Սաղմոս 88 [87] - Խավարի մեջ, անդնդի խորքում – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 88 [87] - Խավարի մեջ, անդնդի խորքում

Մահվան հանդեպ զգացված տագնապը հազվադեպ է արտահայտվում այսքա՜ն սրտաճմլիկ պատկերներով. բանտ, նավաբեկություն, միայնություն, գիշեր: Սաղմոսերգուն ընկղմվել է ձախորդությունների խորքը և գրեթե հասել է հատակին: Մի՞թե Աստված լքել է նրան: Հավատացյալը մերժում է ընդունել այդ միտքը, որքան էլ որ մեծ է իր թախիծը: Նա իր սրտում խեղդում է ապստամբության որևէ զգացում: Այս սաղմոսը շատ լավ ցույց է տալիս, թե ինչպես էր Հին Ուխտի մարդը պատկերացնում անդրշիրիմյան կյանքը, քանի դեռ հանձինս Հիսուս Քրիստոսի չէր ստացել հարության հույսը և հավիտենական կյանքին վերաբերվող ճշմարտությունների հայտնությունը. «խորը փոսում» (շեոլ) մեռյալներն այլևս հնարավորությունը չունեն հաղորդակցվելու Աստծո հետ, նրանք այլևս լիարժեք անձինք չեն, այլ՝ իրենք իրենց գունատ ստվերները. դա մոռացության երկիրն է: Լինելով մի մարդու աղոթքը, որն ունեցել է մարդկային խեղճության ամենածանր փորձառությունը, այս սաղմոսը աղաղակն է նաև վհատության և հուսահատության շեմին հասած յուրաքանչյուր մարդու:
 

 
Կցորդ.  
Հիսուսն աղաղակեց.
«Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (հմմտ. Մտթ 27, 46):
կամ.  
Մեր վրա ընդունել ենք մահվան դատավճիռ,
ինքներս մեզ չվստահել սովորելու համար (2Կր 1, 9):
կամ.  
Հիսուսի ծանոթները կանգնած էին հեռվում,
նաև կանայք, որ հետևում էին նրան (հմմտ. Ղկս 23, 49):
կամ.  
Ես եմ հարությունը և կյանքը.
ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կապրի (Հվհ 11, 25):

 


 
1Երգ: Սաղմոս: Կորխի որդիների: Երգչախմբի ղեկավարի համար:
«Պարեր»ի վրա: Եղանակելիք: Մասքիլ: Եման Եզրայելացու:
 
2Փրկությանս Տեր Աստված,
գիշեր ու ցերեկ աղաղակում եմ Քո առաջ.
3աղոթքս թող հասնի մինչև Քեզ,
ականջ դիր իմ հեծեծանքին:
 
4Կյանքս հագեցած է չարիքներով,
դժոխքին այլևս մոտ է կյանքս.
5դասվում եմ նրանց շարքին, ովքեր իջնում են փոսի մեջ,
առանց ուժերի մարդ եմ այլևս:
 
6Լքված եմ ննջեցյալների մեջ,
ինչպես գերեզմանի մեջ դրված սպանվածները.
նրանց մեջ, ում այլևս չես հիշում,
ովքեր բացառված և հեռու են ձեռքիցդ:
 
7Նետեցիր ինձ փոսի հատակը,
խավարի մեջ, անդնդի խորքում.
8իմ վրա կշռում է ցասմանդ ծանրությունը,
Դու ինձ ընկղմում ես Քո բոլոր հորձանքներով:
 
9Հեռացնում ես ինձնից իմ ծանոթներին,
ինձ նրանց համար դարձրել ես մի զազրանք.
արգելափակված եմ, առանց ելքի ուղիների,
10աչքս սպառվել է վշտակրությունից:
 
Ամբողջ օրն աղաղակում եմ Քեզ, Տեր,
դեպի Քեզ եմ բարձրացնում իմ ձեռքերը.
11մի՞թե հրաշքներ կգործես ննջեցյալների համար,
մի՞թե նրանց ստվերները ոտքի կկանգնեն օրհնելու Քեզ:
 
12Գերեզմանում կպատմվի՞ սերդ,
հավատարմությունդ՝ կորստյան վայրում.
13հրաշքներդ կճանաչվե՞ն խավարում,
արդարությունդ՝ մոռացության երկրում:
 
14Բայց ես կանչում եմ Քեզ, Տեր,
առավոտյան կհասնի Քեզ իմ աղոթքը.
15ինչո՞ւ ես, Տեր, լքում ինձ,
ինչո՞ւ ես ինձնից թաքցնում Դեմքդ:
 
16Տարաբախտ, մահամերձ եմ մանկությունիցս ի վեր,
ուժասպառ՝ արհավիրքներիդ ծանրության ներքո.
17իմ վրայով անցավ բարկությունդ,
հարձակումներդ քայքայեցին ինձ:
 
18Ամբողջ օրը պաշարում են ինձ ջրի հորձանքի նման,
միասին հարձակվում են վրաս.
19մտերիմներիս ու ընկերներիս հեռացնում ես ինձնից,
խավարն է միայն ընկերակցում ինձ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։