորելու եմ Անունդ.
13մեծ է Քո սերը իմ հանդեպ,
կխլես ինձ դժոխքի խորքերից:
 
14Ո՜վ Աստված, գոռոզ անձինք հարձակվում են վրաս,
բռնավորների մի ոհմակ դավում է ինձ,
Քեզ ոչնչով հաշվի չեն առնում:
 
15Բայց Դու, Տեր, ողորմած և կարեկցող Աստված,
դանդաղ՝ բարկության մեջ,
մեծ՝ սիրով ու հավատարմությամբ,
16դարձիր դեպի ինձ և ողորմիր ինձ,
և ծառայիդ պարգևիր Քո ուժը:
 
Փրկիր աղախնուդ որդուն,
17բարության մի նշան դարձրու ինձ.
թշնամիներս, ստորացած, կտեսնեն,
որ Դու, Տեր, օգնում և մխիթարում ես ինձ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։