Սաղմոս 87 [86] - Քեզնում են մեր ակունքները – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 87 [86] - Քեզնում են մեր ակունքները

Սաղմոսներից ուրիշ ոչ մեկում այսքան լավ պանծացված չէ Սուրբ Քաղաքը, Աստծո կողմից ընտրված Քաղաքը: Այն Հին Ուխտի ժողովրդի սիրտն է: Է՛լ ավելին. Աստված այնտեղ է ստեղծում և իր մատյանում գրանցում բոլոր ժողովուրդների ծնունդը, ներառյալ Իսրայելի ոխերիմ թշնամիները, ինչպիսիք էին Եգիպտոսն ու Ասորեստանը (Եգիպտոսն այստեղ անվանվում է Ռահաբ. տե՛ս նաև Ես 30, 7): Բոլոր ժողովուրդներն ընդունվելու են նրա գրկում, Աստված այն հռչակում է բոլոր մարդկանց մայր: Բազմաթիվ սաղմոսներում ժողովուրդների միջև ընդհարումների և Իսրայելի դեմ հալածանքների հանդիպելուց հետո, ահա ի վերջո մի համանվագ, որի մեղեդին դժվար է մոռանալ: Հիանալի է այն տիեզերական շունչը, որ ներկա է սաղմոսում, և Աստծո կողմից Իր ներկայությանը միավորված մարդկության հեռանկարը: Ճիշտ սա է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կոչումը, որ նոր Երուսաղեմն է, ճշմարիտ «Աստծո Քաղաքը». Եկեղեցին այն թթխմորն է (Մտթ 13, 33; Ղկս 13, 20-21), որ բոլոր մարդկանց մղում է դեպի վերամիավորում:
 

 
Կցորդ.   Ազատ է և մեր մայրն է. վերին Երուսաղեմը (հմմտ. Գղտ 4, 26):
կամ.   Ուրախացեք, որովհետև ձեր անունները գրված են երկնքում (Ղկս 10, 20):
կամ.  
Չկա այլևս ո՛չ հրեա, ո՛չ հույն,
այլ՝ դուք բոլորդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս (հմմտ. Գղտ 3, 28):
կամ.   Եթե դուք պատկանում եք Քրիստոսին, ուրեմն Աբրահամի զավակ եք (Գղտ 3, 29):
կամ.  
Դուք ո՛չ օտարականներ եք, ո՛չ էլ հյուրեր,
այլ՝ սրբերի համաքաղաքակիցներն եք (Եփս 2, 19):
կամ.  
Մոտեցել եք Սիոն լեռանը, կենդանի Աստծո քաղաքին,
երկնային Երուսաղեմին (Եբր 12, 22):
կամ.  
Քաղաքի պարիսպներն ունեն տասներկու հիմքեր,
որոնց վրա գրված են Առաքյալների անունները (հմմտ. Հյտ 21, 14):

 


 
1Կորխի որդիների: Սաղմոս: Երգ:
 
Քանի որ հաստատված է Սրբության լեռների վրա,
2Տերը սիրում է Սիոնի դռները,
ավելի, քան Հակոբի մյուս բոլոր օթևանները.
 
3փառավոր բաներ են քո մասին պատմվում,
ո՜վ Աստծո քաղաք:
 
4«Ռահաբն ու Բաբելոնը դասում եմ
նրանց շարքին, ովքեր ճանաչում են Ինձ.
ահա՛ Պաղեստինը, Տյուրոսն ու Եթովպիան.
այնտեղ է ծնվել նրանցից յուրաքանչյուրը»:
 
5Սիոնի մասին հռչակվելու է.
«Մեկը և մյուսը ծնվել են նրանում,
և Բարձրյալն Ինքն է այն հաստատուն պահում»:
 
6Տերը գրում է ժողովուրդների գրքում.
«Այնտեղ է սա ծնվել».
7և բոլորը միասին պարելով երգելու են.
«Քեզնում են մեր ակունքները»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։